«Այգ 1»-ը կզբաղեցնի 560 հա տարածք, կտեղադրվի 500.000 վահանակ

«Այգ 1»-ը կզբաղեցնի 560 հա տարածք, կտեղադրվի 500.000 վահանակ

Հայաստանում ամենամեծ՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանը կկառուցվի Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ և Աշնակ բնակավայրերի տարածքում՝ 560 հեկտար տարածքի վրա: Կտեղադրվի Ֆոտովոլտային ապակուց կազմված 500.000 վահանակ: Այս մասին նշված է «Այգ-1» արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում, որի 2-րդ հանրային լսումներն անցկացվեցին հուլիսի 1-ին: Կայանի տարածքի եզրագծերի հեռավորությունն ուղիղ գծով մոտակա տներից կազմում է՝ Աշնակ՝ 0.5 կմ, Դաշտադեմ՝ 1.25 կմ, Թալին՝ 1.4 կմ:

Կայանի տարածքը գտնվում է Արագած լեռան հարավահայաց լանջին և զբաղեցնում է Թալինի սարավանդի մի մասը, որի բարձրությունը 1250-1800 մ է: Նշված է, որ տարածքը տիպիկ լեռնային չոր տափաստանային գոտի է: Տարածքում չեն հայտնաբերվել ջրային աղբյուրների ելքեր, լճակներ կամ հոսող գետեր: Հիդրոերկրաբանական աշխատանքներ տարածքում չեն կատարվել, և չկա տեղեկատվություն ստորերկրյա ջրերի քանակի և որակի մասին: Ըստ հայտի՝ տարածքի բուսական և կենդանական աշխարհն աղքատ է, Կարմիր գրքում գրանցված տեսակներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Մոտակա արգելավայրերն են Արագածի ալպյան և Որդան կարմիր արգելավայրերը, սակայն հեռավորությունը նշված չէ:

Տարածքում հնագետները, համաձայն Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի (տեսանյութը՝ ստորև) բազմաթիվ գտածոներ են հայտնաբերել՝ որոնցից ամենահինը մոտ 300 հազար տարվա ձեռքի հատիչներ են: Տարածքում կան մ.թ.ա. 15-10-րդ դարերի դամբարաններ, որոնցից միայն խոշորն է պահպանվել, տարածքում կան նաև բնակատեղիներ, որոնց պահպանությունը ավելի բարդ է: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի պնդմամբ՝ իրենք խնդրելու են ծրագրի ղեկավարներին այդ հատվածները շրջանցել: Անդրադառնալով Թալինի շրջանում կառուցված մյուս արևային կայաններին՝ գիտնականն ասել է. «Հարևանությամբ տեսնում եք՝ կան և՛ փոքր, և՛ մեծ արևային կայաններ, ցավոք սրտի, նրանք աճել են սնկի նման, ու մենք չենք տեսել: Ի պատիվ այս ծրագրի՝ ուզում եմ ասել, որ ծրագիրը իսկապես խնամք է տանում պատմամշակութային արժեքների պահպանության համար»:

Թափոնների կառավարման վերաբերյալ հայտում նշված է, որ ԲԱԱ (բնապահպանական, առողջապահական և անվտանգության) կառավարման պլանի շրջանակներում կմշակվի թափոնների կառավարման պլան՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝ թափոնների կառավարման հիերիարխիա՝ խուսափել-նվազեցնել-վերաօգտագործել-վնասազերծել-հեռացնել,  թափոնների առանձնացում, նվազեցնել շինարարական թափոնները ճիշտ տեխնիկական պլանի միջոցով, անձնակազմի վերապատրաստում: Թափոնների հետ կապված մյուս միջոցառումներից նշված են. «Պահել բոլոր վտանգավոր թափոնները (օր.՝ յուղ, վառելանյութ, արտահոսքերից աղտոտված հող և այլն) համապատասխան կազմակերպված պահեստներում: Հավաքել բոլոր տեսակի թափոնները, այդ թվում՝ կենցաղային և սանիտարական: Համաձայնեցնել համայնքային իշխանությունների հետ թափոնների հեռացման նպատակով կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու հարցը»:

Ծրագրի բնապահպանական միջոցառումների մանրամասն պլանը, դրանց կատարողների ցանկը  և ծախսային ցուցանիշները կմշակվեն ՇՄԱԳ հաշվետվություն կազմելիս:

«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 միլիոն ԱՄՆ դոլար է։ Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ-ին:



Հուլիս 11, 2022 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր