Նալբանդյան 106/1-ի ապօրինությունների գործի քննությունը ուղարկվել է Ոստիկանություն

Նալբանդյան 106/1-ի ապօրինությունների գործի քննությունը ուղարկվել է Ոստիկանություն

Panorama.am

Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագշին» կազմակերպության իրականացրած ապօրինությունների վերաբերյալ մայիսի 17-ին «Ժառանգություն» կուսակցության` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ուղարկված հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան` հունիսի 1-ին ստացվել է ՀՀ դատախազության պաշտոնական գրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գ.Ա.Խաչիկյանը մայիսի 27-ի իր գրության մեջ խմբակցությանը տեղեկացրել է, որ «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս.Սաֆարյանի հաղորդումը` «Ավագշին» կազմակերպության կողմից ապօրինի շինարարություն և ծառահատում կատարելու մասին» ուղարկվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս.Ա.Մարտիրոսյանին` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով դիմումում արծարծված հանգամանքները ստուգելու նպատակով»:

Հիշեցնենք, որ խմբակցությունը պահանջել էր քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ, որոնց արձանագրել էին «Ժառանգության» պատգամավորները ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարների հետ նշված բակային տարածք ստուգայց կատարելուց հետո:

Ստուգայցից օրեր անց. պատգամավոր Անահիտ Բախշյանն այցելել էր նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն, ծանոթացել քաղաքապետարանի հետ «Ավագշին» կազմակերպության համաձայնեցրած քանդման աշխատանքների նախագծին և հայտնաբերել կառուցապատողի կողմից անթույլատրելի ինքնագործունեություն:
Առաջիկա օրերին «Ժառանգությունը» Ոստիկանության Կենտրոնական բաժանմունք կուղարկի նաև իր ձեռքի տակ եղած մյուս փաստաթղթերը։

Հունիս 03, 2011 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր