Որոնք են ՀՀ էներգետիկ համակարգի համար կլիմայական ռիսկերը և հարմարվողականության միջոցառումները

Որոնք են ՀՀ էներգետիկ համակարգի համար կլիմայական ռիսկերը և հարմարվողականության միջոցառումները

ՀՀ էներգետիկայի ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մշակել է «Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը տեղադրված է www.e-draft.am կայքում։

Ընդհանուր առմամբ էներգահամակարգի օբյեկտների համար որպես կլիմայի փոփոխության ազդեցության ռիսկեր փաստաթղթում նշված են.

Ավանդական էներգետիկա 

Ատոմային էլեկտրակայաններում ջերմաստիճանի 5ºC-ի բարձրացումը կհանգեցնի ջրի վրա հիմնված հովացման համակարգերում 1% ելքային էներգիայի կորստի, իսկ ջերմաստիճանի ամեն 1ºC բարձրացումը՝ օդային հիմքով հովացման համակարգերում կհանգեցնի էներգիայի 0.1% կորստի։ 

Բնական գազով աշխատող տուրբինների էներգիայի արտադրությունը կնվազի մոտավորապես 0,6%-0,7%-ով` օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր 1ºC բարձրացման հաշվարկով, մինչդեռ համակցված ցիկլով էլեկտրակայաններում արտադրված էներգիայի քանակը կարող է նվազել մոտավորապես 0,3%-0,5%-ով՝ օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր 1ºC բարձրացման հաշվարկով: 

Չոր հովացման համակարգով աշխատող համակցված ցիկլով կայանների արտադրական կորուստները կարող են ավելի զգայուն լինել օդի ավելի տաք ջերմաստիճանների նկատմամբ՝ օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր 1ºC աճի դեպքում՝ հանգեցնելով մոտավորապես 0,7% արտադրանքի կրճատման:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ

Բյուրեղային սիլիցիումի ֆոտովոլտային կայանի բջիջի փոխակերպման արդյունավետությունը նվազում է մոտ 0,08%-ով օդի ջերմաստիճանի 1ºC աճի դեպքում, երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը բարձր է 25ºC-ից: 

Հիդրոէլեկտրակայանների և փոքր հիդրոէլեկտրակայանների արդյունավետությունը նվազում է օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր 3ºC բարձրացման դեպքում՝ 1%-ով, իսկ հաղորդալարերի հաղորդունակությունը նվազում է մոտ 0,4%-ով՝ օդի ջերմաստիճանի 1ºC բարձրացման պայմաններում, և պայմանավորված հաղորդագծի բեռնունակության նվազմամբ՝ -0.5%-ով՝ օդի ջերմաստիճանի 1ºC բարձրացման դեպքում։ Տրանսֆորմատորները կորցնում են մոտ 1% բեռնվածք՝ օդի ջերմաստիճանի 1ºC բարձրացման դեպքում:

Տեղումներ

Կբարձրանա տեղումների սեզոնային և տարածական փոփո­խականությունը՝ ազդելով էներգիայի արտադրության, ջերմու­թյան տարածման և սպասարկման կարիքների վրա:

Քամու արագություն

2010թ-ից աշխարհում քամու արագությունն աճել է 7%-ով, կանխատեսվում է հետագա արագության և ուժգնության աճ, փոփոխություններ կայուն քամիների ինտենսիվության և տևա­կանության մեջ: Այս միտումները կազդեն ինչպես հողմային տուրբինների, այնպես էլ ենթակառուցվածքների շահագործման և աշխատանքի վրա, որոնք (օր՝ էլեկտրահաղորդման գծերը) պետք է դիմակայեն քամիներին: ՖՎ մոդուլների պարագայում արագացող քամիները մասնակի նպաստում են արտադրողա­կանությանը՝ հովացնելով մոդուլները։

Ամպրոպ և կայծակ

ՀՀ հարավում ամպրոպներով օրերի թիվը տարեկան հասնում է 87-ի, կանխատեսվում է աճի միտում: Ամպրոպի ակտիվության և ջերմաստիճանի բարձրացման հետ միաժամանակ սպասվում է կայծակի զարկի խտության ավելացում 1 կմ2-ի հաշվարկով: Ներկայումս միջին բռնկումների խտությունը կազմում է 1.2-3/կմ2 տարեկան հաշվարկով: Գլոբալ առումով, զարկի հզորության կանխատեսվող աճը կազմում է 12%՝ ջերմաստիճանի յուրա­քանչյուր 1ºC բարձրացման դիմաց:

Կլիմայի փոփոխության հետևանքով հիդրոօդերևութաբանական գործոնների ազդեցությունն էներգահամակարգի վրա հետևյալն է.

  • Oդերևութաբանական խիստ երաշ­տի տարեկան հավանակա­նու­թյունը 3%-ից կաճի մինչև 80%: Երաշտի հետևանքով կանխատեսվում է, որ.

-խմելու, ոռոգման և այլ նպատակներով ջրամատակա­րարման պոմպերի աշխատանքի համար կաճի էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ ստեղծելով լրացու­ցիչ ծանրաբեռնվածություն։

- Կնվազի ջրամբարներում և գետերում ջրի մա­կարդակը, ինչպես նաև՝ ՀԷԿ-երի արտադրանքը։

- Երաշտի խիստ դրսևորումները կարող են լրացուցիչ հետևանքներ ունենալ էներգետիկ ոլորտի գործունեու­թյան համար՝ նվազեցնելով արտադրող կայանների համար շոգու արտադրության և հովացման համար ջրի հասանելիությունը:

- Հաշվի առնելով կենսազանգվածի աճող դերը ջերմային էներգիայի արտադրության մեջ` երաշտի բացասական ազդեցությունը կարևոր է նաև կենսազանգվածի աճի նվազող ցուցանիշների տեսանկյունից։

  • Արեգակնային ճառագայթում փոփոխվում են խոնավության և ամպամածության փոփոխություն։

-Նշված փոփոխությունները կանդրադառնան մակերևութային արևային ճառագայթման վրա՝ այդպիսով ազդելով էապես արեգակնային լուսար­տադրության, տանիքային արևային ՖՎ-ի զուտ բեռնվածքի և երկրի մակերևույթի ջերմաստիճանի վրա:

  • Ձյան ծածկույթի նվազում. ամռան ամիսներին ջրի հասանելիության նվազում, ավելի վաղ ձնհալ։
  • Հիդրոէներգիայի արտադրության համար ջրի հասանելիությունը կնվազի ամառվա ընթացքում։
  • Գետերի հոսք․ ձյան հալոցքի, տեղումների և հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունները մինչև 2040թ․ ՀՀ գետավազաններից 18-ում կհանգեցնեն հոսքերի նվազման, մինչև 2070թ․՝ հետագա վատթարացման մի­տումով։
  • Հեղեղումները կարող են հանգեցնել հատկապես պողպատե խողովակաշարերի կոռոզիայի, ինչպես նաև վնասներ հասցնել ենթակառուցվածքներին և օբյեկտներին, այդ թվում՝ արտադրող կայաններին և ենթակայան­ներին՝ համապատասխան պաշտպանական համակարգերի բացակայության դեպքում:
  • Երկրաջերմային էներգետիկան, հաշվի առնելով ոլորտի ռազմավարական հեռանկարները ՀՀ-ում, հատկապես խոցելի է հեղեղումների նկատմամբ։
  • Սողանքները, սելավները կարող են վնասել գազի և էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերը։
  • Անբարենպաստ եղանակային իրադարձությունները ազդեցություն կունենա մարդկային ռեսուրսների վրա:

Կլիման կազդի նաև էներգասպառման միտումների վրա՝ ստեղծելով նոր որակի պահանջարկ ինչպես արտադրված էներգիայի քանակի, այնպես էլ` փոխանցման և բաշխման ցանցի փոփոխության մասով՝ ստեղծելով հուսալիության նոր մարտահրավերներ։ Մասնավորապես, փոփոխվող պահանջարկը Հայաստանի տարածքում կստեղծի հետևյալ մարտահրավերները․

1) ծանրաբեռնվածության ավելի մեծ ինտենսիվություն՝ օդափոխության, հովացման, սառեցման (հատկապես պահեստներում) և ջերմային հարմարավետությունը ապահովելու համար՝ ավելացնելով պիկային բեռնվածքի հաճախականությունը, տևողությունը և անջատումների վտանգը

2) նոր և աճող բեռնվածքներ՝ փոփոխվող կլիմայական պայմանների հետ, ինչպես նաև դեմոգրաֆիական տեղաշարժերի և ավանդաբար հանածո վառելիքով սնվող համակարգերի էլեկտրաֆիկացման հետ առաջացող նոր էներգասպառման կարիքներ (օր․՝ հովացում, ջեռուցում, օդորակում)

3) օգտատերերի ավելացում․ ցածր ածխածնային զարգացման միտված գործողությունները պահանջելու են նախկինում այլընտրանքային վառելիքներից սնվող վերջնասպա­ռողների անցում էլեկտրաէներգիայի (էլեկտրատրանսպորտ, ջեռուցում), որոնք ևս կնպաստեն համակարգի գերբեռնվածքին և խափանումներին:

Ըստ փաստաթղթի՝ կլիմայի պատմական տվյալների վրա հիմնված  համակարգային որոշումներն այլևս հիմնավոր չեն, քանի որ

  • Հայաստանի համար թերի են հիդրոօդերևութաբանական տվյալները
  • ոլորտում սահմանված չեն ակտիվների դասակարգման հիմնական կլիմայական պարամետրերը
  • ակտիվները և դրանց տեխնիկական բնութագրերը ոչ հետևողական են գույքագրվում
  • մինչև 2040թ. էներգետիկ համակարգի մեծ հատվածներ կունենան կլիմայական ռիսկի ծայրահեղ բարձր մակարդակ
  • մինչև 2040թ. էներգիայի նվազագույն բեռնվածքի ապահովումը բարձր ռիսկային է
  • 2040թ.-ից հետո կլիմայական ազդեցությունները կավելանան
  • հիդրոէներգիայից շարունակական կախվածությունը չափազանց խնդրահարույց է՝ հաշվի առնելով ջրի նկատմամբ առկա այլ պահանջարկը (օրինակ՝ գյուղա­տնտե­սություն, խմելու ջրի մատակարարում):

Վերոհիշյալ վտանգներին Հայաստանի էներգահամակարգի հարմարվողականության և դիմակայունության բարձրացումը կպահանջի գիտահետազոտական, օրենսդրական, տեխնիկական-նորմատիվային, ներդրումային, պլանավորման և իրազեկման բազմաթիվ գործողություններ։ Այս գործողությունները պետք է ներդաշնակեցվեն և ինտեգրվեն էներգետիկ ոլորտը կարգավորող քաղաքական և ծրագրային նախաձեռնություններին։

2023-2027թթ ժամանակահատվածի համար Էներգետիկ ոլորտի՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման  համար նախատեսվել է 13 միջոցառում՝ 737,000,000 ՀՀ դրամ արժողությամբ: Այդ միջոցառումներն են՝

  1. Կլիմայական քարտեզների արդիականա­ցում
  2. Էներգետիկ կառույցների և ենթակառուցվածքների հարմար­վողականության արդիականաց­ման համալիր ծրագրի մշակում
  3. Էներգահամա­կարգի ռազմա­վարական պլանավորման ծրագրերում կլիմայական մարտահրավ­երների արտացոլում
  4. Հայկական էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) բաշխիչ ցանցի և էլեկտրահաղորդման օդային գծերի դիմակա­յունության բարձրացում
  5. ՀԱԷԿ–ի հովացման համակարգի արդյունավե­տության բարձրացման ինժենե­րատեխնիկա­կան լուծումների մշակում
  6. Խոշոր ՀԷԿ-երի ջրամբարների և դերիվացիոն համակարգերի վրա արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակահարմարության գնահատում՝ գոլոր­շիացման նվազեցման և էներ­գաարտադրու­թյան բարձ­րացման նպա­տակով
  7. Փոքր ՀԷԿ-երի տեղաբաշխման հարմարվողականություն
  8. Ջերմային էլեկտրակայանների հովացման համակարգերի արդյունավետության բարձ­րացման տար­բերակների դիտարկում
  9. Հարմարվողա­կանության միջոցառումներ բնական գազի հաղորդման և բաշխման համակարգերում
  10. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների էլեկտրակայանների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության ազգային ստանդարտների սահմանում և կիրարկում
  11. Տնային տնտեսության ու սպասարկման ոլորտներում հովացման, ջեռուցման ու սառնարանային սարքավորում­ների 20%-ի փոխարինում ավելի արդյու­նավետ այլընտրանք­ներով
  12. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների սնուցմամբ բաշխված էներգաարտադրող ենթակա­ռուցվածքների խթանումը՝ որպես էլեկտրական մեքենաների լիցքավորման այընտրանք
  13. Էներգետիկ աղքատության հասկացության իրավական սահմանում, իրավական դրույթների ներառում իրավական փաստաթղթե­րում, բնորոշող ցուցիչների սահմանում:

Փետրվար 10, 2023 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր