

ԷկոԼուր
Մեր տվյալներով` Երեւանի «Նեմո» դելֆինարիան խախտում է ջրի օգտագործման ռեժիմը եւ ջուրը վերցնում է ցանցից` չվճարելով անհրաժեշտ գումարը: Եթե ուշադրություն դարձնենք նրան, որ ծովային կենդանիները ջրից դուրս են թռչում կողքի հարթակներ, որտեղ շրջանառության համակարգը բացակայում է, ապա մոտավոր հաշվարկներով պահանաջվում համալրել մոտ 30% ջուր:
Դա կատարվում է ջրմուղի սովորական քլորացված խմելու ջրի հաշվին: Ինչպես նաեւ, մեր տվյալների համաձայն, դելֆիններից մեկի մոտ տեսողական խնդիրներ են առաջացել. նա գրեթե կուրացել է, բայց քանի որ վախենում են, որ դա հայտնի կդառնա, շարունակում են կենդանուն պահել մյուս դելֆինների հետ:
«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը կարծում է, որ ջրում առկա քլորը, լինելով ագրեսիվ տարր, չի կարող չազդել կենդանիների առողջության վրա, հատկապես աչքերի վրա:
Նշենք, որ ընկերությունը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները` առանց որեւէ ապացույց ներկայացնելու: Ընկերության հայտարարությունն այն մասին, թե կենդանիները առողջ են, կամ որ շրջանառության համակարգը նորմալ է աշխատում, իսկ ջուրն անցնում է ֆիլտրների միջով, ավելի համոցիչ կհնչեին, եթե լիներ յուրաքանչյուր դելֆինի առողջության զննման պաշտոնական եզրակացություն, կամ «Երեւանջուր» ընկերության տեսուչների եզրակացությունը` ծախսվող ջրի քանակի, ջրի համալրման աղբյուրի, հաշվիչների ցուցանիշների եւ այլնի վերաբերյալ:
Ապրիլ 19, 2011
