Կլիմայի փոփոխության պայմաններում մինչև 2040 թվականը ՀՀ գետավազաններից 18-ում կնվազեն հոսքերը, կնվազի նաև հիդրոէներգիայի արտադրությունը։ Կաճի երաշտի տարեկան հավանականությունը շուրջ 80%-ով մինչև 2100 թվականը: Սա նշանակում է, որ ներկայում 100 տարին 1 անգամ տեղի ունեցող իրադարձությունը կարող է սկսել տեղի ունենալ 10 տարին մեկ կամ ավելի հաճախակի: Այս մասին նշված է «Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Փաստաթղթի հեղինակները հիդրոէներգետիկայի ոլորտում կլիմայի հարմարվողականության երկու միջոցառում են առաջարկում։
Առաջին միջոցառումը վերաբերում է խոշոր ՀԷԿ-երին՝ Սևան–Հրազդանին և Որոտանի հիդրոկասկադին։ Գոլորշիացման նվազեցման և էներգաարտադրության բարձրացման նպատակով առաջարկվում է գնահատել խոշոր ՀԷԿ-երի ջրամբարների և դերիվացիոն համակարգերի վրա արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակահարմարությունը։ Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել համալիր տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ ուղղված Սևան-Հրազդանի և Որոտանի հիդրոկասկադների ջրամբարների վրա լողացող ֆոտովոլտային կայաններ կառուցելու նպատակահարությանը՝ ապահովելով, որ ֆոտովոլտային կայանները չհանգեցնեն ճահճացման և ջրիմուռների աճի: Նաև անհրաժեշտ է իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Սևան-Հրազդան կասկադի դերիվացիոն համակարգից մակերևութային գոլորշիացման նվազեցման ուղղությամբ՝ դիտարկելով ջրանցքների ողջ երկայնքով ֆիքսված ֆոտովոլտային կայանների կառուցման հնարավորությունը: «Այստեղ պետք է հաշվի առնել այն նպաստավոր հանգամանքը, որ բազմակիլոմետրանոց համակարգի ողջ երկայնքով հիմնականում առկա են ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ և տարբեր լարման հաղորդագծեր, ինչն էականորեն կէժանացնի հնարավոր լուծումները: Տվյալ միջոցառման համար ՀՀ կառավարությանն անհրաժեշտ կլինի մշակել տեխնիկատնտեսական գնահատում և ներդրումային հաշվարկներ, իսկ հետագայում էներգահամակարգի լիցենզավորված արտադրողների հետ համագործակցել տվյալ միջոցառումների իրականացման ներդրումային կարիքները հոգալու ուղղությամբ», - նշված է փաստաթղթում։
Այս գործողությունները պետք է իրականացնեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ 2024 թվականի 4-րդ եռամսյակում։ Ֆինանսական արժեքը գնահատված է 60,000,000 ՀՀ դրամ։ Որպես ֆինանսավորման աղբյուր նշված է՝ օրենսդրությամբ չարգելված աղբյուրներ, միջազգային դոնոր կազմակերպություններ։
Երկրորդ միջոցառումը վերաբերում է փոքր ՀԷԿ-երին․ առաջարկվում է իրականացնել փոքր ՀԷԿ-երի տեղաբաշխման քարտեզի վերագնահատում՝ հաշվի առնելով տեղումների և գոլոշիացման փոփոխությունները, ինչպես նաև առկա և ապագա կայանների կյանքի ցիկլի մնացորդային ժամկետները և արտադրողականությունը։
Փոքր ՀԷԿ-երի տեղաբաշխման քարտեզը վերագնահատելու համար հաշվի են առնվելու տեղումների և գոլոշիացման փոփոխությունները, ինչպես նաև առկա և ապագա կայանների կյանքի ցիկլի մնացորդային ժամկետները և արտադրողականությունը։ Այս գործողությունները պետք է իրականացնեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ 2025 թվականի 1-ին եռամսյակում։ Ֆինանսական արժեքը գնահատված է 25,000,000 ՀՀ դրամ։ Որպես ֆինանսավորման աղբյուր նշված է՝ օրենսդրությամբ չարգելված աղբյուրներ, միջազգային դոնոր կազմակերպություններ։
Որպես պոտենցիալ ինժիներատեխնիկական հարմարվողականության միջոցառում հիդրոէներգետիկայի համար նշված է․ «Այն վայրերում, որտեղ ակնկալվում է հոսքի փոփոխություն, դիտարկել հոսանք ի վեր գտնվող վտակների շեղման, նոր պահեստային ջրամբարներ կառուցելու, թողքի փոփոխման և նոր՝ սպասվող պայմաններին ավելի հարմարեցված տուրբինների տեղադրման տարբերակներ, հատկապես փոքր ՀԷԿ-երի բաշխվածքի վերանայում՝ ելնելով նրանց կյանքի ցիկլից: Ջրի ավելի մեծ հոսքը, լինի դա ձնհալքից, թե տեղումների ավելացումից, կարող է պահանջել ավելի բարձր և ավելի ամուր ամբարտակներ և/կամ գետի հունի վերին հատվածում փոքր ամբարտակներ, ջրամբարների հնարավորությունների վերագնահատում՝ հաշվի առնելու համար գոլորշիացման ինտենսիվացումը»։
Որպես պոտենցիալ ոչ-ինժեներական հարմարվողականության միջոցառում՝ նշված է․ «Հիդրոէլեկտրոկայանների համար օգտակար կարող են լինել շահագործման նոր կանոնակարգերը, հիդրոլոգիական կանխատեսման բարելավումը, էներգիայի արտադրության և այլ նպատակների համար ջրօգտագործման ավելի լավ համակարգումը: Գոյություն ունեցող ՀԷԿ-երի ենթակառուցվածքների համար ցանկալի է տեղային՝ փոքր ջրհավաք ավազանի շրջանակներում, կլիմայական մոդելավորում, որի հիման վրա կմշակվեն ջրամբարների կառավարումն օպտիմալացնելու և էներգաարտադրությունը բարելավելու համար գործառնական առաջարկներ՝ ՀԷԿ-ի և ջրամբարների կառավարման ռեժիմները հարմարեցնելով տեղումների կամ գետերի հոսքի օրինաչափությունները փոփոխություններին: Ավազանների ջրային ծավալների կառավարման ռազմավարությունները պետք է հաշվի առնեն ոչ միայն կայանի, այլև էկոհամակարգի և հոսանքով ավելի վար գտնվող բնակչության կարիքները։ Իսկ հոսանքով ավելի վեր գտնվող հողերի վերականգնումը ու ավելի լավ կառավարումը, ինչպես նաև անտառապատումը կարող են նվազեցնել հեղեղների, էրոզիայի, սողանքների և սելավների վտանգը՝ միաժամանակ օգտակար պաշտպանություն ապահովելով առկա ենթակառուցվածքների համար»:
Ըստ գլոբալ միտումների՝ հիդրոէլեկտրակայանների արդյունավետությունը նվազում է օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր 3 աստիճան Ցելսիուսի բարձրացման դեպքում՝ 1%-ով, իսկ հաղորդալարերի հաղորդունակությունը նվազում է մոտ 0,4%-ով՝ օդի ջերմաստիճանի 1 աստիճան Ցելսիուսով բարձրացման պայմաններում, և պայմանավորված հաղորդագծի բեռնունակության նվազմամբ, -0.5%-ով՝ օդի ջերմաստիճանի 1 աստիճան Ցելսիուսով բարձրացման դեպքում։ Տրանսֆորմատորները կորցնում են մոտ 1% բեռնվածք՝ օդի ջերմաստիճանի 1 աստիճան Ցելսիուսով բարձրացման դեպքում:
Փետրվար 17, 2023 at 16:18