

2023թ. հունվարի 31-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության: ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ Ձորագետ գետը պետք է դուրս բերվի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այն գետերի ցանկից, որոնց վրա արգելվում է փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրել:
«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել ՀՀ կառավարության «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 08.04.2021թ. թիվ 488-Ն որոշմանը կից հավելվածի 19-րդ կետը՝ Դեբեդ գետի Ձորագետ վտակը նախատեսող դրույթը:
«Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն մտադիր է Ձորագետ գետի վրա կառուցել «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանները:
Դատական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ձորագետի՝ ՀՀ կառավարության 488-Ն որոշման գետերի ցանկում ընդգրկվելու պատճառը եղել է ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակի առկայությունը:
Ըստ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ ՀՀ կառավարության վիճարկվող որոշումն անհիմն է, ընդունված է հիմքում ունենալով որևէ ապացուցողական արժեք չունեցող և որևէ հատուկ գիտելիք պահանջող հետազոտությամբ չհիմնավորված գրության մակարդակի մի փաստաթուղթ։ «…քննարկվող գրության մեջ պարզորոշ կերպով զետեղված տվյալների արժանահավատությունն է հարուցում կասկած, քանի որ Կարմիր գրքում գրանցված կոնկրետ ձկնատեսակի փոխարեն, նշված է «քառթակ», որը հանդիսանում է այլ ձուկ և գրանցված չէ Կարմիր գրքում»,- մասնավորապես գրել է դիմումատուն։
Պատասխանողը՝ ՀՀ կառավարությունը, մասնավորապես, նշել է, որ Ձորագետ վտակը որոշման ցանկում ներառվելու համար հիմք են հանդիսացել ՀՀ Կարմիր գիրքը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկակական պետական մանկավարժական համալսարանի կողմից ներկայացված գրությունները: Հայտնել է, որ ՀՀ Կարմիր գրքում որպես անհետացող տեսակ գրանցված է միայն Քուռի Քառթակը, Քառթակի մյուս տեսակները Կարմիր գրքում գրանցված չեն: Նշել է. «Գիտական կենտրոնի գրության մեջ նշված է «Քառթակը», որի լատինական անվանումը համապատասխանում է Կարմիր գրքում նշված «Քուռի քառթակի» լատինական անվանմանը, բացի այդ, գրության մեջ 5-րդ կետում նշված է՝ «Դեբեդ գետի Ձորագետ վտակ, այս գետում գրականության մեջ արձանագրված ձկներից ՀՀ Կարմիր գրքում, որպես վտանգված տեսակ գրանցված է քառթակը Gobio persus Gunter 1899 (ՀՀ Կարմիր գիրք, 2010)»:
ՀՀ վարչական դատարանը ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից պահանջել է տեղեկություններ և ապացույցներ՝ հետևյալ հարցերի վերաբերյալ.
-արդյո՞ք Ձորագետ գետի ձկների տեսակային կազմի որոշման աշխատանքների կատարման մասին 17.06.2021 թվականին կազմված հաշվետվության հիմքում ընկած 2010-2019 թվականներին կատարված ուսումնասիրություններից հետո՝ մինչև 02.04.2020 թվականի թիվ 2459-50 գրության կազմման օրը, Դեբեդ գետի Ձորագետ վտակում իրականացվել են հետազոտություններ` ՀՀ կարմիր գրքում՝ որպես վտանգված տեսակ գրանցված քառթակ ձկնատեսակի առկայության վերաբերյալ, թե ոչ.
- եթե այո՝ ներկայացնել հետազոտությունների արդյունքները.
- ներկայացնել 02.04.2020 թվականի թիվ 2459-50 գրության 5-րդ կետը նշելու հիմքերի վերաբերյալ ապացույցներ:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 16.02.2022 թվականի թիվ 2459-25 գրությամբ՝ ի պատասխան ՀՀ վարչական դատարանի 17.01.2022 թվականի ապացույց պահանջելու որոշման, հայտնել են. «Մեր կողմից տվյալ ժամանակահատվածում նպատակային նմանատիպ հետազոտություններ իրականացնելու որևէ պատվեր կամ անհրաժեշտություն չի եղել և չի իրականացվել։ Սակայն մենք ուսումնասիրել ենք գրականական տվյալները, որում քառթակի տեսակը հստակեցված չի եղել։
(…) որպես հիմք ընդունել ենք ՀՀ կենդանիների կարմիր գիրքը (2010), ինչպես նաև կարմիր գրքում ցիտված գրականությունները (կից ներկայացվում է ՀՀ կենդանիների կարմիր գիրքի մեջբերումը նկարի տեսքով)։ Անդրադառնալով մեր կողմից 2021թ. կատարված ուսումնասիրության հավաստիությանը՝ հայտնում ենք, որ ուսումնասիրված դիտակետերում մեր կողմից ՀՀ Կենդանիների Կարմիր գրքում գրված որևէ ձկնատեսակ չի հայտնաբերվել: Հայտնաբերված քառթակների տեսակային պատկանելությունը մեր կողմից որոշվել է ձկնաբանության մեջ ընդունված մեթոդներով։ Բացի այդ, տեսակային պատկանելիությունն առավել հավաստի որոշելու նպատակով մեր նախաձեռնությամբ այդ ձկնատեսակներից վերցվել են փորձանմուշներ և ուղարկվել մոլեկուլային (գենետիկական) ուսումնասիրության։ Ստացված արդյունքները հաստատում են, որ մեր կողմից Ձորագետ գետից որսված քառթակները պատկանում են արթվինյան քառթակ (Gobio artvinicus) տեսակին…»:
Դատարանը, ուսումնասիրելով պատասխանողի կողմից վկայակոչված հիմքերն, արձանագրել է, որ դրանցով ամենևին չի հաստատվում Դեբետ գետի Ձորագետ վտակի՝ Քուռի քարթակի ձվադրավայր հանդիսանալու հանգամանքը և բավարարել «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայցը:
Փետրվար 15, 2023 at 16:31