Մայրաքաղաքի բնակիչներն ու նախաձեռնությունները համատեղ արշավ են սկսել Երևանի Օղակաձև զբոսայգու «Արարատ» ակումբի թենիսի կորտերը չհեռացնելու պահանջով: www.change.org կայքում բացվել է «Փրկենք Թենիսը Հայաստանում» վերտառությամբ ստորագրահավաք: «Եթե Երևան քաղաքում գործող ամենահին թենիսի կորտերը փակվեն և քանդվեն, ապա թենիսը որպես սպորտաձև կվտանգվի, և կհասցվի մեծ ու անդառնալի վնաս այդ ոլորտին: Արդեն շուրջ 60 տարի ձևավորված ավանդույթները Երևանի անբաժանելի մասն են, և գալիք սերունդները չեն ունենա հնարավորություն մարզվելու Երևանի սպորտային դեմքը դարձած այս կորտերում: Փակելով շուրջ 22 կորտից 6-ը, Երևանը մեծ հետընթաց կգրանցի թենիսի բնագավառում»,- նշված է ստորագրահավաքի տեքստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է դիմել ՀՀ կառավարություն՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածը գերակա հանրային շահ ճանաչելու և «Green Rock Management» ընկերությանը կառուցապատման իրավունքով հանձնելու համար:
Սույն թվականի հունվարի 15-ին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից, իսկ ինչ վերաբերում է թենիսի «Արարատ» ակումբին, ապա այն կգործի մեկ այլ վայրում՝ վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով: «Օղակաձև այգին փոքր կենտրոնի միակ կանաչ տարածքն է, և մեզ համար գերակայություն է կանաչ գոտու վերականգնումը: Խոսքն ընդհանուր հանրային շահի մասին է: Թենիսի ակումբը միանշանակ պետք է վերակառուցվի ու հասանելի լինի բոլորին, ուստի դիրքը կարևոր չէ, ակումբին տրվելու է տարածք և այն շարունակելու է գործել: Սա սոցիալական ծրագիր է. Երևանում որոշակի ընկերություն պատրաստ է սոցիալական պատասխանատվություն ստանձնել ու մեծ գումարներ ներդնել հանրային տարածքները վերականգնելու համար, որոշակի հասարակական տարածքներ ներառելով, որպեսզի կարողանա հանրային այդ տարածքների հետագա սպասարկումն իրականցնել»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Մամլո հաղորդագրությամբ է հանդես եկել «Green Rock Management» ընկերությունը, որում նշված է. «Green Rock Management Group ընկերությունը իրականացնում է մի շարք ծրագրեր միտված Հայաստանի զարգացմանը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի և չափանիշների վրա: Մեր նախագծերում ներգրավված են տարբեր երկրներից լավագույն մասնագետներ, որոնք իրենց գիտելիքն ու փորձը ներդնում են ընկերության նախանշած ծրագրերն իրականացնելու համար: Այս պահին ընկերությունն աշխատում է մի շարք նախագծերի վրա, որոնց շարքում է Դիլիջան քաղաքի վաղեմի համբավը վերականգնելը. միակ սպորտ դպրոցի հիմնանորոգումն ու վերազինումը ժամանակակից տեխնիկայով, տարածաշրջանում եզակի կոնցեպտով բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, պատմական որոշ շենքերի պահպանումը և վերականգնումը, էլեկտրական և հիբրիդային մեքենաներով քաղաքային տաքսի ծառայության ներդնումը, միջազգային ամենամյա փառատոների ստեղծումը, անգամ Դիլիջան քաղաքի «մուտքը» բարեկարգելը և այլ զարգացող քաղաքներին հատկանշական նշաձողային ծրագրեր:
Նշված ծրագրերին զուգահեռ բանակցություններ են ընթանում Հայաստանում գործող միջազգային ընկերությունների հետ՝ կրթական և զարգացման մի շարք բացառիկ բիզնես ծրագրերի իրականացման շուրջ: Այս ամենի արդյունքում կստեղծվեն աշխատաշուկայի լավագույն չափանիշներին համապատասխան հարյուրավոր նոր աշխատատեղեր:
Անդրադառնալով Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերությունն ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել է առաջարկ ներկայացնել Երևանի Օղակաձև զբոսայգու վերափոխման և բարեկարգման նախագիծ (O4 Green Urban Hub):
O4 Green Urban Hub-ի իրականացման համար ընկերությունը հայտնել էր ավելի քան 8,5 միլիոն դոլարի ներդրման իր պատրաստակամության մասին: Նախագծի հաստատման պարագայում այս միջոցները կօգտագործվեին ծրագրի նախագծման և իրագործման համար, որի նպատակն է Երևանի Օղակաձև այգու թամանյանական նախագիծը վերականգնելը և այն միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքային այգու վերածելը՝ պահպանելով բոլոր պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցները և ապահովելով շուրջօրյա սպասարկում:
Մեր կողմից արդեն իսկ իրականացվել է քաղաքացիների ցանկությունների առաջնային ուսումնասիրություն, և մինչ վերջնական նախագիծ ունենալը մենք պատրաստվում էինք կազմակերպել հանրային քննարկումներ՝ հավաքագրելու հանրության պատկերացումները տարածքի մասին և առանձնացնելու այգու վերականգնման համար առավել ցանկալի տարբերակները: Նախագծի վրա աշխատելու համար ընտրվելու էր ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերություն՝ տեղական մասնագետների մասնակցությամբ:
Նախագծի իրականացումը ներկայումս քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ, այս պահին քաղաքապետարանի և Green Rock Management Group-ի միջև որևէ ստորագրված փաստաթուղթ չկա: Մենք հետևում ենք հետագա զարգացումներին և կդիտարկենք բացառապես սոցիալական այս ծրագրի իրականացման նպատակահարմարությունը մեզ համար: Մենք քննարկում ենք նաև նշված գումարը բիզնես ծրագրերում ներդնելու հավանականությունը»:
Հունվար 16, 2024 at 15:49