Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի բնապահպանական միջոցառումները

Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի բնապահպանական միջոցառումները

Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրով նախատեսվում են միջոցառումներ՝  ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը, ածխաթթվային արտանետումների կրճատմանը և կայուն կենսակերպի խթանմանը։ Այդ միջոցառումների համար կտրամադրվի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեի 9․7 տոկոսը։ Ընդհանուր բյուջեն կազմում է 159․399․554․2 հազար դրամ։

«Հատուկ ուշադրություն կդարձվի ծառատնկման և քաղաքային կանաչապատման ծրագրերին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում», - նշված է ծրագրում։ 2025 թվականին կկազմվի Դալմայի շուրջ 230 հեկտար համայնքային զբոսայգու ստեղծման նախագիծ-նախահաշիվը։  Ծրագրով այս միջոցառման արդյունքում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը Երևան քաղաքում կգերազանցի 9 ք․մ։

2025 թվականին նախատեսվում է Նուբարաշենի անտառաշերտի ստեղծում՝ շուրջ 10 հեկտար։ Նախատեսվում է նաև ոռոգման նոր համակարգ։ Կտնկվի շուրջ 12000 ծառ ու թուփ, ինչը, ըստ ծրագրի, կթուլացնի Նուբարաշենի աղբավայրից մթնոլորտային օդի աղտոտման վտանգը։

Գործող քաղաքային ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրի փակմանն և նոր, ժամանակակից ու անվտանգ աղբավայրի կառուցմանն ուղղված միջոցառումներ ծրագրում նշված չեն։ Սակայն նշված է՝ «ջանքեր կներդրվեն վերամշակման կենտրոնի կառուցման ուղղությամբ»։

Ըստ ծրագրի՝ կբարելավվի հանրային շենքերի էներգաարդյունավետությունը՝ անցում կատարելով կանաչ տեխնոլոգիաների և էներգախնայող սարքավորումների օգտագործմանը։ 2025 թվականին քաղաքային շենքերի տանիքների 25%-ը կծածկվեն արևային վահանակներով, ինչի արդյունքում քաղաքային կարիքների համար տանիքներին արտադրած էներգիայի քանակը կավելանա 15%-ով։

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլի շրջանակում կավարտվի հ.74 և հ.138 մանկապարտեզների էներգաարդյունավետ հիմնանորոգումը, ինչի արդյունքում յուրաքանչյուր մանկապարտեզում կապահովվի շուրջ 60% էներգախնայողություն, իսկ CO2 արտանետումները կկրճատվեն տարեկան շուրջ 17 տոննայով։ Նույն ծրագրի շրջանակում թվով 47 հանրային շենքերում կիրականացվեն էներգախնայողության մակարդակի բարձրացման աշխատանքներ, կապահովվի շուրջ 30% էներգախնայողություն, CO2 արտանետումները կկրճատվեն տարեկան շուրջ 10 տոննայով։

Կշարունակվեն Հրազդան գետի երկայնքով կոյուղու կոլեկտորի կառուցման նախագիծ-նախահաշվի կազմման աշխատանքերը։ Միջոցառման նպատակն է բացառել ապօրինի ջրահեռացումները դեպի Հրազդան գետ։

Փետրվար 19, 2025 at 13:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր