Անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով հարուստ հայտնի զբոսաշրջային Դիլիջան համայնքը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ 2022 թվականին Դիլիջանը Հայաստանի թվով երկրորդ համայնքն էր ամառային օրերի գումարային թվի նորմայից շեղումով 45 օրով։ Նույն թվականին ամսական տեղումների քանակը Դիլիջանում կազմել է նորմայի կեսից էլ պակաս՝ 43%։ 2021 և 2022 թվականներին համայնքում գրանցվել է շատ ուժեղ երաշտ։ Դիլիջանով հոսող Աղստև գետի ջրային ելքը նվազել է՝ 2021 թվականին կազմելով նորմայի 72.0%-ը, 2022 թվականին՝ 73.7%-ը։ Բնական և մարդածին գործոններով պայմանավորված՝ Դիլիջանի տարածքում ակտիվ սողանքներն առաջացնում են ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական խնդիրներ, ստեղծում սպառնալիք համայնքի բնակչության անվտանգության համար։
ԷկոԼուրի թիմը հանդիպեց Դիլիջանի ակտիվ բնակիչներին և համայնքապետարանի ներկայացուցիչներին, ներկայացրեց իր կողմից մշակված «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում կանաչ էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլը։ Փաստաթղթի մշակման նպատակն է նպաստել համայնքի լիարժեք ներգրավմանը և իր շահերի պաշտպանությանը կլիմայական և էներգետիկայի ոլորտներում որոշումների ընդունման գործընթացում, աջակցել սոցիալական, էկոլոգիական և տնտեսական զարգացմանը։ Մոդուլը մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ՝ «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին համայնքի խնդիրները կլիմայի փոփոխության հարմարվողականության ու մեղմման համար անհրաժեշտ միջոցառումները, համայնքում էներգաարդյունավետության և Էներգախնայողության միջոցառումների իրականացման հնարավորություններն ու ծրագրերը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները։
«Մեր համայնքն ավելի խոցելի է դարձել կլիմայի փոփոխության տեսանկյունից։ Տեղումներն ինտենսիվ են դառնում, իսկ ամռանը երաշտներն են շատ։ Բալանսը խախտվում է, ինչը նպաստում է սողանքային օջախների ակտիվացմանը։ Կլիմայի փոփոխությունն ազդում է նաև համայնքի ջրամատակարարման վրա։ Ամռանը բնակչության թիվը մի քանի անգամ ավելանում է, և ջուր չլինելու պատճառով փոխվում է ջրամատակարարման գրաֆիկը։ Ամռանը նաև սկսվում են անտառային հրդեհները», - ասաց «Էկոքաղաքականություն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանը։ Նա նշեց, որ սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել Էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված ծրագրեր։
Ալբերտ Հարոյան
«Մեր կլիմայական պայմաններում արևային էներգետիկան արդյունավետ չէ։ Օգուտ կարող է լինել միայն արդյունաբերական մասշտաբի դեպքում, բայց դրա համար բաց տարածքներ են պետք, իսկ մեզ մոտ քիչ են։ Մեզ մոտ ճիշտ կլինի օգտագործել վերականգնվող էներգետիկայի այլ ճյուղեր, օրինակ՝ քամու», - ասաց Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բազինյանը։
Արման Բազինյան
Տեղական «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ի նախագահ Մանուշ Հովնանյանը նշեց, որ Դիլիջան համայնքում կրթական ծրագրեր են իրականացնում՝ բարձրացնելու երեխաների իրազեկվածությունը էներգետիկ և կլիմայական ծրագրերի կարևորության մասին։ «Երեխաներին ներկայացրել ենք արևային էներգիայի առավելությունները։ Մրցույթներ ենք կազմակերպել, երեխաները կտրոններով ցույց են տվել՝ ինչքան էլեկտրաէներգիա են կարողացել խնայել իրենց տներում էներգախնայողության միջոցառումների արդյունքում։ Էկոճամբար ենք բացում, որտեղ երեխաները կստանան էկոկրթություն, էկոդաստիարակություն, կզարգացնեն մարզում էկոմշակույթը,- ասաց Մանուշ Հովնանյանը և հավելեց,- 100 քմ ջերմատուն ենք ստեղծել, որը պետք է դառնա սոցիալական ձեռնարկություն, որտեղ կներգրավենք սոցիալապես անապահով կանանց։ Նաև բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգում ենք անում»։
Մանուշ Հովնանյան
Աղստև գետն աղտոտված է աղբով և կոյուղաջրերով։ Գետի ջրային հոսքի նվազումը վատթարացնում է գետի սանիտարական վիճակը։
«Աղստև գետի մաքրումն ամենամեծ խնդիրն է։ Անհրաժեշտ է աղբի վերամշակում և կոյուղաջրերի կայան, որը մեկ տարի աշխատելուց հետո կանգնեց», - նշեց Արման Բազինյանը։
Դիլիջան համայնքի աղբավայր
Համայնքում շահագործվում է 4 փոքր ՀԷԿ, որոնցից 2-ը կառուցված են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։ Փոքր ՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերի անցման տարածքներում գետերը մնում են սակավաջուր կամ ընդհանրապես անջուր։ Վատանում է փոքր ՀԷԿ-երի շահագործման տակ գտնվող գետի հատվածի սանիտարական վիճակը։ Փոխվում է տեղի միկրոկլիման, ոչնչանում է գետային ձկնաշխարհը։ Վերգետնյա խողովակաշարերը խանգարում են վայրի կենդանիների տեղաշարժին։ Համայնքը փոքր ՀԷԿ-երից սոցիալական աջակցություն չի ստանում։
Աղստև գետ
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, բացառությամբ արևային, հողմային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի, արգելվում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Դիլիջան քաղաքը
Դեռ 2014 թվականին Դիլիջանը միացել էր Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» գլոբալ նախաձեռնությանը, սակայն նրա մասնակցությունը ներկայում կասեցված է։ ԷկոԼուրի անդամները դիմելով հանդիպման մասնակիցներին ասացին, որ Դիլիջանը, ունենալով բարենպաստ բնական միջավայր, էներգախնայողության և էներգաարդյունավետության զարգացման մեծ ներուժ, կարող է վերականգնել իր մասնակցությունը «Քաղաքապետերի դաշնագրին» և ստանալ փորձագիտական աջակցություն՝ ուժեղացնելու կարողությունները և մշակելու ռազմավարություններ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:
Դիլիջանը գազաֆիկացված է, սակայն բնակչության մի մասը տները ջեռուցում է վառելափայտով՝ ճնշում գործադրելով «Դիլիջան» ազգային պարկի վրա։ Դիլիջան քաղաքը և հինգ գյուղական բնակավայրեր՝ Թեղուտը, Հաղարծինը, Գոշը, Խաչարձանը և Աղավնավանքը գործնականում գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում: Չորս բնակավայրեր տեղակայված են ազգային պարկի շրջակայքում՝ Ֆիոլետովոն՝ արևմուտքից, Հովքը՝ հյուսիս-արևելքից, Սեմյոնովկան և Ծովագյուղը՝ հարավից:
Հաղարծնի վանք
Քննարկման մասնակիցները նշեցին, որ վերջին տարիներին նկատվում է վառելափայտի օգտագործման նվազում։ «Վառելափայտի օգտագործումը նվազում է։ Հիմնականում սեփական տներում են օգտագործում, մարդիկ 7-8 ամիս հնարավորություն չունեն գազ վառելու։ Փայտամշակման ձեռնարկությունները փայտը Ռուսաստանից են բերում, այստեղից շատ քիչ է», - ասաց Արման Բազինյանը։
«Անտառհատումներն, իրոք, կրճատվել են։ Մի քանի գործոններ են ազդել՝ գազաֆիկացումը, ազգային պարկի հետևողական աշխատանքը, նաև տուրիստական հոսքը։ Շատ բնակիչներ անցել են տուրիզմի հետ կապված աշխատանքների, տները, հյուրատները վարձով են տալիս։ Մարդիկ ավելի շատ տուրիզմի հետ են կապում իրենց կյանքը», - ասաց «Էկոքաղաքականություն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանը։
Պարզ լիճ
Ըստ «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրի՝ տեղի բնակչությունը վառելափայտը պատմականորեն ձեռք է բերել ազգային պարկի տարածքից, և վառելափայտի օգտագործման ծավալը յուրաքանչյուր տնային տնտեսության կողմից տարեկան կազմում է 10_30խմ:
Նշենք, որ պահանջվող վառելափայտի ծավալն ավելին է օրինական առաջարկվող վառելափայտի և թափուկի ծավալից։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաձայն՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում միայն 2022 թվականին հայտնաբերվել է սաղարթի փոփոխության 29 օջախ, ապօրինի անտառհատումների 8 տարածք, բռնկվել է 6 հրդեհ և այրվել է 168.61հա այլ բուսածածկ տարածք։ «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ում գարնանային և աշնանային ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր թվով 146 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր՝ 234.14խմ ծավալով, որոնց բոլորի համար կազմվել են անտառխախտման արձանագրություններ:
Ինքնայրվող աղբավայր
Դիլիջանի անտառների հատումները հանգեցնում է ջերմոցային գազերի կուտակման ունակության կրճատման և կլիմայի փոփոխության ակտիվ դրսևորումների։ Կլիմայական պայմանների փոփոխությունները, անտառային ծածկի կրճատումը, ինչպես նաև անձրևների ակտիվությունը, բնական լանդշաֆտների խախտումը, էրոզիոն գործընթացները և մարդածին գործոնները նպաստում են սելավների և սողանքների ակտիվացմանը: Խոշոր սողանքների վայրեր են Դիլիջան քաղաքը, Հաղարծին գյուղը, Պարզ լիճը:
Սողանք Դիլիջան քաղաքում
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական բաղադրիչի վրա, որը պետք է դառնա կլիմայի փոփոխության հարմարվողականության, «կանաչ» էներգետիկայի մաս, ինչը կնպաստի համայնքի կայուն զարգացմանը։ Այս նպատակով ԷկոԼուրի և համայնքի համագործակցությամբ մշակվում է առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի պատասխանատու պետական մարմիններին։
Հոկտեմբեր 10, 2023 at 13:57