Էներգաարդյունավետ լուծումներ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում

Էներգաարդյունավետ լուծումներ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում

Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում իրականացվել է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս:

Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ, բարձր լեռնային վայրերում գտնվող տնտեսական ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներում ցուցադրել էներգաարդյունավետության և վերականգնվող էնեգետիկայի օգուտները, օգնել համայնքներին կրճատել իրենց կոմունալ ծախսերը և խնայել միջոցներ՝ համայնքների կանաչ տնտեսական զարգացման համար: Ծրագիրն ուղղված է նաև Հայաստանում նվազեցնելու էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը, հանածո վառելիքի ու վառելափայտի օգտագործումը, նպաստելու անտառների պահպանությանը:

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ծրագրի «Փոքրածավալ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և տնային տնտեսությունների փորձնական ջերմամեկուսացում» բաղադրիչի փակման միջոցառումը։ Բաղադրիչն իրականացվել է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի էներգետիկ տեսանկյունից աղքատ համայնքներում, հատկապես ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, իրականացրել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանման կարևոր միջոցառումներ, որոնք միտված են համայնքների տնտեսական կայունության ու էներգետիկ ինքնաբավության բարձրացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը:

Ծրագրի շրջանակներում համայնքային նշանակության 50 շենքի (այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ) վրա տեղադրվել են մինչև 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ: 6 շենքում իրականացվել է տանիքի ջերմամեկուսացում, 5 շենքում՝ արտաքին դռների և պատուհանների փոխարինում: 20 սոցիալապես անապահով տնային տնտեսություններում իրականացվել են ջերմամեկուսացման միջոցառումներ՝ դուռ-պատուհանների փոխարինում, պատերի, ձեղնահարկերի ու տանիքների ջերմամեկուսացում։ Տնային տնտեսությունների ընտրության ժամանակ կարևորվել է շահառուների սոցիալական վիճակը, խոցելի խմբերի ներգրավվածությունն, այդ թվում՝ Արցախից տեղահանված շահառուների ընդգրկումը: Ծրագրի շրջանակներում մշակվել են «Տունն ինքնուրույն ջերմամեկուսացնելու» ձեռնարկ և ուղեցույց:

Արդյունքում ակնկալվում է էներգետիկ ծախսերի նվազեցում 20-30%-ով, համայնքների էներգետիկ անկախություն և տնտեսական կայունություն, անտառների պահպանություն, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում ու շրջակա միջավայրի պահպանություն:

«Խնդիր էր դրված Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում որպես թիրախ վերցնել կարիքավոր, անտառամերձ, սահմանամերձ, հնարավորինս խոցելի համայնքներ: Համայնքներն իրենց հերթին համաֆինանսավորել են մինչև 25%։ Նույն համայնքներում, որտեղ ընտրվել են այս օբյեկտները, որոնց տանիքներին արևային համակարգեր են կառուցել, նաև ընտրվել են անապահով ընտանիքներ, որոնց համար մասնակի ջերմամեկուսացման, էներգախնայության աշխատանքներ են կատարվել: Կրկին պահանջվել է մինչև 25% համաֆինանսավորում բնակիչների կողմից:

Ունեցել ենք իրազեկման հսկայական բաղադրիչ: Մշակվել են բուկլետներ, ջերմամեկուսացման ինքնուրույն իրականացման ձեռնարկ, տեսաուղեցույց: Տրվել են բազմաթիվ հարցազրույցներ, ռեպորտաժներ են արվել, որոնք լուսաբանել են այս խնդիրը: Ջերմամեկուսացման կարևորությունը մեր երկրում անընդհատ կարիք ունի լուսաբանման: Արևային համակարգերը կարծես հասկանալի են, նորաձև են դարձել, բայց ջերմամեկուսացման խնդիրը շարունակում է մնալ: Բացատրում ենք, որ ջերմամեկուսացումով ավելի շատ գումար են խնայելու, քան արևային համակարգ տեղադրելով»,- Էկոլուրի հետ զրույցում ասաց Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց. «Ծրագիրն ուղղված է համայնքի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանը: Համայնքային շենքերի աշխատակիցներն ավելի հարմարավետ պայմաններում են արդեն աշխատում: Այս ծրագրով նաև զարգացնում և ուժեղացնում ենք համայնքային աշխատողների կարողությունները: Էներգիայի իրականացման համար համայնքները գործողությունների ծրագրի ամբողջական փաթեթ պետք է ունենան, հնգամյա զարգացման ծրագիրը դառնալու է զարգացման ռազմավարություն: Այդ ռազմավարությունն ամբողջական պետք է լինի, բոլոր ուղղություններով զարգանա»:

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» ծրագրի բնապահպանական ծրագրի ղեկավար Ալլա Բերբերյանն ասաց. «Ծրագրի նպատակն է եղել ապահովել համայնքների և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի լուծումների ավելի լայն հասանելիություն՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը»:

Անդրադառնալով տնային տնտեսություններում իրականացված ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության միջոցառումներին՝ Ալլա Բերբերյանը նշեց. «Այդ աշխատանքները խթան են հանդիսանում, որպեսզի տնային տնտեսություններն իրենք ձեռնարկեն նմանատիպ միջոցառումներ: Դրանք բարելավում են ընտանիքների բարեկեցությունը, կյանքի որակը, նպաստում են ջերմոցային գազերի նվազեցմանը, նվազեցնում են վառելափայտի օգտագործումը և ճնշումը բնական ռեսուրսների, հատկապես անտառների վրա»:


Մարտ 06, 2025 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր