WWF. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՍԱԳՈՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է 1-2 ՀՈՎԱԶ

ԱրմԻնֆո

Հայաստանում որսագողերի կողմից տարեկան ոչնչացվում է 1-2 հովազ: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հաղորդել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Նա նշել է, որ երկրում մնացել է ընդամենը 5-7 առանձնյակ: «2002 թվականից մենք իրականացնում ենք հովազների պահպանման ծրագրեր, սակայն պահպանվող տարածքներից դուրս շարունակվում է դրանց որսը»,- ասել է Մանվելյանը: Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում որսագողության խնդիրը ամենաարդիականն է: Կ.Մանվելյանը նշել է, որ այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ հովազների պահպանման գործում:

«Մոսկվա» կինոթատրոնում բացվել է ֆոտոցուցահանդես, որը նվիրված է Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրվան: «Այդ ցուցահանդեսի շրջանակներում հակաորսագողական խմբերի ֆինանսավորման և նրանց տեխնիկական զինման նպատակով միջոցներ են հավաքվում»,- ասել է նա:

Ցուցահանդեսին ներկայացված է WWF-ի՝ հովազների պահպանման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Մալխասյանի նկարահանած մոտ 80 ֆոտոնկար: «Ֆոտոնկարները ցուցադրում են Հայաստանի հարուստ կենդանական և բուսական աշխարհը: Մենք համոզված ենք, որ ցուցահանդեսը դիտողները նորովի կընկալեն որսագողության խնդրները: Այդ նույն նպատակով մենք կազմակերպել ենք հովազներին նվիրված մանկական աշխատանքների մրցույթ, որի արդյունքում առաջին տեղը գրավել են Հ.Աղաթելյանը և Թ.Մելեյանը»,- հաղորդել է Կ.Մանվելյանը:

Նշենք, որ այսօր «Մոսկվա» կ/թ-ում կայացել է «Որսագողություն» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը, որում տարբեր էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչները գնահատում են այս երևույթը: Ֆիլմի ցուցադրումից հետո մեկնարկել է WWF-Հայաստանի՝ համաշխարհային տաքացման արդյունքների դեմ անտառների պահպանման և վերականգնման միջոցով պայքար մղելու վերաբերյալ ծրագիրը: Դրա շրջանակներում նախատեսվում է Լոռիում 530 հա անտառ տնկել:

Հունիս 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր