ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» «Երիտասարդական» կայարանում բույսերի և բուսաբանական այգու վերաբերյալ փաստերով պաստառներ է տեղադրել: «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավը մեկնարկել է ապրիլի 7-ին և կտևի մինչ ապրիլի 21-ը: Այս մասին տեղեկացնում է Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը (Երևանի բուսաբանական այգի) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸն, ս.թ. ապրիլի 7-21-ը իրականացնում են «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավ։ Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ աճեցվում, հետազոտվում և պահպանվում են ավելի քան 1500 բուսատեսակ ամբողջ աշխարհից: Սակայն մեր ոչ բոլոր համաքաղաքացիներն են իրազեկված այգու գործունեության, որպես Երևանի «կանաչ թոքեր» և բույսերի բազմազանության ու կենդանի հավաքածուների պահպանավայր լինելու մասին: Այս արշավի նպատակն է բարձրացնել մեր համաքաղաքացիների իրազեկվածության մակարդակը բուսաբանական այգիների դերի, գործունեության և նշանակության վերաբերյալ: Արշավի շրջանակներում Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կփակցվեն տեղեկատվական պաստառներ, որոնք կներկայացնեն բույսերի և բուսաբանական այգու վերաբերյալ հետաքրքիր փաստեր, ինչպես նաև կկահավորվի ծաղկամանների մեջ աճեցված Բուսաբանական այգու բույսերով մի փոքր անկյուն»:
Ապրիլ 10, 2023 at 11:43