

Հայաստանի ամերիկյան համալսարանում շահառու կողմերի հետ քննարկվեց «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրինագծի լրամշակված տարբերակը։
Օրինագծով նախատեսվում է հստակեցնել արտադրողների և ներմուծողների պատասխանատվությունն որոշակի ապրանքների վաճառքից առաջացող թափոնների նկատմամբ՝ ապահովելով դրանց տեսակավորված հավաքումը, վերամշակումը, օգտահանումը։
Օրինագիծը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

Օրինագծով սահմանվել է ԱԸՊ ենթակա ապրանքների ցանկը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, կենցաղային մարտկոցներ, էլեկտրական և էլեկտրոնային սարքերի որոշ տեսակներ, անվադողեր, շարժիչային յուղեր։

Ըստ փորձագիտական գնահատականների՝ Հայաստանում տարեկան գոյանում է շուրջ 90․000 տոննա սպառման թափոն հետևյալ ապրանքների վաճառքի և օգտագործման արդյունքում։ Այս թափոնները չեն գնում վերամշակման, այլ հայտնվում են աղբավայրերում և շրջակա միջավայրում, աղտոտում հողը, ջուրը, օդը։ Սա նաև հանգեցնում է հանրային առողջության վատթարացման։
ԱԸՊ համակարգի ներդրման սկզբնական փուլում նշված ապրանքների շուրջ 2000 արտադրողներից և ներմուծողներից միայն 300 խոշորագույն տնտեսվարողներն են ստանձնելու ԱԸՊ շրջանակում նախատեսված պարտավորություն։ Այն է՝ ապահովել թափոնի էկոլոգիապես անվտանգ կառավարումը։ Սա իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից ստեղծված և ֆինանսավորվող մասնագիտացված լիցենզավորված կառույցի՝ Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կողմից։
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց՝ ԱԸՊ համակարգը հիմնված է «աղտոտողը վճարում է» արդար սկզբունքի վրա, և համակարգի ներդրումը կապահովի թափոնի էկոլոգիապես անվտանգ կառավարման համար անհրաժեշտ տնտեսական և ֆինանսական հիմքերը։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ԱԸՊ համակարգի տնտեսական փորձագետ Հայկազ Ֆանյանը նշեց, որ ԱԸՊ համակարգի ընդհանուր ֆինանսական բեռը գնահատվում է տարեկան շուրջ 3․2-4․2 միլիարդ դրամ, որը բաժանվում է արտադրողների և, որոշ չափով, սպառողների միջև։ Ըստ փորձագետների՝ գների վրա ազդեցությունը համեմատաբար չնչին է՝ մինչև 0․1 տոկոս։

Ըստ գնահատումների՝ ԱԸՊ համակարգի ներդրման արդյունքում տարեկան կվերամշակվի մինչև 40․000 տոննա թափոն, կստեղծվի 320-400 նոր կանաչ աշխատատեղ, կարվեն շուրջ 8-10 միլիոն դոլարի ներդրումներ, կնվազի աղբավայրերի ծանրաբեռնվածությունը և բնության աղտոտումը։

Ծրագրի փորձագետները պատասխանեցին շահառու կողմերի բարձրացրած հարցերին։








Հանրային քննարկումների արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն շվեդ մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների ու փորձագետների հետ։
Հունիս 24, 2026 at 15:54
