

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն մշակել է օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ։
Փաստաթուղթը մշակվել է «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։
Էկոլուրի կողմից 2023-2024թթ․ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում իրականացվող կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտների քաղաքականությունները բավարար չեն տեղայնացված համայնքներում, որոնք այդ քաղաքականությունների անմիջական կրողն են։
Խնդիրների կարգավորման համար մշակվել է օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների 15 առաջարկ, որոնք ուղարկվել են ՀՀ կառավարություն, համապատասխան գերատեսչություններ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ի պատասխան հայտնել է․
«Համաձայն կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի 6.1, 6.2 և 6.11 կետերի՝ 2025 թվականի ընթացքում պետք է մշակվեն՝
- «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2026-2030 թվականների միջոցառումների ցանկը»,
- Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները»,
- «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Ելնելով վերոգրյալից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունվել է ի գիտություն և դրանք շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում կդիտարկվեն նշված իրավական ակտերի մշակման շրջանակներում»։
Էկոլուրի ներկայացրած առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հունվար 20, 2025 at 16:27