

Մայրաքաղաք Երևանում կիրականացվի թվով 38 հանրային շենքի կառուցում կամ վերակառուցում, սեյսմիկ արդիականացում և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում։ Այդ շենքերից 32-ը մանկապարտեզներ են, 6-ը՝ պոլիկլինիկաներ։ Միջոցառումները կիրականացվեն «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում։ Ծրագրի 2-րդ փուլի արժեքը 37,1 միլիոն եվրո է, որից 25 միլիոն եվրո վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, 10,1 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Հարևանության ներդրումային հարթակի և 2 միլիոն եվրո համաֆինանսավորում Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ակնկալվում է, որ այս աշխատանքները կկրճատեն ածխաթթու գազի արտանետումները, իսկ տարեկան կտրվածքով կխնայվի շուրջ 275 միլիոն ՀՀ դրամ էլեկտրական էներգիայի և գազի ծախսերից։
Օրերս Ծրագրի 1-ին փուլի արդյունքները ներկայացվեցին «Երևանում իրականացված և նախատեսվող էներգաարդյունավետ ծրագրեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Քննարկվեցին Ծրագրի շրջանակներում երևանյան 14 մանկապարտեզներում իրականացված աշխատանքները, գույքագրվեցին թերությունները և հենց մանկապարտեզների անմիջական շահառուներից հավաքագրվեցին առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն Ծրագրի 2-րդ փուլի իրականացման ժամանակ։ Քննարկմանը մասնակցեցին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը և տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը, նույն ՀՈԱԿ-ի էներգաարդյունավետությանը միտված ծրագրերի իրականացման խումբը, Երևանի Էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը, Ծրագրի 1-ին փուլին մասնակցած մայրաքաղաքի 15 մանկապարտեզների տնօրեններ և ներկայացուցիչներ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանը, լրագրողներ Մոնիկա Երիցյանը և Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Կլոր սեղանը կազմակերպել էին Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն։
Մերի Հարությունյանը նշեց, որ մայրաքաղաքում գործում է համայնքային ենթակայության թվով 162 մանկապարտեզ, որտեղ հաճախում է 26․610 երեխա։ Մանկապարտեզներում տարեկան սպառվում է 265,820,777 ՀՀ դրամի 5,188,541 ԿՎտժ էլեկտրաէներգիա, 341,440,030 ՀՀ դրամի 25,216,259 խմ գազ։
Ծրագրի 1-ին փուլով ընտրվել է 29 մանկապարտեզ, որոնց համար իրականացվել է սեյսմիկ և էներգետիկ աուդիտ, որոնցից ընտրվել է 15 մանկապարտեզ հիմնանորոգման համար: Էներգաարդյունավետ վերանորոգում է իրականացվել թվով 12 մանկապարտեզում։ Իրականացվել է սեյսմազինվածության բարձրացում, տանիքի ջերմամեկուսացում, ֆոտովոլտային համակարգերի և արևային ջրատաքացուցիչների տեղադրում։ 2025 թվականին ևս 2 մանկապարտեզի աշխատանքներ կավարտվեն, 1-ը՝ կմեկնարկի։
Ծրագրի 1-ին փուլի շրջանակում է թվով 47 հանրային շենքերում տեղադրվում են ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ, արդիականացվում է էներգետիկ ենթակառուցվածքը։ 47 շենքից 36-ը մանկապարտեզ են, 9-ը՝ առողջապահական, բժշկական հաստատություններ, 2-ը՝ մշակութային կենտրոններ։
Մանկապարտեզների տնօրենները ներկայացրին էներգետիկ ենթակառուցվածքների սպասարկման հետ կապված հարցերը։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները գույքագրեցին խնդիրները։
Երևանի էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը նշեց, որ հանձնարարական է տրվել տնօրեններին, որպեսզի իրենց հաստատություններում էներգետիկ պատասխանատուներ նշանակեն, ովքեր կիրականացնեն ցուցանիշների հավաքագրում և գնահատում։
Ըստ Վահագն Աթայանի՝ Երևանի էներգետիկ կառավարման համակարգում ներառված է 346 շենք-շինություն, այդ թվում՝ 162 մանկապարտեզ, 34 մարզադպրոց, 19 գրադարան, 26 արվեստի և երաժշտական դպրոց, 10 թանգարան և թատրոն, 22 առողջապահական հիմնարկ, 13 մանկապատանեկան և գեղագիտական կենտրոն, Երևանի քաղաքապետարանի և 13 վարչական կենտրոնների շենքեր, 10 համայնքապատկան այլ ՀՈԱԿ-ներ և ՓԲԸ-ներ։ Այդ 309 շենքերում և շինություններում տարեկան սպառվում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով մոտ 20 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա, շուրջ 5 միլիոն խմ բնական գազ, 2 միլիոն խմ խմելու ջուր։
Ծրագրի 1-ին փուլի արժեքը 15 միլիոն եվրո է, որից 7 միլիոն եվրո վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամից, 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցություն ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից և 2 միլիոն եվրո համաֆինանսավորում՝ Երևանի քաղաքապետարանից։
Հունվար 27, 2025 at 12:35