Մեծ Մասրիկ բնակավայրում 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

Մեծ Մասրիկ բնակավայրում 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

«Մեծ Մասրիկ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունը:

2025թ. հունվարի 29-ին Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա ՇՄԱԳ հաշվետվության և աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ լսումը: 

Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ կայանը կառուցվելու է սեփականության իրավունքով «Մեծ Մասրիկ» ՍՊԸ-ին պատկանող հողամասում, որը գտնվում է Մեծ Մասրիկ բնակավայրի 1-ին փողոց 12-րդ նրբանցք, 2-րդ հողամաս հասցեում՝ մոտակա բնակելի շինություններից մոտ 1 կմ հեռավորության վրա, Սևանա լճից մոտ 8,6 կմ հեռավորության վրա:

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6 հա։ Համաձայն անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման վկայականի՝ հողի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների է, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի։

Արևային կայանի համար հայցվող տարածքի հողի բերրի շերտի հզորությունը մեծ է՝ 0.4-0.6 մետր: «Հայցվող տարածքում կատարվել է հողի բերրի շերտի հզորության չափում՝ տարածքի ցածրադիր և բարձրադիր հատվածներում: Հաշվարկվել է հողի բերրի շերտի միջին հզորությունը՝ մոտավորապես 48 սմ: Հողի բերրի շերտը կառուցապատումից առաջ օգտահանվում և պահեստավորվում է: Օգտահանված բերրի հողի պահեստավորման և պահեստավորված բերրի հողի պահպանության ծախսերից խուսափելու նպատակով որոշվել է արևային վահանակների տեղադրման ժամանակ հանել միայն ենթակայանի, վարչական շինությունների և ներքին ճանապարհների կառուցման տարածքների բուսաշերտը և բերրի հողը: Այն մոտավոր հաշվարկներով կկազմի 80 խմ» ,- նշված է փաստաթղթում: 

«Մեծ Մասրիկ» ընկերությանը տրամադրված էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիան մինչև 2045թ․ է: Արևային կայանը նախատեսվում է շահագործել 20 տարի, եթե շահագործման երկարացման որոշում չկայացվի։

Ֆոտովոլտային կայանի գեներատորային մասը նախատեսվում է կառուցել 8880 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 630 Վտ առավելագույն հզորությամբ, որոնք մալուխներով միանում են ենթակայանի 0.8 կՎ լարման գլխավոր ընդունիչ վահաններին:

Ըստ հաշվետվության՝ արևային կայանի շահագործման փուլում կարող են առաջանալ ֆոտովոլտային վահանակների թափոններ: «Իրենց սպառողական հատկությունները կորցրած վահանակները կհավաքվեն արևային կայանի հատուկ հատկացված տեղամասերում և կպահվեն մինչև ՀՀ-ում կհիմնվեն նման թափոնները վերամշակող կազմակերպություններ։ Իրենց սպառողական հատկությունները կորցրած վահանակների տարեկան քանակները այս փուլում հնարավոր չէ հաշվարկել, քանի որ դա կախված է ինչպես վահանակների որակից, այնպես էլ՝ բնակլիմայական պայմաններից։ Շահագործման փուլում մոդուլների ծառայման ժամկետը սպառվելուց հետո կամ դրանց վնասման դեպքում կկատարվի այդ մոդուլների ապամոնտաժում, որոնք կկուտակվեն տարածքում՝ փակ պահեստային շենքում՝ մետաղական վագոն տնակում՝ մինչև համապատասխան կազմակերպություններին հանձնելը»,- նշված է հաշվետվության մեջ։

Ընկերությունն իր հաշվետվության մեջ գրել է, որ տվյալների վերլուծության հիման վրա կկազմվի թափոնի անձնագիր և կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման նպատակով. «Ներկա պահին ՀՀ-ում չկան արևային մոդուլների թափոններ վերամշակող լիցենզավորված կազմակերպություններ։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում վտանգավոր թափոնների բնագավառում քաղաքականությունը մշակում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում լայնորեն սկսել են տեղադրել արևային կայաններ, ենթադրվում է, որ մոտ ապագայում կստեղծվեն դրանց օգտահանման հնարավորություններ։ Արևային մոդուլները հետագա օգտահանումը/կիրառումը/ուտիլիզացիան կիրականացվի շահագործման ավարտին գործող ՀՀ օրենսդրական կարգավորումների հիման վրա»։

Նշենք, որ Մեծ Մասրիկ բնակավայրում կառուցված է նաև արդյունաբերական նշանակության՝ 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանը

Հունվար 29, 2025 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր