Մեղադրանքներ և խոստումներ՝ «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման վիճահարույց հայտի լսումների ժամանակ

Մեղադրանքներ և խոստումներ՝ «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման վիճահարույց հայտի լսումների ժամանակ

Սույն թվականի մարտի 21-ին Լոռու մարզի Լոռի Բերդ, Գյուլագարակ համայնքներում անցկացվեց «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի հանրային երկրորդ լսումը։

26.7 ՄՎտ հզորությամբ «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի վրա։ Ըստ նախագծի՝ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը կկազմի 110.09 կՎտ/ժ, ջրի հաշվարկային ելքը՝ 16 խմ/վ: ՓՀԷԿ-ը կունենա 10245 մ երկարությամբ և 2,8 մ տրամագծով ճնշումային խողովակաշար: Գլխամասային հանգույցը կառուցվելու է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի տարածքում, որից սկիզբ առնող խողովակաշարը ձգվելու է գետի ձախ ափով մինչև Կողես և Կուրթան բնակավայրեր, ապա թեքվելու է աջ և շարունակվի մինչև ՓՀԷԿ-ի շենք:

Եվ Լոռի Բերդ համայնքում, և Գյուլագարակում լսումներին մասնակցեցին 100-ից ավելի տղամարդիկ, ովքեր պահանջում էին աշխատատեղեր։

Լոռի Բերդում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը նշեց, որ ներկաներից 20 տոկոսն է ազդակիր համայնքից։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Գոհար Մինասյանը նշեց․ «Հանրային ծանուցման և քննարկումների առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, համայնքը տվել է իր նախնական համաձայնությունը»։ Նրան ընդհատեց համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ հայտարարելով․ «Սուտ եք ասում։ Համայնքը տվել է նախնական համաձայնություն, որ հետագա փուլեր լինեն, հետագա հանրային լսումներ տեղի ունենան, որ մարդիկ հայտնեն իրենց կարծիքը։ Ճիշտ խոսացեք, որ ոչ մի մութ բան ոչ մեկի մոտ չմնա»։

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նարեկ Տոնոյանը համայնքին խոստացավ ներդրումներ և սոցիալական ծրագրեր՝ 25 միլիոն տարեկան միանվագ օգնություն յուրաքանչյուր համայնքին, սոցիալական ծրագրերի ֆոնդ և աշխատատեղեր։

Գյուլագարակ համայնքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Գոհար Մինասյանը նշեց, որ համայնքը տվել է իր նախնական համաձայնությունը հայտի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։

Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ կա Գյուլագարակի համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի ստորագրությամբ փաստաթուղթ, որով Գյուլագարակ համայնքն անհամաձայնություն է հայտնում «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ի կառուցման հայտի վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերին։ Հարցին, թե ինչպես է ստացվել, որ երկու հակասող փաստաթղթերից միայն համաձայնության մասին փաստաթուղթն է դիտարկվել, ո՛չ Խաչիկ Վարդանյանը, ո՛չ Գոհար Մինասյանը հստակ պատասխան չտվեցին։

Նարեկ Տոնոյանը հայտարարեց․ «Դուք ոչ էլ գետից օգտվում եք, ջուրը գնում է Վրաստանով, վրացու, ադրբեջանցու աչքը լույս լինի, դե գնացեք։ Վաղն էլ գալու է էդ էլ վերցնի, ոնց որ վերցրեց ամբողջ Ղարաբաղը ու ոնց որ վերցրեց Ջերմուկը»։ 

Օլեգ Դուլգարյանն արձագանքեց․ «Դուք այնպիսի համոզմունքով եք ասում, որ վաղը գալու են, վերցնեն, այսինքն, դուք գիտեք, որ գալու են վերցնեն, դա ի՞նչ մանիպուլյացիա է, ի՞նչ է նշանակում՝ գնում է Ադրբեջան»։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հայտարարեց․ «Մենք քննարկում ենք մի նախագիծ, որով ցանկանում են փոքր ՀԷԿ կառուցել մի գետի վրա, որը գտնվում է նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկում։ Ես զարմանում եմ, որ նույն կառավարության ներկայացուցիչները չեն ասում, որ կա լուրջ դատական վեճ ընկերության և կառավարության միջև։ Վարչական դատարանը բավարարել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության: Վարչական դատարանի որոշմամբ՝ Ձորագետ գետը պետք է դուրս բերվի արգելված գետերի ցանկից: Կառավարությունը բողոքարկել է այդ որոշումը Վարչական վերաքննիչ դատարանում, և գործը դեռ ավարտված չէ։ Այսինքն, Ձորագետ գետը շարունակում է մնալ արգելված գետերի ցանկում։ Այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնվի»։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ելույթների ժամանակ Նարեկ Տոնոյանն իր վրա էր վերցրել լսումների վարման գործընթացը, ընդհատում էր ելույթ ունեցողներին և վիրավորում։ Ո՛չ Գյուլագարակի համայնքի ղեկավարը, ոչ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փորձագետը չէին կարգավորում իրավիճակը և լռում էին։ Իսկ դահլիճում գտնվող տղամարդիկ բղավում և դուրս էին հրավիրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին․ «Դո՞ւ ես գալու պահես․․․, ձեր գործը չի, եկել, բան եք որոշում, թողեք, գցանեք էստեղից․․․»։

Այնուհետև Գոհար Մինասյանը հարցրեց՝ կո՞ղմ է արդյոք համայնքը ներկայացված հայտին։ Մի քանի հոգի բղավեցին՝ «այո, մեզ աշխատանք է պետք», և լսումներն ավարտվեցին։

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն համոզված է՝

  • հանրային լսումներն անցկացվեցին լարված և ճնշող մթնոլորտում
  • անհայտ մնաց, արդյո՞ք ներկա մեծաքանակ տղամարդիկ ազդակիր համայնքների բնակիչներ են
  • անհայտ մնաց՝ ինչ է եղել այն փաստաթղթի հետ, որով Գյուլագարակ համայնքը հայտնել էր անհամաձայնություն «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ
  • հարց է, թե ինչպես պետք է որոշում կայացնի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, երբ ՀՀ կառավարության և «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի միջև դատական վեճը չի ավարտվել, և Ձորագետ գետը մնում է նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկում։

Նշենք նաև, որ, բացատրելով հայտի վերաբերյալ փորձաքննության գործընթացի իրավաչափությունը, Նարեկ Տոնոյանը հղում էր անում նրա վրա, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ունի ջրօգտագործման թույլտվություն «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ի համար։ Ջրօգտագործման թույլտվությունն ընկերությունը ստացել է դատական վեճի արդյունքում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը չի բողոքարկել այդ խնդրահարույց որոշումը, ինչը պատճառ է դարձել, որպեսզի «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն շարունակի «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ գործընթացը։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք կարծում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է տրամադրի «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին բասացական եզրակացություն։



Մարտ 24, 2023 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր