2023թ. մարտի 30-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Քաղաքացիների իրավունքը՝ ապրելու մաքուր և առողջ շրջակա միջավայրում» թեմայով կլոր սեղան:
Այս հրապարակման մեջ ներկայացված է Երևանի քաղաքապետարանի և «Կանաչ քաղաք»ծրագրի փորձագետների արձագանքը «Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը և դրա իրականացումը» հաշվետվության արդյունքների վերաբերյալ:
Քննարկումը կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում՝ CEE Bankwatch Network միջազգային ցանցի աջակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, CEE Bankwatch Network միջազգային ցանցի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նորա Մարտիրոսյան. ««Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» շնչող փաստաթուղթ պետք է լինի, պարբերաբար վերանայման ենթակա, որում պետք է արտացոլվեն արդեն իսկ կատարված աշխատանքները, ներառվեն նորերը, տրվի ֆինանսական գնահատական, մատնանշվեն այն կառույցները, որոնք ներգրավված են լինելու գործընթացում: Սա կօգնի ավելի հեշտ հասնելու նախանշված արդյունքներին: Ծրագիրը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) համաձայնվել է այս մոտեցմանը, դիտարկում են իրենց աջակցությունը «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերանայման, թարմացման գործընթացում: ՎԶԵԲ-ին արդյունքային ցուցանիշները ներկայացնելուց հետո ավելի առարկայական կդառնան այդ քննարկումները:
Երևանի աղբավայրի հարցով ներգրավված է խորհրդատվական ընկերություն, որը ներկայում վերանայում է նախկինում արված տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության արդյունքները: Նախնական հաշվետվություն ունենք: Ամենակարևորը, ընկերությունը պետք է հստակ ներկայացնի, թե որ աշխատանքներն են իրատեսական ու անհրաժեշտ: Դրանից հետո արդեն կմեկնարկի նախագծային ու մրցութային գործընթացը»:
Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գորիկ Ավետիսյանը՝ Երևանի օդի մասին. «2022թ. օգոստոսին տեղադրել ենք 5 մոնիթորինգային սենսորներ, որոնց նպատակը տրանսպորտային աղտոտիչների, փոշու և ազոտի երկօքսիդի ուսումնասիրությունն է: Ունեցել ենք երկու ամսվա տվյալներ՝ հինգ կայաններից չորսն ունեցել են բավարար, մեկը՝ լավ միջակայքում է եղել տվյալը: Մեր կայաններում չափումներն իրականացվում են 10 րոպեն 1 պարբերականությամբ: Հիդրոմետ կայանների տվյալներն իրականացվում են այլ մեթոդաբանությամբ: Ձմեռային ամիսներին մեր տվյալները նույնպես վատ և անբավարար ցուցանիշների միջակայքում էին: Դեռևս կայանները քիչ են, ներկայացուցչական չեն ամբողջ Երևանի համար: Ներկայում բանակցում ենք Ճապոնիայի դեսպանատան հետ: Մեզ տրամադրելու են ևս 5 կայան: Դրանք կարգաբերելու են տվյալները, ավելի ճշգրիտ կլինեն: Այդ ժամանակ արդեն Երևանի օդի որակի ինտերակտիվ քարտեզը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում»:
Գորիկ Ավետիսյանը Երևանի կանաչ տարածքների մասին. «Շատ տարածքներ ընդգրկված են կանաչ տարածքներում, սակայն դեգրադացված են և որակական տեսանկյունից վատ վիճակում են: Երբ դրանք վերականգնում ենք, ստացվում է, որ նոր տարածք չի ավելանում, բայց վերականգնում է տեղի ունենում: Կանաչ տարածք զրոյից չի ստեղծվել, բայց բարեկարգվել է կանաչ գոտին»:
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի կենսաբազմազանության, էկոհամակարգերի և հողօգտագործման փորձագետ Դշխուհի Սահակյան. «Երևանն առաջին քաղաքն էր, ով ուներ նման փաստաթուղթ, քայլերը մեզ պարտադրված էին մեթոդաբանությամբ: Իհարկե կար հնարավորություն անելու որոշակի փոփոխություններ: Ինչու ենք հաջողել էներգետիկ ոլորտում և չենք հաջողել կանաչապատման ոլորտում, որովհետև մենք հաջորդական քայլերը նախանշելով չենք գնացել այդ քայլերի հետևից:
Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում ներառված նախաձեռնություններից էր «Երևանի Փոքր կենտրոնի մասին» ՀՀ օրենքը: Այն մտավ Ազգային Ժողով և այնտեղ մնաց: Չկա քաղաքական կամք այն ընդունելու, որովհետև օրենքն ընդունվելու պահից դադարեցվելու է Երևանի Կենտրոնի կառուցապատումը:
Մշակվել է կանաչ տնտեսության ռազմավարությունը, որտեղ մանրամասն բոլոր ոլորտները ներկայացվել են: Դեռևս հայեցակարգը քննարկման փուլում է»:
Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյան. «Իրականում ավելի շատ են իրականացված աշխատանքները: Երևանը 2022թ. Բաց կառավարման գործընկերության նախաձեռնությանն անդամակցելու շրջանակում ստանձնել է պարտավորություն մինչև 2024թ. տարեվերջ ստեղծել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքին ինտեգրված «Կանաչ զարգացում» (Green development) հարթակ, որտեղ լիարժեք, համալիր տեղեկատվություն կկարողանանք գտնել և՛ օդի աղտոտվածության, և՛ կանաչ տարածքների և արդյունավետ էներգախնայող ծրագրերի, և՛ վերականգնվող էներգիայի կիրառման վերաբերյալ ծրագրերի մասին»:
Էներգախնայողության աջակցության հիմնադրամի տնoրեն, Երևանի «Կանաչ Քաղաքի» գործողությունների ծրագրի ազգային թիմի համակարգող Աստղինե Պասոյանը նշեց, որ «Կանաչ քաղաքներ» ծրագրի բաղադրիչների իրականացման պատասխանատվությունը միայն Երևանի քաղաքապետարանի վրա չէ դրված, այլև՝ մյուս գերատեսչությունների, ինչպես օրինակ նախարարությունների: Ըստ նրա՝ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կոորդինացնել աշխատանքները բոլոր ուղղություններով:
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը բարձրացրեց ծրագրում գենդերային բաղադրիչը ներառելու հարցը, ինչին ի պատասխան նշվեց, որ տրանսպորտի ոլորտում նման խնդիր կա: CEE Bankwatch Network միջազգային ցանցի hամայնքի աջակցության համակարգող Մարիամ Պացացիան արձագանքեց, որ Վրաստանում նույնպես նման խնդիր կա: «Կանաչ ծրագրի» շրջանակում Վրաստանում հաջողվել է վերապատրաստել ավտոբուսի կին-վարորդների, այդկերպ ըստ ավանդույթի տղամարդկանց համար նախատեսված աշխատանքում ներգրավվել են կանայք: Սակայն դա իր հերթին մեկ այլ խնդրի՝ սեռական ոտնձգության, առաջ է մեզ կանգնեցրել: Փաստացի, կին վարորդների 30%-ը ենթարկվել է սեռական ոտնձգության»,- նշեց նա:
Դիտարկումներով ու լրացումներով հանդես եկան նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Ապրիլ 07, 2023 at 15:50