ԵՄ ծրագրի աջակցությամբ Հայաստանի համայնքային և պետական 101 շենքերում տեղադրվել են արևային կայաններ

ԵՄ ծրագրի աջակցությամբ Հայաստանի համայնքային և պետական 101 շենքերում տեղադրվել են արևային կայաններ

Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 101 շինությունում, ներառյալ մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, բուժհաստատություններ և այլ կառույցներ, տեղադրվել են 3-150 կՎտ հզորությամբ արևային կայաններ՝ 1600 կիլովատ ընդհանուր դրվածքային հզորությամբ: Մասնավորապես,150 կՎտ հզորությամբ կայաններ տեղադրվել են Սևան, Իջևան, Գավառ, Մարտունի բժշկական կենտրոններում:

Միջոցառումներն իրականացվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր բյուջեն 2,8 միլիոն եվրո է։

Բազմաթիվ շինություններում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, իրականացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ՝ տանիքների և նկուղների ջերմամեկուսացում, էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում:

Էներգաարդյունավետ վառարաններ են տրամադրվել 688 ընտանիքների, խոցելի տնային տնտեսություններին՝ անվճար, իսկ այլ ցանկացողներին՝ համաֆինանսավորման սկզբունքով:

Ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում ածխաթթու գազի արտանետումները նվազել են տարեկան ավելի քան 2600 տոննայով: Արդյունքում տարեկան կխնայվի ավելի քան 1350 խմ վառելափայտ և կպահպանվի ավելի քան 10.5 հա անտառ:

Ծրագրի շրջանակում իրականացվել են մետաղագործ վարպետների ուսուցումներ էներգաարդյունավետ վառարանների տեխնիկական և բիզնես հարցերի վերաբերյալ, համայնքային ներկայացուցիչների ուսուցումներ՝ կայուն էներգիայի, էներգախնայողության և բնության պահպանության, ինչպես նաև տեղադրված արևային կայանների շահագործման և սպասարկման թեմաներով: Բազմաթիվ համայնքներում կազմակերպվել են տեղեկատվական արշավներ, հանդիպումներ համայնքային աշխատակիցների հետ, իրազեկման միջոցառումներ և էքսպո ցուցահանդեսներ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության վերաբերյալ:

Ուսումնասիրվել են կոշտ կենսազանգվածային վառելիքով աշխատող վառարանների և տեղական ջեռուցման կաթսաների հայաստանյան և միջազգային ստանդարտները, կատարելագործվել են դրանց տեխնիկական պարամետրերը: Բացի այդ, ուսումնասիրվել է արևային օդատաքացուցիչների իրագործելիությունը, որոնք կարող են կիրառվել ինչպես հանրային շինություններում, այնպես էլ տնային տնտեսություններում՝ նվազեցնելով ջեռուցման ծախսերը և ճնշումը բնական ռեսուրսների ու անտառների վրա:

Ծրագիրն իրականացվել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ:

Մարտի 26-ին տեղի ունեցավ Ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։

Ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը, ներկայացնելով Ծրագրի արդյունքները, ասաց․ «Ծրագիրն իրականացվել է էներգետիկ առումով խնդրահարույց համայնքներում՝ ապահովելով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ավելի լավ հասանելիություն՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը: Ծրագիրը երկու հիմնական արդյունք ուներ՝ առաջինը՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի փոխկապակցված լուծումների խթանում ցածր եկամուտ ունեցող գյուղական և քաղաքային տնային տնտեսություններում և բնակավայրերում՝ ծախսերի համաֆինանսավորման, իրազեկության բարձրացման և հզորությունների ստեղծման միջոցով, երկրորդը՝ ավելի մեծ ազդեցություն ունեցող էներգաարդյունավետության վերականգնվող էներգիայի միջոցառումներ և ցուցադրական պիլոտային գործողություններ էներգիայի տեսակետից առավել խոցելի համայնքներում»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսված գումարները համայնքը ծախսում է այլ ուղղություններով: «Այն շենքերը, որտեղ ամբողջ ծավալով ենք իրականացրել աշխատանքներ՝ և՛ արևային կայան ենք տեղադրել, և՛ ջերմամեկուսացրել, ավելի մեծ արդյունավետություն ունեն: Համայնքներում, որտեղ ձմեռը երկար է, ծախսը շատ է, բնականաբար այս միջոցառումները շատ օգտակար են: Ամբողջ սպեկտրը, որ իրականացվել է Ծրագրի շրջանակներում, նաև բնապահպանական մեծ նշանակություն ունի»,- ասաց  Աշոտ Գիլոյանը:

Ալլա Բերբերյանը նշեց, որ Հայաստանում կայուն էներգիայի ոլորտը մեծ ուշադրություն է ստանում, սակայն շենքերի տեխնիկական վիճակը հաճախ դժվարություններ է առաջացնում միջոցառումների իրականացման համար: 

Ապրիլ 01, 2025 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր