

Հայաստանի տնային տնտեսությունների 58.6 տոկոսը չի կարողանում իր կացարանը բավարար չափով ջեռուցել ցուրտ ամիսներին և, ըստ Եվրոստատի սահմանման, կարող է համարվել էներգետիկ աղքատ։ Էներգիայի սպառման փոքր ինտենսիվությունը մեծապես պայմանավորված է բնակչության կենսամակարդակով։ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով էներգիայի վերջնական սպառումը տնային տնտեսությունների հատվածում շուրջ 2 անգամ փոքր է ԵՄ-28 երկրների միջինից և եվրոպական ընտանիքի 38 երկրների շարքում մեծ է ընդամենը վեց երկրների նույն ցուցանիշից։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 398-Լ որոշմամբ հաստատված «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրում»:
Հայաստանում էներգետիկ աղքատությունը կարող են խորացնել կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունները և ներդրումները՝ նպաստելով էներգիայի սակագնի աճին: Այս մասին նշված է «Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է «Էներգետիկ աղքատություն» հասկացությանը տալ իրավական սահմանում, իրավական դրույթները ներառել իրավական փաստաթղթերում, սահմանել բնորոշող ցուցիչները, իրականացնել գենդերային տարբերակված տվյալների գնահատում, հաշվառում և քարտեզագրում: «Դա կնպաստի կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների և առնչվող պետական քաղաքականությունները մշակելիս և իրագործելիս գնահատել դրանց ազդեցությունը վերջնասպառողի վրա, թիրախավորել խոցելի խմբերը, մշակել ֆինանսական աջակցության ծրագրեր, բարելավել էներգետիկ ծառայությունների մատուցումն աղքատ տնային տնտեսությունների և կանանց համար: Դիտարկել էներգետիկ աղքատության բաղադրիչը էներգակիրների սակագները սահմանելիս՝ մեթոդոլոգիաների հնարավոր վերանայմամբ», - նշված է փաստաթղթում։
Էներգետիկ աղքատության տեսանկյունից ամենախոցելի խմբերից են կանայք: «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ Էներգետիկ համակարգի անկայունությունը, էներգամատակարարման հնարավոր խափանումները, էներգետիկ ծառայությունների հասանելիության խնդիրները կանդրադառնան տնային տնտեսությունների վրա և կարող են ավելացնել բեռը կանանց վրա»,- նշված է փաստաթղթում: Ի թիվս մի շարք միջոցառումների առաջարկվում է զարգացնել կանանց կարողությունները և ներգրավվածությունը կայուն էներգետիկ լուծումներում՝ նպաստելու էներգետիկ աղքատության կրճատմանը։ «Կանայք վճռորոշ են հարմարվողականության մեխանիզմների հաջող իրականացման համար, հատկապես տնային տնտեսության մակարդակում: Էներգաարդյունավետ ջեռուցման, խոհարարության, ջրի տաքացման, էլեկտրական սարքավորումների օգտագործման և լուսավորության համար, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների անցման գործում ցանկության և գիտակցության պարագայում կանայք մեծ ներուժ ու դեր ունեն։ Իրազեկումը, ներգրավվածությունը և ուսուցումը հաջող հարմարվողականության մեխանիզմների կարևոր կողմերն են», - նշված է փաստաթղթում։
Ըստ նախատեսված միջոցառումների՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում պետք է իրականացվի՝
- Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող Էներգետիկ աղքատության վերաբերյալ իրավական ակտի ընդունում՝ բնորոշող ցուցիչների սահմանմամբ
- Գնահատման և գենդերային տարբերակված տվյալների հավաքագրման մեխանիզմի սահմանում
- Գենդերային տարբերակված տվյալների հավաքագրում և գնահատում
- Էներգետիկ աղքատ էներգասպառողների հաշվառում՝ ըստ սեռի, տնային տնտեսության և քարտեզագրում։
«Հաշվառումը հնարավորություն կտա կլիմայի փոփոխության հարմարվողականության, մեղմման և առնչվող պետական քաղաքականությունները մշակելիս և իրագործելիս թիրախավորել խոցելի խմբերը, մշակել ֆինանսական աջակցության ծրագրեր, բարելավել էներգետիկ ծառայությունների մատուցումն աղքատ տնային տնտեսությունների և կանանց համար», - նշված է փաստաթղթում:
Այս գործողությունները գնահատվել են 25,000,000 ՀՀ դրամ, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով։
Փետրվար 13, 2023 at 16:55