

Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Աղբավայրը գործարկվել է դեռ 1950-ականներին։ 52 հեկտար մակերեսով այս աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։
Ըստ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի՝ այս տարի պետք է մեկնարկեր Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է փակել Նուբարաշենի գործող աղբավայրը և հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր։ Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական ներդրումային բանկը՝ 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական միությունը՝ 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ, Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P)՝ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ։ Ընդհանուր 26 միլիոն եվրո։
ԷկոԼուրը Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե երբ Երևանը կունենա նոր աղբավայր։ Ի պատասխան փոխքաղաքապետը նշեց․ «Նոր աղբավայր ունենալը մեզ համար ամենակարևոր ռազմավարական նպատակներից է, որին պետք է հնարավորինս շուտ հասնել։ Երբ հաստատվի վերջնական ծրագիր, այդ ժամանակ պարզ կլինի։ Ծրագրի (Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր) իրականացման համար դոնոր կազմակերպությունների կողմից մի շարք նոր բաղադրիչներ էին ավելացվել, մասնավորապես՝ վերամշակման բաղադրիչը։ Հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ բաղադրիչը կամ այլ ֆինանսավորմամբ ավելացնել կամ հրատապ նոր ծրագրի քննարկում իրականացնել։ Սա է խնդիրը։ Վերամշակող գործարան, կարծում ենք, հնարավոր է ունենալ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում՝ հաշվի առնելով, որ ոլորտի նկատմամբ օրեցօր մեծանում է հետաքրքրությունն ու ուշադրությունը»։
Հունիս 21, 2024 at 15:22