

ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստներ Գարիկ Միսկարյանին, Սեդա Գրիգորյանին, Արտյոմ Սադոյանին, ովքեր մասնակցում էին Ֆիզիկայի գիտավանի (Ֆիզգորոդոկի) տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ իրականացվող ակցիային:
2021թ. սեպտեմբերի 14-ին Ֆիզգորոդոկի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց, որը խաղաղ բնույթ էր կրում: Քաղաքապետ Հայկ Մարությանին և ավագանու անդամներին իրենց հետ հանդիպման իջնելու պահանջով և իրենց պատրաստած փաստաթուղթը փոխանցելու նպատակով ակտիվիստները փակել էին քաղաքապետարանի դիմացի փողոցը: Նրանք իրենց պատրաստած փաստաթղթով, մասնավորապես, պահանջում էին անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը, տրամադրել տարածքի կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթն ու վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը:
Քիչ անց, սակայն, ոստիկանները հրելով ու քաշքշելով հեռացրել էին բողոքի ակցիայի մասնակիցներին ճանապարհի երթևեկելի հատվածից: Հերթական անգամ ոստիկանությունը ոչ իրավաչափ է գործում՝ խախտելով քաղաքացիների ազատ ինքնարտահայտման իրավունքը:
Ոստիկանները բերման են ենթարկել նաև Ֆիզգորոդոկի բնակիչ, արդեն 20 օր հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին, ով փորձել է խոչընդոտել ծանր տեխնիկայի համար թեքահարթակի կառուցման աշխատանքներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բերման ենթարկելուց ժամեր անց ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: ««Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Մասնավորապես, հայտնի է, որ հանդիպում է տեղի ունեցել Գարիկ Միսկարյանի հետ:
«Նրանք բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների: Այնուհետ, ավագանու անդամներն իջան: Ասացին, որ բարձրաձայնել են այս խնդրի մասին, և բանավոր պայմանավորվածություն կա շինարարության աշխատանքները դադարեցնելու մասին: Ավագանու անդամները խոստացան զբաղվել այս գործով»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ֆիզգորոդոկի բնակիչ Լուսինե Գրիգորյանը:
Մինչ բանավոր խոստումներ ու պայմանավորվածություններ են տրվում, Ֆիզգորոդոկում բազմահարկ շենքի կառուցման համար «Ռատկո» ՍՊԸ-ն շինհրապարակում ակտիվորեն վնասում ու ոչնչացնում է տարածքում աճող բազմամյա ծառերը: Անտարբեր է թողել պատկան մարմիններին ևս մեկ իրողություն՝ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ են, որոնցից մեկն այսօր անցել է ջրադուլի։
Քաղաքապետարանը տարածքում շինարարությունն արգելելու կամ կասեցնելու կոնկրետ քայլեր չի ձեռնարկում: Բնակիչների բողոքի ակցիաների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հարուցումից հետո Երևանի քաղաքապետարանը հրահանգել էր կասեցնել շինարարությունը՝ մինչ գործի քննության ավարտը։ Սակայն շինարար ընկերությանն այդ բանավոր կասեցումը չի խանգարում ամեն օր քանդել ու ավիրել տարածքն ու ծառերը:
Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ԷկոԼուրին հայտնեց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը (քննիչը) առաջարկություն է ուղարկել քաղաքապետարան՝ կասեցնելու շինթույլտվությունը: «Քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է առաջարկության մեջ ներկայացված հիմքերը, որից հետո համապատասխան որոշում կկայացվի: Նշեմ նաև, որ նախաքննության մարմինն՝ ինքը, իրավասու է ուղղակիորեն կասեցնել շինարարության հետ կապված գործողությունները»,- նշեց նա:
ՀՀ դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանն էլ ասաց, որ քննիչը երկու անգամ գրություն է ուղարկել քաղաքապետարան նշված քրեական գործի առնչությամբ: Հակոբ Կարապետյանի դիտարկմանը, թե նախաքննական մարմինը նույնպես կարող է կասեցնել շինարարությունը, Արևիկ Խաչատրյանն արձագանքեց. «Քննչական մարմինը չի կարող կասեցնել շինարարությունն առանց հիմքի: Այդ հիմքը պետք է մեզ տրամադրի Երևանի քաղաքապետարանը»,- ասաց նա:
Սեպտեմբեր 14, 2021 at 16:21