Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 169.8614 հա ընդհանուր մակերեսով 9 հողամաս նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման համար: 2023թ. մարտի 2-ին գործադիրի նիստում ընդունված որոշմամբ նվիրաբերված հողամասերը որպես պետական սեփականություն կամրացվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ հողամասերով կհամալրվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը, որը «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում ունի 15% բաժնեմասնակցություն: Բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը:
Նշենք, որ Թալին համայնքի ավագանին169.8614 հա ընդհանուր մակերեսով հողատարածքի նվիրաբերության մասին N 11-Ա որոշումն ընդունեց սույն թվականի փետրվարի 28-ին 16 կողմ, 6 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ավագանու 1 անդամ էլ չի քվեարկել:
Ըստ որոշման հիմնավորման՝ «Այգ 1» կայանի կառուցման արդյունքում կստեղծվեն զգալի թվով աշխատատեղեր՝ ամսեկան մոտ 150․000 – 200․000 դրամ աշխատավարձով: «Զարկ կտրվի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգիայի ծրագրին, համայնքի բյուջե կվճարվի մոտավորապես 700 միլիոն դրամ, որը հնարավորություն կտա իրականացնել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված տարբեր ծրագրեր»,- նշված է ավագանու որոշման հիմնավորման մեջ:
Նշենք, որ «Այգ-1» կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ և Աշնակ բնակավայրերի շրջանում: Կայանը պետք է զբաղեցնի 560 հա հողատարածք: Կառավարության 2021թ. հունիսի 18-ի թիվ 1021-Ա որոշմամբ Դաշտադեմ համայնքի սեփականություն հանդիսացող 377.4495 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը նույնպես նվիրաբերվել են կայանի կառուցման համար:
Մարտ 03, 2023 at 16:21