Մասնագետներն և քաղհասարակության անդամները ներկայացնում են Երևանի կանաչ տարածքների պահպանմանն ուղղված առաջարկություններ

Մասնագետներն և քաղհասարակության անդամները ներկայացնում են Երևանի կանաչ տարածքների պահպանմանն ուղղված առաջարկություններ

«Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կանաչ գոտի․ իրավիճակի և հեռանկարների գնահատում» թեմայով կլոր սեղանի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, մասնագետներն ու քաղհասարակության անդամները քննարկեցին մայրաքաղաքի կանաչ տարածքների խնդիրները։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը նշեց, որ մայրաքաղաքի այգիների 90 և ավելի տոկոսը վարձակալած է, կան այգիներ, որոնք վարձակալած են մինչև 90 տարի ժամկետով։  «Որ այգին նշեք, ասելու եմ՝ վարձակալած է․ Սիրահարների այգին, Անգլիական այգին, Հաղթանակի զբոսայգու գերակշիռ մասը։ Ծանուցումներ ենք ուղարկում, որ բոլոր անբարեխիղճ վարձակալների հետ խզեն պայմանագրերը, բայց դրանք էլ սնանկ են ճանաչվել, սա էլ ուրիշ դատական գործընթացների մասին է խոսքը։ Կոնսերվատորիայի հարևանությամբ գտնվող այգին 5 ենթավարձակալ ունի․ առաջինը՝ մահացել է, երկրորդը՝ կորած է, երրորդին գտել ենք, բայց ասում է՝ հանձնել եմ չորրորդին, չորրորդն էլ՝ հինգերորդին։ Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ կապված այգիների վարձակալության հետ», - ասաց Արթուր Խալաթյանը։

«Այդ պայմանագրերը կնքվել են դեռ 2000-ականներին՝ երկարաժամկետ։ Գույքի վարձակալության օգտագործման պայմանագրեր են կնքվել, որոնցում գրված է, որ վարձակալը պետք է պատշաճ պահի այդ կանաչ տարածքը։ Երբ մենք ուզում ենք վիճարկել, չենք կարողանում հաջողության հասնել, որովհետև շատ լղոզված է գրված», - ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

«Այստեղ հանրային շահի խնդիր կա, մի՞թե քաղաքային իշխանությունը չի կարող գտնել համալիր լուծում։ Հազարավոր քաղաքացիների կյանքի ու առողջության խնդիր է սա», - ասաց  «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդրին՝ նշելով, որ այն հնարավոր է մեղմել գրագետ կանաչապատման շնորհիվ։ Ըստ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Ներսեսյանի՝ պետք է փոխվի Երևանում անցկացվող ծառերի խորը էտի մեթոդը։

«Տասնյակ տարիներ շարունակ ծառերը ենթարկվում են խորը էտի, հաճախ հատվում են մինչև բուն։ Չի կարելի ամեն տարի ծառերը ենթարկել նույն սթրեսին։ Ի վերջո, թթվածին առաջացնում է ծառի կանաչ մակերեսը», - ասաց  Անուշ Ներսեսյանը։

Արթուր Խալաթյանն արձագանքեց, որ ծառերի էտի պահանջ հաճախ ներկայացնում են բնակիչները՝ նշելով, որ ծառերի ճյուղերը «տուն են մտնում», բնակարաններում հեշտությամբ հայտնվում են միջատներ։ Լինում են դեպքեր, երբ ծառերն ընկնում են մարդկանց, մեքենաների վրա։

Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) փորձագետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ պետք է կիրառել արտերկրում աշխատող մեթոդը՝ իրականացնել ծառերի խնամք և ձևավորում, երբ ծառը դեռ փոքր է, երիտասարդ է, թույլ չտալ, որ ծառն այնքան մեծանա, որ վտանգ առաջացնի։

Ըստ քննարկման մասնակիցների՝ վերանայման կարիք ունի ծառերի փոխարինման քաղաքապետարանի ծրագիրը։ «Երևանում ժամանակին տնկված ծառերն իրենց արդարացրել են՝ սոսին, կաղնին, թխկին։ Այդ տեսակները ցույց են տվել, որ Երևանի ծանր կլիմայական պայմաններում կարողանում են աճել, սաղարթ են տալիս, մաքրում են օդը փոշուց։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մենք 30-40-50 տարվա ծառը պետք է հատենք, ասենք, որ հիվանդ է կամ միջատն է «կերել», որի դեմը կարող ենք առնել», - ասաց Անուշ Ներսեսյանը։

«Այդ աշխատանքներն իրականացվում են ըստ Երևանի ավագանու 28․11․2009 թվականի 36-Ն որոշման։ Դրանք կոչվում են փողոցների վերաձևավորման կամ ձևափոխման աշխատանքներ։ Եթե Երևանում կազմակերպության կողմից ծառ է հատվում, կազմվում է ծառահատման տոմս՝ հասցե, հատվող ծառի բարձրություն, սաղարթի լայնություն, դրանից առաջացող փայտանյութ, հիվանդությունները, և դրա տակ հիմքը։ Վերջնական հաստատումից հետո է հեռացվում ծառը։ Մենք տնկում ենք այն բոլոր ծառատեսակները, որոնք թույլատրելի է կառավարության որոշմամբ։ Դրանք այն ծառատեսակներն են, որոնցով ՀՀ-ում մշտապես իրականացվել է տունկ։ Կա տոկոսային հարաբերակցություն պտղատու և դեկորատիվ ծառատեսակների։ Օրինակ, Սակուռա տեսակը տնկվել է Մոսկովյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 43 հատ։ Իսկ մենք տարեկան տնկում ենք 1500-2000 հատ ծառ», - ասաց Արթուր Խալաթյանը։

«Ինչքան էլ կանաչապատենք քաղաքը, փոշուց չի փրկի մեզ։ Հիմնական փոշիները դրսից են գալիս։ Պետք է Երևանի շուրջ անտառները վերականգնել», - նշեց Ռուբեն Պետրոսյանը։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ ամառային ժամանակահատվածում  Երևան մուտք են գործում գերփոշով հագեցած օդային հոսանքներ։ Աշխատանքները պետք է այնպես իրականացվեն, որ մինչ Երևան մուտք գործելը հնարավոր լինի մեղմել այդ հոսանքները։ Իսկ քաղաքում՝ որտեղ հնարավոր է լինում գտնել համայնքապատկան հողեր, այնտեղ կազմակերպությունն իրականացնում է կանաչապատման աշխատանքներ», - նշեց Արթուր Խալաթյանը։ Նա դիմեց քաղհասարակությանը՝ առաջարկով համագործակցել և աջակցել քաղաքապետարանին բնակչության իրազեկման մասով։

Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան առաջարկություններով։

  • Ծառ հատելուց պետք է հաշվի առնել, թե այդ ծառը քանի տասնյակ տարի է ապրել։ Եթե մենք անգամ 10 տարվա ծառ ենք տնկում, ինքը 30-40 տարվա ընթացքում ծառ կդառնա։ Նոր կանաչապատ տարածքների ստեղծումը ողջունելի է, բայց մեծ հասուն ծառերը հատվելուց առաջ պետք է գնահատվեն՝ արդյոք այն արդեն ոչ կենսունակ է և ենթակա է փոխարինման։
  • Խորը էտը պետք է արգելվի և փոխարինվի խնամքով։ Ամեն տարի անցկացվող խորը էտը վնասում է ծառերը։ Նույնիսկ երկարակյաց սոսին սկսում է թուլանալ, երբ ամեն տարի հաստ ճյուղերը կտրվում են։ Առաջանում է արմատային համակարգի և սաղարթի խիստ անհավասարություն։ Խորը էտը բերում է սաղարթի կանաչ զանգվածի զգալի փոքրացմանը, ավելի քիչ թթվածին է առաջանում, օդի ավելի քիչ քանակ է մաքրվում փոշուց և վտանգավոր նյութերից։ Վնասվում են թռչունների բները, այդ թվում նաև՝ միջատակեր թռչունների։
  • Միջատների խնդիրը պետք է լուծել ոչ թե հատման կամ խորը էտի միջոցով, այլ իրականացնել ծառերի բուժման միջոցառումներ՝ օգտագործելով առաջին հերթին կենսաբանական մեթոդը։ Նույնիսկ միջատների կողմից վնասված տերևները (օրինակ` մանրատերև թեղու) կատարում են իրենց ֆունկցիան։
  • Երևանը կարիք ունի մեծ սաղարթով ծառերի, քանի որ օդը կլիմայական պայմանների հետևանքով չոր է, ամռանը շոգ է։ Քաղաքապետարանի կողմից ընտրված Ալբիցիան գեղեցիկ է նայվում, բայց անիմաստ է տնկել ճանապարհների մոտ, որովհետև մեծ ծառ չէ, տերևները ուշ են բացվում։ Հուդայածառը նույնպես մեծ ծառ չի դառնա։ Սակուրան մեծ ծառ չէ, նաև ակնկալվում է, որ վարդազգիների հիվանդություններով կարող վարակվել։
  • Նոր տեսակներ առաջարկելիս անպայման մի քանի տարի հարկավոր է ստուգել տնկարանների պայմաններում՝ արդյոք համապատասխանում է Երևանի բնակլիմայական պայմաններին՝ հաշվի առնելով նաև մայրաքաղաքի ծովի մակերևույթից տարբեր բարձրությունները։
  • Հարկավոր է հաշվի առնել ծառերի սերնդափոխության գործոնը։ Նախ ծերացած ծառի մոտ տնկել նորը, սպասել, որ մեծանա, հետո նոր հինը հատել։
  • Ծառերի հատումներ պետք է կատարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ փակում է երթևեկության լուսանշանները, կարող է ընկնել և այլն։
  • Վերականգնել Երևանում և Երևանի շուրջ եղած կանաչ գոտիները։
  • Հարկավոր է բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը ծառերի դերի մասին օդի մաքրության և մարդու առողջության համար։
  • Անհրաժեշտ է սահմանել օրենք, որով յուրաքանչյուր ծառի համար կլինի պատասխանատվություն, և ծառերը պետք է համարակալվեն։
  • Երևանում տեղի է ունենում բարձրահարկ շենքերով զանգվածային կառուցապատում՝ առանց կանաչ տարածքների, իսկ սեփական տները կանաչ բակերով վերանում են։ Անհրաժեշտ է կարգավորել շինարարության ոլորտը, սահմանել նորմեր, որոնք կպարտադրեն ունենալ կանաչ տարածքներ։
  • Անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր կանաչապատման տվյալների միասնական բազա, որը կընդգրկի ընդհանուր օգտագործման այգիների, պուրակների, անտառները տվյալները։
  • Անհրաժեշտ է կարգավորել համայնքային հողերի վարձակալության և ենթավարձակալության հարցերը, քանի որ ներկա չկարգավորված վիճակը խոչընդոտներ է ստեղծում կանաչապատման ծրագրերի պլանավորման և իրականացման համար։
  • Պետք է վերականգնել Երևանի շուրջ անտառները, որովհետև փոշին նաև դրսից է գալիս։ Այդ գոտիների մի մասը կառուցապատված է, մի մասը՝ սեփականաշնորհված, բայց ոչինչ արված չէ։ Այդ տարածքների խնդիրը պետք է լուծել։

Կլոր սեղանին մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից Մերի Հոխանյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Ռուդովը, Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) փորձագետ Ռուբեն Պետրոսյանը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Մերի Մինասյանը, «Գրին Գրին» էկոկենտրոնի ղեկավար Դանա Վերգիլյուշը, Հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։

«Կանաչ գոտի իրավիճակի և հեռանկարների գնահատում» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում։

Ապրիլ 11, 2025 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր