Քիշնևում ամփոփվեցին «EU4Dialogue» ծրագրի արդյունքները

Քիշնևում ամփոփվեցին «EU4Dialogue» ծրագրի արդյունքները

2025թ. մարտին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցավ «EU4Dialogue-ի սահմաններից դուրս. ապագայի համար սիներգիայի ձևավորում» աշխատաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին «EU4Dialogue» հնգամյա ծրագրի արդյունքները։ Ծրագիրն ուղղված էր Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտող կողմերի միջև երկխոսության խթանմանը, փոխըմբռնման ու վստահության ամրապնդմանը և հաշտեցման գործընթացներին նպաստմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին 2020-2025թթ. կատարված աշխատանքների արդյունքները և քննարկվեց հետագա հնարավոր համագործակցությունը: 

Ծրագրի շրջանակներում  ստեղծվել են չեզոք երկխոսության հարթակներ, որտեղ Արևելյան գործընկերության երկրները քննարկել են ընդհանուր խնդիրներ, ներառյալ՝ էներգետիկայի, կլիմայի փոփոխության, ջրի և այլ հարցերի վերաբերյալ:

Աշխատաժողովին մասնակցեցին Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի փորձագետներ, որոնց թվում էր նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, ով էներգետիկ անցման երկխոսության հարթակի անդամներից էր:

Էներգետիկ անցման և կլիմայական հարթակների մասնակիցները համատեղ պատրաստել էին «Համագործակցություն կլիմայական խոցելիության շուրջ. Արևելյան գործընկերության երկրներում կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային պլանավորմանը տարածաշրջանային ասպեկտների ավելացում» փաստաթուղթը: 

Փաստաթղթի պատրաստմանը հայկական պատվիրակությունից մասնակցել էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Երևանի Օրհուս կենտրնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Ներառում Հայաստան» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Եվա Մարտիրոսյանը, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Արփինե Սուքիասյանը: Փաստաղթում նաև հրապարակվել էր Քրիստինա Տեր-Մաթևոսյանի՝ Արարատի մարզի Կախանովի ջրանցքը պաատկերող լուսանկարը՝ կլիմայի փոփոխության գետային համակարգերի վրա ունեցած ազդեցության համատեքստում: 

Աշխատաժողովի օրերին մասնակիցները քննարկեցին ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարները և այլ կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության ուղղությունները:

Ապրիլ 08, 2025 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր