«Այգ-1» արևային կայանը կկառուցվի Թալինի և Դաշտադեմի արոտավայրերում

«Այգ-1» արևային կայանը կկառուցվի Թալինի և Դաշտադեմի արոտավայրերում

2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ին, Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, այնուհետ, ժամը 14:00-ին՝ Թալին խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան 200 Մվտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (ՇՄԱԳ) վերաբերյալ հանրային քննարկումները (4-րդ փուլ)։ 

«Այգ-1» արևային կայանը կառուցվելու է Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Թալին և Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքներում: Էլեկտրակայանը կզբաղեցնի 547.31 հա հողատարածք: 

Կայանի կառուցման նպատակով Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 169.8614 հա և Դաշտադեմ համայնքի սեփականություն հանդիսացող 377.4495 հա հողամասերը նվիրաբերվել են Հայաստանի Հանրապետությանը, որից հետո գույքերը համալրվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում, որը «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում ունի 15% բաժնեմասնակցություն: Բաժնետոմսերի 85%-ը պատկանում է «Մասդար» ընկերությանը:

Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ հայցվող տարածքն ամայի հողակտոր է, որտեղ գործնականում բացակայում է բուսականությունը: «Հայցվող տարածքը հիմնականում արոտավայր է: Այն օգտագործվում է համայնքի մի մասի կողմից միայն իրենց անասունների արածեցման համար, սակայն բուսականության բացակայության պատճառով արածեցման արժեքը շատ նվազագույն է»,- նշված է հաշվետվության մեջ:

Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել է նաև սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն շահառու համայնքների 80 տնային տնտեսություններում Թալին, Դաշտադեմ, Աշնակ, Կաթնաղբյուր բնակավայրերում: Ըստ հարցման արդյունքների՝ ֆերմերների 80%-ը օգտվում է Ծրագրի տարածք հանդիսացող արոտավայրերից: 

Ըստ փաստաթղթի՝ կայանի մոդուլների, օժանդակ շինությունների, շինհրապարակի ու ճանապարհների շինարարության ընթացքում կվնասվի ընդամենը 157 հա տարածք։ Հանվող բերրի շերտի ծավալը կկազմի 14950 խմ: Այն պահեստավորվելու է արևային կայանի տարածքի եզրամասում, հատուկ կահավորված պահեստում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո շինարարական ճամբարները պետք է ապամոնտաժվեն և լանդշաֆտը պետք է վերականգնվի:    

«Այգ-1» կայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025թ.: Կայանը կգործի 25 տարի:

Կայանի շինարարության աշխատանքներում աշխատուժի քանակը միջինում կլինի 249, առավելագույնը՝ 668: Ըստ նախնական հաշվարկների՝ մշտական անձնակազմը կկազմի 10-12 մարդ։ 

Թափոններ

ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ արևային կայանի շինարարության ընթացքում հիմնական առաջացող թափոնների տեսակներն են՝ ավազը, կոպիճը, բետոնը, մետաղյա ջարդոնը, ապակին, պլաստմասան (պոլիէթիլենը), փայտը, փաթեթավորող նյութերը, ինչպես նաև շինարարության բանվորների առաջացրած թափոնները։ 

Շահագործման փուլում մոդուլների ծառայման ժամկետը սպառվելուց հետո կամ դրանց վնասման դեպքում կկատարվի այդ մոդուլների ապամոնտաժում։ Նշված մոդուլների թափոնը ներառված չէ ՀՀ բնապահպանության /ներկայում՝ շրջակա միջավայրի/ նախարարի 26․10․2006թ․ N342-Ն հրամանով հաստատված ցանկում։ Թափոնների քանակները կարելի է որոշել կայանի շահագործման ընթացքում՝ փաստացի տվյալների հիման վրա։ Տվյալների վերլուծության հիման վրա կկազմվի թափոնի անձնագիր և կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման։ «Ներկա պահին ՀՀ-ում չկան արևային մոդուլների թափոններ վերամշակող լիցենզավորված կազմակերպություններ։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում վտանգավոր թափոնների բնագավառում քաղաքականությունը մշակում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում լայնորեն սկսել են տեղադրել արևային կայաններ, ենթադրվում է, որ մոտ ապագայում կստեղծվեն դրանց օգտահանման հնարավորություններ։ Արևային մոդուլները հետագա օգտահանումը/կիրառումը/ուտիլիզացիան կիրականացվի շահագործման ավարտին գործող ՀՀ օրենսդրական կարգավորումների հիման վրա»,- նշված է հաշվետվության մեջ։ 

Ըստ հաշվետվության՝ նախատեսվում է տեղադրել 550-620 Վտ հզորությամբ 450 հազար հատ երկկողմանի վահանակ: Նշենք, որ «Այգ-1» արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համաձայն՝ նախատեսվում էր 500 հազար հատ վահանակ տեղադրել:

Օդի որակ և փոշի

Հողային աշխատանքների, տրանսպորտային միջոցների և մեքենասարքավորումների օգտագործման հետևանքով կարող է առաջանալ օդի աղտոտվածություն։ Ակնկալվում է, որ տվյալ ազդեցությունը տեղայնացված կլինի և չի հասնի համայնքներ։ Արտանետումների քանակը շինարարական աշխատանքների արդյունքում կկազմի 72․8 տ: «Այգ-1» արևային կայանի շինարարության ընթացքում առաջացող արտանետումներից տնտեսական վնասը գնահատվում է 735 հազար 689 դրամ: 

Ջուր

Ջուրը ծրագրի շահագործման փուլում կօգտագործվի տեղում տարբեր գործողությունների համար, ինչպիսիք են ֆոտովոլտային վահանակների մաքրումը: Լվացումը նախատեսված է կատարել առավոտյան ժամերին, քանի որ տաքացած պանելները սառը ջրի հետ հպումից կարող են վնասվել։ Ըստ նախնական հաշվարկների՝ ջրի օրական ծախսը կկազմի 270 լ։

Կենսաբազմազանություն

Իրականացված դաշտային այցելություններով, ինչպես նաև առկա գրականական տվյալների համադրմամբ և նույնականացմամբ հաստատված է, որ հայցվող տարածքում և մերձակա տարածքներում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ կարմիր գրքում կամ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակներ չեն հայտնաբերվել: Հայցվող տարածքում չկան նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ:  

Կայանի համար հայվցող տարածքում ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված տեսակներից բուն տարածքում առկա 7 թռչուններից միայն մեկ տեսակ՝ Սպիտակափող սոխակը, կարող է դասակարգվել որպես բնադրող: Այն տարածքը, որը հետագայում կզբաղեցնի արևային էլեկտրակայանը, հիմնականում սննդի որոնման վայր էր շատ հայտնի թռչունների տեսակների համար: Կայանի կառուցման և շահագործման ընթացքում նրանք որոշ չափով կտեղափոխվեն հարևան տարածքներ, ապա նորից հետ կվերադառնան ու նորից կօգտագործեն: 

Հիմնականում մշակվող տարածք են ընկնում կրծողների ներկայացուցիչներ, որոնք կայանի շինարարության ավարտից և շահագործման հանձնելուց հետո կվերադառնան և նորից կհաստատվեն այստեղ։  Սողունների և երկկենցաղների ներկայացուցիչները գործնականում չեն հանդիպել զարգացման հիմնական տարածքում։ Դրանք հիմնականում կենտրոնացել են ձորերի և փոքր ժայռային ելքերով և քարերի ցրված բնակավայրերում: Ամփոփելով վերը նշվածը՝ միանշանակ կարող ենք ասել, որ արևային կայանի համար տարածքի զարգացումը շոշափելի վնաս չի հասցնի այստեղ ապրող ողնաշարավորներին»,- նշված է ՇՄԱԳ հաշվետվության մեջ: 

Պատմամշակութային միջավայր 

Ըստ հաշվետվության՝ ուսումնասիրված տարածքում և հարակից տեղամասերում առկա են 20 տեսակի կամ տիպի հուշարձաններ: Ժամանակագրական առումով դրանք բաժին են ընկնում ստորին պալեոլիթից (ուշ աշելյան դարաշրջան, մեզանից առաջ 500 հազար տարի) մինչև ուշ միջնադար: «Նախագծի իրականացումն անկասկած բացասական ազդեցություն է ունենալու վերը նկարագրված պատմական և մշակութային լանդշաֆտի վրա և անհրաժեշտ է լինելու կիրառել մեղմացնող միջոցառումներ գրանցված միավորների պատմամշակութային արժեքը փրկելու համար: Այն միավորները, որոնք տարածվում են նախագծի իրականացման որոշված սահմանների մեջ կրելու են ուղղակի ազդեցություն արևային կայանի շինարարության ընթացքում, մինչդեռ այն միավորները, որոնք տեղադրված են նախագծի իրականացման սահմանների մոտակայքում կարող են կրել ոչ ուղղակի ազդեցություն: Վերջինս նշանակում է, որ նշված երկրորդ կատեգորիան (ոչ ուղղակիորեն ազդվող միավորները) մասամբ կորցնելու են իրենց պատմաաշխարհագրական միջավայրը, չնայած նրան, որ ֆիզիկապես կարող են և ամբողջական մնալ»,- նշում են հեղինակները: 

Հաշվետվության հեղինակները դաշտային ուսումնասիրությունների ընթացքում փաստագրել են պատմամշակութային արժեք ունեցող 253 միավոր, որոնց պահպանական կամ դրանց վրա ազդեցության մեղմացման հատուկ միջոցառումներ պետք է իրականացվեն: Միևնույն ժամանակ հաշվետվությունը կուղարկվի Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն՝ այն համաձայնեցնելու և նախարարության դիրքորոշումը ստանալու համար: Դրանից հետո անհրաժեշտ կլինի ստեղծել և հաստատել Հնագիտական աշխատանքների մանրամասն պլան, որտեղ արտացոլված կլինեն փրկարարական միջոցառումների ժամանակացույցը և իրականացման համար անհրաժեշտ միջոցները՝ ծրագրի կատարման կարիքներին և չափորոշիչներին համապատասխան: 

Համայնքի զարգացման ծրագիր

«Այգ-1» ծրագրի շրջանակներում մշակվում է Համայնքի զարգացման ծրագիր (ՀԶԾ): Արոտատեղիները կորցրած բնակիչներին փոխհատուցման նպատակով Ծրագրի շրջանակում կիրականացվեն տեղական համայնքների կենսագործունեության պայմանների վերականգնման միջոցառումներ: Ըստ հաշվետվության՝ նախատեսվում է 600 հազար ԱՄՆ դոլարի հատկացում Թալին և Դաշտադեմ համայնքներին սոցիալական զարգացման ծրագրերի համար:

Ընկերությունը նաև նախատեսում է հետևյալ մեղմող միջոցառումներն իրականացնել՝

- Կանաչապատել վնասված տարածքները, վերանորոգել մուտքային ճանապարհները, աշխատողների ճամբարը, տարածքում տնկել տեղանքին հատուկ բուսատեսակներ: Միջոցառումը ներառված է շինարարության ծախսերում:

- Արևային կայանի շուրջը կազմակերպել պաշտպանող կանաչ գոտի: Սրա համար կտրամադրվի 30,000 դոլար, և այն կիրականացվի շինարարության փուլից հետո:

- Բնիկ խոտի/թփերի տեսակների վերացանում/վերատնկում աշտարակի տեղամասերում: Միջոցառումը կիրականացվի շինարարության փուլում, հատկացվել է 30,000 դոլար:

- Թափոնների կառավարման պլանի մշակում ԲԱԱ Կառավարման պլանի շրջանակներում: Այս միջոցառման համար նախատեսվել է 5,000 դոլար:

- Պահել բոլոր վտանգավոր թափոնները (օր.` յուղ, վառելանյութ, արտահոսքերից աղտոտված հող և այլն) համապատասխան կազմակերպված պահեստներում:

 - Նախատեսվում են նաև մշտադիտարկման միջոցառումներ:

Բողոքարկման մեխանիզմ

Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ հանդիպումներից բացի, բոլոր շահագրգիռ կողմերը, համայնքի անդամները և շահագրգիռ կողմերը կարող են առաջարկներ, մտահոգություններ, հարցեր կամ բողոքներ ներկայացնել Ծրագրին կամ Energy Advisory-ին կամ Alvus ESG Consulting-ին առաջարկների տուփերի միջոցով կամ Ծրագրի խորհրդատուներին: «Ծրագիրը ստեղծել է բողոքարկման մեխանիզմ՝ ապահովելու, որ բոլոր մեկնաբանությունները գնահատվեն և պատասխանվեն: Շրջակա միջավայրի վերաբերյալ բողոքները լուծելու գործընթացը, որը կարող է առաջանալ ծրագրի իրականացման ընթացքում, բողոքների լուծման մեխանիզմն է, որը կհիմնվի յուրաքանչյուր համայնքում, որտեղ իրականացվելու են ծրագրի տարբեր բաղադրիչները»,- նշված է փաստաթղթում: 

Մարտ 31, 2023 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր