«Գրին-Գրին»-ի ակցիաների շրջանակներում երեք տարում Հայաստանում ավելի քան 148 տոննա աղբ է հավաքվել

«Գրին-Գրին»-ի ակցիաների շրջանակներում երեք տարում Հայաստանում ավելի քան 148 տոննա աղբ է հավաքվել

«Էկոլուր» մամուլի ակումբում կայացած «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում «Գրին-Գրին» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանա Վերգելյուշը ներկայացրեց կազմակերպության երեք տարիների գործունեությունը։

«Գրին-Գրինն» ամեն շաբաթ իրականացնում է կանոնավոր մաքրման ակցիաներ (շաբաթօրյակներ) Երևանում և Հայաստանի մարզերում։ Ընդհանուր առմամբ անցկացվել է 123 կամավորական մաքրման ակցիա, այդ թվում՝ մի քանի փակ միջոցառումներ տարբեր ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ։ Ակցիաների ընթացքում հավաքվել է ավելի քան 148 տոննա աղբ, որից ավելի քան 50 տոննան ուղարկվել է վերամշակման։

Ըստ Դանայի՝ ակցիաներին մասնակցել է ավելի քան 6500 մարդ։ «Սկզբնական շրջանում մասնակիցների հիմնական մասը միգրանտներ էին, սակայն ներկայում կազմում առկա է հավասարակշռություն․ մոտ 50 տոկոսը՝ տեղաբնակներ են, ովքեր գալիս են օգնելու՝ դարձնելու Երևանն ու Հայաստանն ավելի մաքուր և հարմար բնակության համար»,- ասաց նա։

Մաքրման վայրերը տարբեր են եղել՝ քաղաքային լանջերից մինչև գետերի ու լճերի ափեր։ Երևանում իրականացված մաքրման ակցիաներն ընդգրկել են Հաղթանակի զբոսայգին, Կասկադը, Անտառային, Խանջյան և Գևորգ Էմին փողոցները, ինչպես նաև Կիևյան, Դավթաշեն և Հաղթանակ կամուրջների հարակից տարածքները։ Մաքրվել են Սասունցի Դավիթ կայարանի շրջակայքը, Մատենադարանի հարևանությունը, Մանկական երկաթուղու հատվածը, Երևանյան լճի առափնյա հատվածները, ինչպես նաև Հրազդանի կիրճի բազմաթիվ հատվածներ։

Մայրաքաղաքից դուրս նախաձեռնությունը հասել է Սևան, Ազատի ջրամբար, Լոռու մարզի Ալավերդի քաղաք Դեբեդ գետի ափերը մաքրելու համար, եղել են Գյումրիում և այլ վայրերում։ Կազմակերպության կայքում արդեն քարտեզագրված են նախորդ ակցիաների վայրերը։ Ներկայում ընթանում են աշխատանքներ նոր վեբ հավելվածի մշակման ուղղությամբ, որը հնարավորություն կտա ավելացնել նոր աղտոտված վայրեր և գրանցվել որպես կազմակերպիչ։ Ըստ կազմակերպության հիմնադրի՝ իրենք պատրաստ են տրամադրել անհրաժեշտ ցուցումներ ու գործիքներ։

Բացի մաքրման աշխատանքներից, կազմակերպությունը զբաղվում է բնապահպանական կրթությամբ։ «Մեր նպատակն է որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել էկոլոգիական գործունեության մեջ և հասարակության մեջ ձևավորել այն գիտակցումը, որ աղբը մաքրելը ամոթ չէ։ Հաղթանակի զբոսայգում գործում է մեր էկո-կենտրոնը, որտեղ անցկացնում ենք դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար։ Մեզ մոտ այցելում են դպրոցականներ և մանկապարտեզի խմբեր, ուսանողներ: Անցկացվում են դասախոսություններ, ուսուցողական պարապմունքներ հայերեն, ռուսերեն, երբեմն նաև անգլերեն լեզուներով։ Սովորեցնում ենք թե՛ աղբի տեսակավորում, թե՛ թափոնների նվազեցման կոնցեպտները, ինչպես նաև շրջանառու տնտեսության գաղափարները։ Այդ նպատակով օգտագործում ենք ինտերակտիվ խաղեր, դիտում ենք վավերագրական ֆիլմեր, կազմակերպում քննարկումներ ու բանավեճեր»,- նշեց Դանա Վերգիլյուշը: 

Կլոր սեղանի ընթացքում Դանան նաև անդրադարձավ Երևանում ինքնակամ ձևավորված աղբակույտերի խնդրին։ Նրա խոսքով՝ նման վայրերը հիմնականում ձևավորվում են այն տարածքներում, որտեղ չկա համապատասխան ենթակառուցվածք։ «Երևանի կենտրոնում՝ Կասկադին հարակից Անտառային և Սարմենի փողոցներն այնքան նեղ են, որ կոմունալ ծառայությունների մեքենաները չեն կարող մտնել, ինչի հետևանքով այդ վայրերում աղբամաններ չկան, և մարդիկ տարիներ շարունակ աղբը նետում էին լանջից։ Վերջերս մենք մաքրել ենք այդ վայրերից մեկը՝ մեկ ամսվա ընթացքում անցկացնելով մի քանի ակցիա, որի ընթացքում հավաքվել է ավելի քան հինգ տոննա աղբ։ Բացի այդ, Կասկադի անավարտ հատվածում նույնպես երկար ժամանակ գոյություն ուներ ապօրինի աղբավայր»,- ասաց նա:

Վերգելյուշը նշեց, որ եթե տարածքը լքված է ու չի վերահսկվում, ապա մեծ հավանականությամբ այնտեղ աղբ կկուտակվի։ Նա անդրադարձավ նաև մասնավոր տարածքներին, որոնցում նույնպես աղբ է կուտակվում, սակայն չկան հստակ մեխանիզմներ սեփականատերերին պարտադրելու մաքրման աշխատանքներ կատարել։ «Գոյություն ունեն նաև իրավական բարդություններ, երբ սեփականատերը Հայաստանից դուրս է, իսկ քաղաքապետարանը կամ կոմունալ ծառայությունները իրավասու չեն մուտք գործել այդ տարածք»,- ընդգծեց նա։

«Ավան վարչական շրջանում, Ավան Առինջում և այլ ծայրամասային տարածքներում կան խնդիրներ և՛ աղբահանության պարբերականության, և՛ լքված կամ կիսակառույց շենքերի հետ, որոնց հարակից տարածքներում նույնպես կուտակվում է աղբ։ Էրեբունի վարչական շրջանում նույնպես առկա են լուրջ խնդիրներ․ այնտեղ լանջերն այնքան են աղտոտված, որ անհասկանալի է՝ որքան ժամանակ ու մարդիկ կպահանջվեն այդ ամբողջը մաքրելու համար։ Բացի այդ, տեխնիկայի ներգրավումն անհնար է՝ բարդ ռելիեֆի պատճառով»,- ասաց Վերգելյուշը։

Մայիս 12, 2025 at 17:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր