Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բնապահպանական խոստումները

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բնապահպանական խոստումները

ԷկոԼուրն ուսումնասիրել է 2023թ․ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ համացանցում առկա նախընտրական ծրագրերը՝ Ներկայացնում ենք Երևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը, աղբահանությանը և աղբի կառավարմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, կանաչ տարածքների վերականգնման ու ավելացմանը,  էներգախնայողությանն ու էներգաարդյունավտությանն, ջրային ռեսուրսների կառավարմանը, թափառող կենդանիների խնդրի կարգավորմանը, «կանաչ» տրանսպորտի զարգացմանն  ուղղված քաղաքական ուժերի նախընտրական խոստումները։

1․ «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի գլխավորությամբ 

• Համատարած ծառատունկ 
• Բուսաբանական այգու հիմնովին վերանորոգում և վերականգնում, ժամանակակից և կենսաբազմազանությամբ հագեցած միջավայրի ապահովում։ Արդյունքում՝ ժամանակակից ու ինքնատիպ բուսաբանական այգի 
• Հանրային վայրերում ժամանակակից բիո զուգարանների տեղադրում, (ամեն թաղամասում մի քանի տեղ առնվազն, հատկապես կանգառներին մոտ) 
• Շենքերի բակերի և հարակից տարածքների կանաչապատում՝ գազոնային հատվածի ավելացում 
• Շինարարական փոշու դեմ պայքար՝ցանկապատում, ցանցապատում, շինհրապարակը լքելուց առաջ շինտեխնիկայի լվացում 
• Գետերի հիմնովին և պարբերաբար մաքրման համար ժամանակակից տեխնիկաների ձեռքբերում 
• Ստորգետնյա ջրահեռացնող համակարգի պարբերաբար մաքրում՝ հորդառատ անձրևների ժամանակ հեղեղներից խուսափելու նպատակով 
• Թափառող կենդանիների համար կացարանների կառուցում և համապատասխան խնամքի և հիգիենայի ապահովում 
• Երևան քաղաքի կանաչ գոտու ավելացում 
• Կասկադի վերին հատվածի աշխատանքների ավարտ 
• Շենքերի տանիքներին արևային էներգիայի համակարգերի տեղադրում (որը կապահովի բնակիչներին շատ էժան, կամ անվճար էլեկտրաէներգիայով, ավելցուկը կվաճառվի, ինչի արդյունքում կվերանա կախվածությունը էլեկտրոցանցերից) 
• Ավտոպարկի թարմացում, արգելք հին և անսարք տրանսպորտային միջոցների շահագործմանը, խիստ վերահսկողություն մասնավոր տրանսպորտային երթուղիների նկատմամբ 
• Անցում էլեկտրական տրանսպորտի՝ տրամվայների վերականգնում, տրոլեյբուսների պարկի թարմացում, ավելացում և այլն 
• Հեծանիվների և սկուտերների համար առանձին գծերի ավելացում 
• Աղբահանության աշխատանքների համակարգային լուծում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և միջազգային նորմերին համապատասխան կոնկրետ ստանդարտների մշակում և հայկական նորարարական գաղափարների մոդելների գործարկում 
• Նուբարաշենում աղբի վերամշակման գործարանի ստեղծում (նվազագույնը 200 աշխատատեղ՝ աշխատավարձը սկսած 300.000 դր-ից) 
• Սոց․ փաթեթների տրամադրում աղբահանության սեգմենտի աշխատակիցներին 
• Խստագույն տուգանք հասարակական վայրերում աղբի նետման, ինչպես նաև ոչ թույլատրելի վայրերում աղբի կուտակման համար 
• Աղբամանների տեղակայման կետերի վերանայում և աղբահանության գործընթացի հաճախականության ավելացում 
• Ջրի բնական կորստի վերացում՝ մինիմիզացնելով մինչև 5% 
• Արևային էներգիայի օգտագործման խթանում 
• Կոյուղաջրերի խողովակների մաշվածության վերացում 

2․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ

• Շարունակաբար արդիականացնելու ենք ավտոբուսների և տրոլեյբուսների շարժակազմերը՝ նախապատվություն տալով էլեկտրական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ձեռք բերմանը։
• Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները, որոնց համաձայն՝ մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է, առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանի կանաչ տարածքներն ավելացնելու ենք` հասնելով և անցնելով նվազագույն շեմը։
• Առաջիկա հինգ տարիների ընթացքում Դալմայի այգիներում առկա 200 հա-ից ավելի տարածքում հիմնելու ենք նոր քաղաքային այգի՝ բացառելով որևէ կառուցապատում այդ տարածքում։
• Առաջիկա 5 տարիների ընթացքում Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում տնկելու ենք անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի և մասնակիորեն վերականգնելով այդ տարածքի կանաչապատ հատվածը։ 
• Վերականգնելու ենք «Փարոսի» անտառտնկարկը՝ որպես ամբողջական էկոհամակարգ։
• Հրազդան գետի վրա տեղադրելու ենք ևս երկու աղբաորսիչ սարք, որոնց նախագծումն ընթացքի մեջ է։
• Կառուցապատումների պարագայում շինթույլտվությունների պարտադիր պայման ենք սահմանելու կանաչ տարածքների և խաղահրապարակի առկայությունը՝ սահմանված նորմերին համապատասխան
• Առաջիկա 5 տարիների ընթացքում վերականգնելու և արդիականացնելու ենք Երևանի ոռոգման համակարգի կեսից ավելին՝ շուրջ 120 կմ նոր ցանցի անցկացմամբ։ Երկարաժամկետ հեռանկարում արդիականացնելու և հնարավորինս ավտոմատացնելու ենք ոռոգման ամբողջ ցանցը՝ այն հասցնելով շուրջ 500 կմ-ի։ 
• Մեկ միասնական GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգում ամփոփելու ենք Երևանի բոլոր վարչական շրջաններում առկա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերաբերյալ տվյալները։ Այսպիսով, Երևանում կունենանք ամբողջական պատկեր առկա կանաչ տարածքների, դրանց տեղադիրքի, ոռոգման համակարգի և հարակից ենթակառուցվածքների վերաբերյալ։ Բոլոր աշխատանքներն իրականացնելու ենք բարձր ճշգրտության մասնագիտական սարքավորումներով, որոնք կապահովեն տվյալների ամբողջականությունը։
• 2023թ. մեկնարկած՝ ծառերի անձնագրավորման գործընթացը առաջիկայում հասցնելու ենք ավարտին։
• Առաջիկա 5 տարիներին արդիականացնելու ենք ջերմոցատնկարանային տնտեսությունը՝ կառուցելով նոր ջերմատուն, արտադրական ծավալներն ավելացնելու ենք՝ հասցնելով տարեկան շուրջ 10.000 ծառի, շուրջ 1 մլն թփի ու ծաղկի։ Այդպիսով ապահովելու ենք Երևանի կանաչ տարածքներում պահանջվող բուսազանգվածի հիմնական մասը։
• Եղած կանաչ տնկարկներում առկա կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերը փոխարինելու ենք բնապահպանական առումով արժեքավոր, գեղազարդ տեսակներով։
• Ընտրելու ենք կայուն, գեղազարդ և Երևանի բուսաբանական կազմին հարիր ծառատեսակներ՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիման և բնակլիմայական պայմաններն ու առանձնահատկությունները աղմուկի, գազերի, փոշու և այլ աղտոտիչների նկատմամբ։ 
• Իրականացնելու ենք բակային տարածքների բուսազանգվածի երիտասարդացում և լրացում։
• Ավելացնելու ենք կանաչ ցանկապատերը և թփերը, կիրառելու ենք ուղղաձիգ կանաչապատման մոտեցումները։ 
• Ավելի ընդգրկուն տվյալներ ձեռք բերելու և իրավիճակին ճիշտ արձագանքելու նպատակով մինչև 2024թ. ավարտը բոլոր վարչական շրջաններում տեղադրելու ենք օդի որակի մոնիթորինգի երեքական սենսորային սարք։ 
• Արևային ֆոտովոլտային վահանակների, ջրատաքացուցիչների կիրառմամբ վերակառուցելու և հիմնանորոգելու ենք թվով 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա։ 
• Էլեկտրամոբիլների առանձնացված ավտոկայանատեղիների սահմանմանը և լիցքավորման կայանների տեղադրման տեխնիկական և իրավական հիմքերի մշակմանը զուգահեռ՝ սահմանելու ենք էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի կառուցման պարտադիր պահանջ՝ նորակառույց շենքերի շինթույլտվությունների տրամադրման համար։ 
• Մշակելու և իրագործելու ենք հեծանվային և էլեկտրական ինքնագլորների ցանցի կանոնակարգման ռազմավարությունը և գործողությունների պլանը։ 
• Շարունակաբար բարելավելու ենք աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: 
• Կառուցելու ենք կենցաղային թափոնների քաղաքային նոր աղբավայր: Կոնսերվացնելու ենք գործող աղբավայրը և ստեղծելու ենք կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ենթակառուցվածք։ 
• Թափոնների տեսակավորման ոլորտում առաջիկա հինգ տարում տեսակավորման կետերն ավելացնելու ենք՝ 140-ից հասցնելով առնվազն 300-ի, ավելացնելու ենք վերամշակելի թափոնների տեսակը՝ ներառելով ալյումինե թափոնների համար նախատեսված տարաները, աղբի տեսակավորման թափոնամանների թիվը հասցնելու ենք 3000-ի։ 
• Դպրոցները համալրելու ենք տեսակավորման համար նախատեսված թափոնամաններով։ 
• Իրականացնելու ենք իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ աղբի տեսակավորման մշակույթը կենցաղում ներդնելու ուղղությամբ։ 
• Կարգավորելու ենք շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և տեղադրման գործընթացը, սահմանելու ենք համապատասխան վայրերում աղբի տեղափոխման և տեղադրման կարգերն ու կանոնները։ 
• Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջնահերթության կարգով իրականացվելու է Հաղթանակ, Սիլիկյան և Նոր Խարբերդ թաղամասերի ջրամատակարարման ցանցի արդիականացման և անհատական տնային միացումների ծրագիրը՝ 167 կմ երկարությամբ, նախատեսված շուրջ 7200 բաժանորդի համար: 
• Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով նախաձեռնելու և մեկնարկելու ենք չկոյուղացված թաղամասերի և փողոցների կոյուղու կառուցման աշխատանքները՝ մայրաքաղաքի 83 հասցեներում, շուրջ 90 կմ երկարությամբ, 12300 բաժանորդի համար։ 
• Շարունակաբար իրականացնելու ենք շուրջ 350 հասցեներում 70 կմ երկարություն ունեցող խնդրահարույց կոյուղագծերի վերակառուցման, իսկ 39 հասցեներում 14 կմ երկարություն ունեցող կոյուղագծերի նորոգման աշխատանքներ: 
• Իրականացնելու ենք Երևանյան լճի խորքային ջրհեռի փականային հանգույցի և մակերևութային ջրթողի վերակառուցման և վերազինման աշխատանքները: 
• Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրամոբիլների ներկրման հարկային արտոնություններ տրամադրելու քաղաքականությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու և խթանելու համար սահմանելու ենք էլեկտրամոբիլների առանձնացված ավտոկայանատեղիներ, ինչպես նաև մշակելու ենք լիցքավորման կայանների տեղադրման տեխնիկական և իրավական հիմքերը: 
• Մշակելու ենք Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, որի իրականացմամբ քաղաքը կկատարի իր առջև դրված հանձնառությունը և մինչև 2030 թվականը 30%-ով կկրճատի CO2-ի արտանետումները։ 
• Միջազգային առաջատար փորձի վրա հիմնվելով՝ ուսումնասիրելու ենք շենք-շինությունների ճակատային հատվածի մշակման արդյունքում հատուկ ներկերով պատելու եղանակով մթնոլորտում առկա արտանետումների կլանման հնարավորությունը։ 
• Շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծելու ենք «Կանաչ զարգացում» տեղեկատվական հարթակը: 
• Առաջիկա տարիներին կառուցելու ենք թափառող կենդանիների համար նախատեսված համայնքային կացարաններ, որոնցից մեկ մեծ կացարանը կկառուցվի Կենտրոն վարչական շրջանում, իսկ ևս 5-ը՝ այլ վարչական շրջաններում։ 
• Մեծացնելու ենք շների հետ վարվելու և ճիշտ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված կրթական արշավի ծավալները։ 
• Նախաձեռնելու ենք օրենսդրական բարեփոխումներ ընտանի կենդանիների պահման և բազմացման հետ կապված հարցերի կանոնակարգման ուղղությամբ։

• Հին նատրիումային տիպի լուսատուները ամբողջությամբ փոխարինելու ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին: 
• Կառուցելու ենք արևային կայաններ, որոնք հնարավորություն կտան օգտագործելու արևային էներգիան քաղաքի լուսավորության համար: 
• Ստեղծելու ենք թվային կառավարման համակարգ, որը կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսը և վթարների քանակը: 

3․ «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գլխավորությամբ

• Երևանն աստիճանաբար կդառնա էներգախնայող, էկոլոգիապես մաքուր, անվտանգ ու խելացի քաղաք, որի համար անհրաժեշտ է ձևավորել խելացի քաղաքապետարան և կրթել խելացի քաղաքացի։ 
• Հինգ տարիների ընթացքում Երևանի բոլոր փողոցներում կտեղադրվեն էլեկտրախնայող լամպեր։ 
• Հնարավորության դեպքում կլայնացնենք մայթերը՝ ստեղծելով ուղիներ և գծեր հեծանվորդների համար։ 
• Կվարենք Երևանը «Այգի-քաղաք» վերածելու քաղաքականություն։ Կներդնենք որակապես նոր բնապահպանական հայեցակարգ: 
• ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ մնացած 238 հա կվերածենք խոշոր այգի-անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար։ 
• Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը կտնկենք 1 միլիոն ծառ։ 
• Կհիմնադրենք քաղաքային անտառ՝ հնարավորինս այն համապատասխանեցնելով բնական անտառի պայմաններին, որում կտեղադրվեն հայկական բոլոր թագավորությունների արքաների արձանները։ 
• Շոշափելիորեն կընդլայնենք բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները։
• Կկառուցենք թռչունների կենդանաբանական այգի։ 
• ՀՀ օրենսդրության շրջանակներում կիրականացնենք թափառող կենդանիների ստերջացում և ախտահանում, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` նաև քնեցում: Համալիր լուծում կտանք թափառող շների հարցին։ 
• Կկառուցենք բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր՝ նպաստելով Երևանի աղբահանության, սորտավորման և վերամշակման խնդիրների լուծմանը՝ դարձնելով աղբը շահութաբեր, ինչպես զարգացած երկրներում է: 
• Կուժեղացնենք քաղաքային իշխանության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ: 
• Կներդնենք ու կիրագործենք Հրազդանի կիրճի զարգացման ռազմավարական հայեցակարգը՝ նպատակ ունենալով այն դարձնել Երևանի ամենահեռանկարային զարգացման ուղղություններից մեկը։ 
• Երևանի բոլոր վարչական շրջաններում ու մատչելի վայրերում կնպաստենք հանրային զուգարանների կառուցմանը՝ համագործակցելով մասնավոր հատվածի հետ։ 
• Ավարտին կհասցնենք միջազգային չափանիշներին համապատասխան Կենդանաբանական այգու վերակառուցումը։


4․ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ 

ԷկոԼուր․ այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրի բնապահպանական առաջարկները պատրաստ ենք հրապարակել, երբ դրանք հասանելի կլինեն համացանցում։ 

5․ «ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանի գլխավորությամբ 

• Նախագծման, շինարարության, կառուցապատման գործընթացներում կանաչավետ քաղաքաշինության և ճարտարապետության արմատավորում և խրախուսում, էկոլոգիապես մաքուր շինանյութերի, այլընտրանքային էներգետիկ պաշարների, կանաչավետ տանիքների և պատերի, կայանատեղիների, ուղղահայաց և փոխհատուցողական կանաչապատման կիրառում։
• Հանրային օգտագործման կանաչավետ տարածքների պահպանում, բարելավում և ընդարձակում, բնական և ձեռակերտ լանդշաֆտների ներդաշնակության ապահովում։
• Փողոցային, բակային և այգեպուրակային լուսավորության արդիականացում, էներգախնայողության և էներգասպառման բարելավում։
• Շենքերի բակերի, խաղահրապարակների, զբոսայգիների և պուրակների բարեկարգում՝ բնակչության հանգստի, ազատ ժամանցի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով։
• Բազմաբնակարան շենքերում էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում։
• Բնակչության այլընտրանքային փոխադրամիջոցների /հեծանիվներ, ինքնագլորներ/ կայանատեղիների, հետիոտնային քայլքի, տեղաշարժման համար անվտանգ և հարմարավետ ճանապարհների ու արահետների ստեղծում։
• Երկրաշարժերի, ջրհեղեղների, սողանքների և այլ բնական աղետների ժամանակ բնակչությանը հակազդեցության համապատասխան ենթակառուցվածքներով ապահովում։
• Երևան քաղաքի կանաչապատման ռազմավարական միջնաժամկետ ծրագրի և գործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում։
• Երևան քաղաքի կանաչապատ տարածքների, ջրային, հողային պաշարների և ոռոգման համակարգի գույքագրում, դրանց էլեկտրոնային քարտեզների ստեղծում։
• Ընդհանուր օգտագործման նոր կանաչավետ տարածքների ստեղծում և եղած տարածքների պահպանում, թեք լանջերի կանաչապատում՝ հողի քայքայման կանխարգելման նպատակով։
• Երևան քաղաքում հնարավոր բոլոր վայրերում կանաչապատ տարածքների ավելացում՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու և միկրոկլիմայական պայմանները բարելավելու նպատակով։
• Ապօրինի ծառահատումները կանխարգելելու նպատակով հսկողության ուժեղացում և պատասխանատվության կիրառման միջոցների խստացում ապօրինի ծառահատումների դեպքում։
• հատուկ պահպանվող բնական տարածքների և մակերևութային ջրային պաշարների պաշտպանում, պահպանում և վերականգնում։ 
• Գեղազարդ ծառաբույսերի տնկանյութի աճեցում քաղաքային տնկարանում՝ քաղաքի կանաչապատ տարածքների ստեղծման, վերականգնման և վերափոխման նպատակով։
• Գեղազարդ ծառերի և բույսերի տնկանյութի աճեցման համար քաղաքային նոր տնկարանի հիմնում։
• Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ և ծաղկային տարածքների գեղարարական ձևավորում և խնամք՝ քաղաքի ճարտարապետական կերպարին համապատասխան՝ տեղանքապատկերային /լանդշաֆտային/ դիզայնի լավագույն փորձի կիրառմամբ։
• Երևան քաղաքում և քաղաքին մերձակա տարածքներում կանաչապատ պաշտպանիչ գոտիների, անտառայգիների և վերականգնման նոր գոտիների ստեղծում՝ էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով։ 
• Երևան քաղաքում փոխհատուցողական, ուղղաձիգ և այլընտրանքային կանաչապատման ապահովում։
• Երևան քաղաքի «կանաչավետ գոտեվորում», որը կմիավորի և կպահպանի քաղաքի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։
• «Ծիծեռնակաբերդի» անտառային պուրակի վերականգնում։
• Երևան քաղաքում և քաղաքային զբոսայգիներում, պուրակներում, բոլոր կանաչապատ տարածքներում ջրապաշտպանիչ գոտիների և ոռոգման ցանցի բարելավում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում, հիդրոտեխնիկական կառուցվածքների բարեկարգում և վերակառուցում, ցայտաղբյուրային և շատրվանային համակարգի պահպանում և վերականգնում։
• Քաղաքային զբոսայգիներում և պուրակներում ընտանի շների զբոսանքի կազմակերպման համապատասխան տարածքների, իսկ փողոցներում թափառող շների համար «հյուրատների» կառուցապատում։
• Բնապահպանական միջոցառումների իրականացում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և մասնակցությամբ /կանաչապատման մրցույթների, փառատոնների կազմակերպում և այլն/։
• Ստեղծել մթնոլորտային օդի մշտադիտարկման համակարգ, որը կներառի օդի աղտոտվածության ինտերակտիվ առցանց քարտեզ, ինչպես նաև կապահովի փոխադրամիջոցների երթևեկության մշտադիտարկման և մոդելավորման հնարավորություն։
• Արդյունաբերական ձեռնարկությունների համար էկոլոգիական արտադրական մշտադիտարկման համակարգի ներդրում՝ արտանետումների աղբյուրներին տվիչներ տեղադրելու և համապատասխան մշտադիտարկման համակարգերին առցանց տեղեկատվություն փոխանցելու միջոցով։ 
• Երևան քաղաքում փոխադրամիջոցներին առնչվող հասցեական գործողություններ՝ դրանց պահպանման /սպասարկման/ և վառելիքային հաշվեկշռի ու արտանետումների նվազման ցուցանիշների հուսալիության 
• ապահովման նպատակով, միասնական տեխնիկական զննման համակարգի ներդրմամբ՝ փոխադրամիջոցների արտանետումների և ծխարձակման ցուցանիշների նվազեցում, արտանետումների և ծխարձակման թեստավորման և հսկողության իրականացում՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան։
• Ցածր արտանետումներով և ավելի պակաս ավտոմեքենաներով քաղաքային գոտիների ստեղծում՝ այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառմամբ /հետիոտնային քայլք, հեծանիվներ, ինքնագլորներ, էլեկտրաշարժ փոխադրամիջոցներ/։ 
• Երևան քաղաքում և մերձքաղաքային փոխադրումային հաղորդակցության մեջ էկոլոգիապես մաքուր և էներգարդյունավետ հանրային փոխադրամիջոցների ցանցի զարգացում։
• Կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդիական համակարգի ներդրում՝ թափոնների կազմակերպման և կարգավորման, տեսակավորման և վերամշակման գործիքակազմի կիրառմամբ։
• Կենցաղային կոշտ թափոնների համար ժամանակակից գետնափոր բեռնարկղերով հրապարակների կառուցում։
• Աղբահավաք մեքենաների վրա տեղաշարժման հսկիչ սարքերի տեղադրում։
• Երևան քաղաքում աղբահավաք կազմակերպությունների կողմից բնակչությունից վճարովի հիմունքով երկրորդային հումքն ընդունելու ծառայության կազմակերպում։ 
• Երևան քաղաքում կենցաղային կոշտ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացի փուլային ներդրում, կազմակերպությունների կողմից թափոնների վերամշակման և արդյունավետ օգտագործման, այդ թվում՝ էներգիայի ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։
• Կենցաղային կոշտ թափոնների աղբավայրերի էկոլոգիական անվտանգության ապահովման համար միջոցառումների մշակում և իրականացում, ներառյալ՝ աստիճանաբար դրանց վերացումը և փակումը։
• Տիեզերական մշտադիտարկման արդյունքում բացահայտված կենցաղային կոշտ թափոնների չթույլատրված բեռնաթափումները կանխելու համար համապատասխան միջոցառումների մշակում և իրականացում։
• Գոյություն ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների արդիականացում, հին արտադրությունների փոխարինում նոր և էկոլոգիապես «մաքուր» արտադրություններով։

6․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ 

• Երևանը դառնալու է Եվրոպական քաղաքակիրթ ստանդարտներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք՝ մարդակենտրոն, հարմարավետ, կանաչ, մաքուր և անվտանգ։
• Վերականգնվելու է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որին կից ստեղծվելու է հատուկ լիազորություններով օժտված գեղագիտական խորհուրդ՝ նախագծերի, շինարարության, կանաչապատման, գովազդների, վերանորոգումների, շենքերի արտաքին տեսքի, անվանումների և այլ փոփոխությունների վերահսկման նպատակով։
• Երևանում լայնորեն տեղադրվելու են օդի և ջրի որակը, աղմուկի ու փոշու մակարդակը, տրանսպորտային խցանումները չափող սարքեր, որոնք, միավորված լինելով ընդհանուր համակարգի մեջ, ծառայելու են բնակչության կենսական կարիքները հոգալու և արագ արձագանքելու գերխնդրին։ Բացի մաքուր օդի, ջրի և սննդի բնական իրավունքի, քաղաքացիներն ունեն նաև «լռության», այսինքն՝ խաղաղ ու անաղմուկ միջավայրի իրավունքը, առանց որի թերի է անվտանգ ու բարգավաճ կենսակերպի գաղափարը։ Այդ նպատակով Երևանում իրականացվելու է «խելացի քաղաք» համալիր ծրագիրը, արհեստական բանականության կիրառման համակարգով։
• Երևանի տրանսպորտային խնդիրն իր համապարփակ լուծումը կստանա հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացման հիման վրա։
• Աղբահավաքի գործընթացը բարեփոխվելու է եվրոպական չափանիշներով, որոնց հիման վրա կառուցվելու է աղբամշակման գործարան, որը միացվելու է քաղաքի էներգետիկ համակարգին։ «Մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր Հայրենիք» գաղափարը պետք է ներառվի ընտանեկան, դպրոցական, համազգային և քաղաքացիական դաստիարակության մեջ։ Մաքրությունն ու անվտանգությունը դառնալու են հայոց մայրաքաղաքի հիմնական բնորոշիչ որակներ։ 
• Ողջ փողոցային լուսավորությունը փուլ առ փուլ անցնելու է արևային մարտկոցների, որոնց արտադրությունը կազմակերպվելու է մեր երկրում՝ գերարդիական եղանակով։ 
• Երևանի կանաչապատումը լինելու է քաղաքային իշխանությունների գերակա նպատակը։ Նախապատվությունը տրվելու է ծառերի տեղական տեսակներին, ստվեր ու թթվածին ապահովող բույսերին, իսկ ծաղիկներից գլխավոր ու գրեթե մենաշնորհային տեղը տրվելու է վարդերին։ «Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը՝ Երևանը պետք է ավելացնի նաև «կանաչ մայրաքաղաք» տիտղոսը։

7․ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ

ԷկոԼուր․ այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրի բնապահպանական առաջարկները պատրաստ ենք հրապարակել, երբ դրանք հասանելի կլինեն համացանցում։ շ

8․ «ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանի գլխավորությամբ

• Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի արմատական փոփոխություններ:
• Աղբահանության հարցի վերջնական կարգավորում և աղբի վերամշակման գործարանի կառուցում:
• Քաղաքի լայնամասշտաբ կանաչապատում։

9․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ 

• Գերխիտ բնակեցված Կենտրոն վարչական շրջանում շինթույլտվությունների սկզբունքների վերանայում՝ հօգուտ կանչ տարածքների, բակերի բարեկարգման, ծառատնկման և մանկական խաղահրապարակների
• Բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային պանելներ և ստացված հոսանքն ուղղել փողոցային լուսավորությանը։ Այդ նպատակով բազմաբնակարանային շենքերի սեփականատերերի հետ հաստատել փոխշահավետ իրավական փոխհարաբերություններ։
• Երևանում ծրագրվում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերի կտրուկ ավելացում։ Նախաձեռնվելու է էլեկտրական մեքենաները գույքահարկից ազատելու գործընթաց, որպեսզի Հայաստանի և Երևանի ավտոպարկը տեխնիկապես կատարելագործվի։
• Անցնել ներքին այրման շարժիչներից էլեկտրական շարժիչներով հասարակական տրանսպորտի (երկարաժամկետ)։
• Հեծանիվների, մոպեդների և սկուտերների երթևեկության կանոնների սահմանում, վազանցների և նեղ գոտիների անցման սահմանում, որը ոչ միայն կշահագործվի սպորտային և զբոսաշրջության նպատակով , այլև կդառնա տրանսպորտային այլընտրանքային միջոց։
• Բնապահպանական ծրագրերն իրականացնելու նպատակով ակտիվ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։
• Իրականացնել յուրաքանչյուր նախագծի ռազմավարական գնահատում շրջակա միջավայրի ազդեցության առումով։ Մշակել պարտադիր կատարման միջոցառումների ծրագիր։
• Մթնոլորտի աղտոտվածության նվազեցման նպատակով իրագործել ծրագրեր, որոնք առնչվում են քաղաքաշինությանը (շինարարական նորմերի և շինհրապարակների խիստ վերահսկում՝ իրականացնելով ընդհուպ շինթույլտվության զրկում՝ քաղաքը փոշուց պահպանելու նպատակով), կանաչապատմանը, ասֆալտային մակերեսների հնարավորինս վերափոխմանը, ճանապարհային երթևեկության կանոնակարգմանը (արտանետումների դեմ պայքարի, խցանումները նվազեցնելու միջոցով, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների կիրառման խթանմամբ)։
• Թափառող կենդանիների համար լրացուցիչ կացարանների կառուցում, ստերջացման գործընթացի լիարժեք կատարում, կենդանինների որդեգրման գիտակցության հասարակական տարածում։
• Ոռոգման ջրի նոր խողովակների անցկացում, մաշված խողովակների փոփոխություն՝ կանաչապատման գործընթացը լիարժեք իրագործելու նպատակով։
• Մեքենայացված ոռոգման մեթոդների կիրառում՝ անձրևացման, կաթիլային մեթոդներով քաղաքային անտառների, պուրակների և այգիների ոռոգման համար, ոռոգման գործընթացում մարդկային գործոնի հնարավորինս նվազեցում։
• Քաղաքի անտառային ֆոնդի վերականգնում։
• Դպրոցների և մանկապարտեզների տարածքում պարիսպների կանաչապատման ծրագրի ներդնում։
• Կենցաղային աղբը չափազանց արժեքավոր հումք է, որպեսզի թաղվի հողի տակ կամ այրվի և ծխի ձևով լցվի մթնոլորտ։ Աղբը պետք է տեսակավորվի և երկրորդային վերամշակման ենթարկվի։ Ոչ միայն, փայտը, թուղթը, պլաստիկը, ապակին, այլև օրգանական թափոնները, որ երկրորդային հումք են։
• Ջրահեռացման համակարգի գործարկում։
• Բացառել աղբարկղերի տեղադրումն այնպիսի վայրերում, որ խոչընդոտում են երթևեկությանը և խաթարում քաղաքի էսթետիկ տեսքը, ստորգետնյա փակ աղբարկղերի տեղադրում Երևանի կենտրոնական փողոցներում։
• Ապահովել Երևանի բակերի և փողոցների լիարժեք աղբահանությունը և սանմաքրումը։
• Գետառը և Հրազդան գետը մաքրել կենցաղային թափոններից, բացել հուները և կանխել նոր աղտոտումը՝ ներդնելով մաքրման մեքենայացված եվրոպական համակարգ։
• Միջազգային ներդրումային ծրագրի ներգրավման միջոցով վերացնել մայրաքաղաքի մերձակա աղբանոցները, որոնք օդի աղտոտման ու հիվանդությունների տարածման սպառնալիքներ են, իրականացնել աղբի տեսակավորում, աղբավերամշակման գործարանի կառուցում ԵՄ ստանդարտներով։
• Հաճախակի շաբաթօրյակների անցկացում նաև դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ ուսուցողական նպատակներով։

10․ «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության հիմնադիր֊նախագահ Երվանդ Թարվերդյանի գլխավորությամբ 

• Մի շարք փողոցներում հեծանվուղիների ստեղծում։
• Կանաչապատման ծավալների շեշտակի ավելացում (տարեկան 70-100 հազար ծառատունկի իրականացում)։
• Հրազդանի կիրճի ամբողջական վերակառուցում, մաքրման համակարգերի վերականգնում և արդիականացում, հանրային լողավազանների ստեղծում։
• Ժամանակակից աղբավայրերի ստեղծում՝ համալրված արդի աղբամշակման սարքավորումներով։
• Օդի աղտոտվածության աստիճանի խիստ վերահսկողություն, արտանետման աղբյուրների զգալի նվազեցում։
• Խմելու ջրի բծախնդիր վերահսկում անկախ լաբորատորիաների միջոցով, ջրի որակի մշտական մոնիտորինգի իրականացում։
• Շինաղբի ուղղորդված կուտակում՝ քաղաքի ռելյեֆների  հարթեցման ծրագրի շրջանակում։
• Քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացում։

11․ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ


• Լայնածավալ կառուցապատման հետևանքով մայրաքաղաքում էականորեն աճել է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքի լանջային կանաչապատ տարածքների վերականգնումը կտա տեղային արդյունք միայն տարիներ անց։ Փոշու մակարդակի նվազեցման նպատակով առաջարկում ենք սահմանել կառուցապատման նոր նորմատիվ՝ շինհրապարակի սահմանազատում մանրաթելային պաշտպանիչ ցանցի միջոցով։ Յուրաքանչյուր շինարարություն ամբողջ ծավալով պետք է փակված լինի պաշտպանիչ ցանցով, իսկ դրա բացակայությունը՝ համարվի շինարարական նորմերի կոպիտ խախտում։
• Հաճախակի դարձած ջրանջատումները, հորդառատ անձրևների ընթացքում փողոցների հեղեղումը, ինչպես նաև որոշ թաղամասերում կոյուղատար համակարգի բացակայությունը լրջագույն կոմունալ խնդիրներ են։ Ջրային տնտեսության օպերատորի հետ համատեղ իրականացնել ենթակառուցվածքների արդիականացում՝ օրենքով սահմանված քաղաքապետի կոմունալ լիազորությունների սահմաններում։ Երաշխավորել 3 ժամից ոչ ավել պլանային ջրանջատումների ռեժիմը, համայնք-մասնավոր համագործակցությամբ համալրել քաղաքի կոյուղատար և հեղեղատար ցանցը։
• Աղբահանության խնդիրը սրվեց այնպես, ինչպես սրվել էր նախորդ տարիներին։ Սանիտարական մաքրման խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնաց։ Համակարգային բարեփոխումները ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել երկրորդ օպերատորի, որի մուտքը կապահովի մրցակցություն և կբարձրացնի մատուցվող ծառայության որակը։

12․ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ – 12


ԷկոԼուր․ այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրի բնապահպանական առաջարկները պատրաստ ենք հրապարակել, երբ դրանք հասանելի կլինեն համացանցում։
 
13. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ 

• Թափառող կենդանիների խնդրի լուծում՝ կացարանի և կլինիկայի կառուցում, հանրային վայրերում թափառող կենդանիների բացառում։
• Կանգառներում, հանրային տարածքներում օդի մաքրման կայանների տեղադրում
• Երևան մտնող խմելու ջրի որակի բարձրացում` մաքրող կայանների տեղադրում
• Աղբահանության ամբողջական համակարգ (սկսած աղբահավաքումից ու աղբի տեսակավորումից, վերջացրած դրա պահեստավորմամբ և այլընտրանքային էներգիայի ստացումով)։ Աղբի վերամշակման գործարան Նուբարաշենում Կոշտ շինարարական թափոնների աղբավայրի հիմնում, կոշտ շինարարական աղբի տեղափոխման լիցենզավորում
• Հեծանվային ուղիների կառուցում և սահմանազատում, հեծանվային մարաթոնների կազմակերպում՝ խրախուսական բոնուսներով
• Վարչական շրջաններում հանրային այգիների հիմնանորոգում և վերակառուցում 
• Անտառապատ և այգեպատ հատվածների վերականգնում և նոր նպատակային այգիների հիմնում՝ Դալմա, Նորք, Մալաթիա-Սեբաստիա
• Արքաների պատմական պուրակի հիմնում
• Ճանապարհային մեծ հանգույցներում, խոշոր խաչմերուկներում ջրային ավազանների կառուցում (շատրվաններով՝ միկրոկլիմայի փոփոխության նպատակով)
• Գերեզմանատներում աղբահանության, ջրի հասանելիության ապահովման և կանաչապատման աշխատանքների իրականացում
• Քաղաքային (urban) անտառների հիմնում Երևանի պարագծով
• Կանաչապատման ամբողջական հայեցակարգի մշակում և ներդրում։ Կանաչապատման սխեմայի մշակում և հանրայնացում
• «Կանաչ կրթության» առաջխաղացում
• Անձրևաջրերի հավաքման և դրանց հետագա օգտագործում
• Փողոցային ջրահեռացման համակարգերի արդիականացում և թողունակության մեծացում՝ անձևրաջրերի հետագա օգտագործման համակարգին ինտեգրում
• Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, վերակառուցում
• Նուբարաշենի գործող աղբավայրի բնապահպանական վնասների ուսումնասիրություն և դրանց հետևանքների երկարաժամկետ մեղմում
• Սեփական տների բնակելի հատվածներում կանաչապատման խրախուսում 
• Բետոնե պատնեշների փոխարինում կանաչապատ տարածքով բոլոր հնարավոր և անվտանգ հատվածներում
• Այգիների վերաձևավորում (ռե-բռենդինգ)՝ պատմական ժամանակաշրջաններին համահունչ
• Ազբոշիֆրերի վերացում տանիքներից

14. «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ 

• Արմատապես պետք է փոխվի աղբահանության համակարգը՝ ներդնելով տարանջատված աղբի հավաքման սկզբունքը, դրա համար առավել արդյունավետ լուծումներ առաջարկելով։ Աղբահանության ժամանակացույցի փոփոխությունը պետք է հաշվի առնի քաղաքային երթևեկության առանձնահատկությունները։ Անհրաժեշտ է ներդնել աղբի վերամշակման ժամանակակից համակարգ։
• Պետք է վերջ դնել Երևանը «բետոնի անտառի» վերածելու քաղաքականությունը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաև էներգախնայողական և բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրվելով նաև բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատումն այդ հաշվարկներով ևս։

Օգոստոս 29, 2023 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր