Գայթակղությանը չեն դիմացել

Գայթակղությանը չեն դիմացել

Հայկական ժամանակ

Երեւանի Թումանյան 13 եւ 14 շենքերի լիազոր Ս. Դալիբալթյանը նաեւ բնակիչների անունից դիմում է Երեւանի քաղաքապետին` հուսալով, որ վերջինս կդադարեցնի իրենց բակում շենքերի կառուցումը:

«Սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին անսպասելիորեն քանդեցին քաղաքի կենտրոնի Սայաթ Նովա, Նալբանդյան, Թումանյան եւ Ավագ Պետրոսյան փողոցներին հարող տարածքում գտնվող եւ շատերին ծանոթ ու հարազատ ռուսական մանկապարտեզի շենքը, որի ամրությունն ու տեսքը կասկածի տեղիք չէին տալիս: Այս գործը ձեռնարկող պարոնայք, ըստ երեւույթին` իրենց հզոր հովանավորներով հանդերձ, չբարեհաճեցին լրատվության միջոցներով բնակչությանը տեղեկացնել քանդման պատճառների մասին, քանի որ, ինչպես ընթացքում պարզվեց, մեր իշխանավորներից ոմանք, չդիմանալով գայթակղությանը, որ կենտրոնի տարածքի բնակարանների գները անհամեմատ բարձր են քաղաքում, եւ իրենց համարելով պետական հողերի գերագույն սեփականատեր` որոշել են մանկապարտեզի գրաված մակերեսին ավելացնել մի քանի ավտոտնակների եւ սեփական տնակների մակերեսներն ու կառուցել երկու հատ տասնվեց հարկանի ժամանակակից հսկաներ:

Ծանոթության համար նշեմ, որ հինգ հարկանի շենքերի հոծ շարանով պարփակված այդ քառակուսի տարածքում, բացի մանկապարտեզից, որի երկարությամբ պարսպի փոխարեն տեղադրված էին մի քանի ավտոտնակներ, իսկ մյուս կողմից մի քանի սեփական տներ, ուրիշ բակային ազատ տարածք գոյություն չունի: Ուստի բակի երեխաները զրկված են գնդակ խաղալու հնարավորությունից, իսկ մեծահասակների համար չկա որեւէ զրուցատեղի կամ տաղավար:

Բակի բնակիչներս բազմիցս դիմել ենք քաղաքի իշխանություններին` բարեկարգման նպատակով: Եւ վերջերս, երբ մեր նորանշանակ քաղաքապետը իր աշխատանքի սկիզբը նշանավորեց գովելի նախաձեռնությամբ` շենքերի եւ բակերի բարեկարգման գործով` շեշտը դնելով առաջին հերթին բակերի կառուցապատման եւ բարեկարգման վրա, մեծ ուրախությամբ սպասում ենք մեր հերթին: Ավելին, քանի որ մեր ապագա բակը չորս կողմից պարփակված է մեր անվանի բանաստեղծների եւ մարդկանց անունը կրող փողոցներով, ուստի գոնե նրանց պատվին շատ նպատակահարմար կլինի այն դարձնել օրինակելի բակ եւ շրջակա բնակիչների համար լավագույն հանգստի գոտի, որը կունենա իր մեջ նախորդ դարի ամենաճանաչված հայ քանդակագործներից մեկի` Չուբարյանի լավագույն քանդակների տաղավար-թանգարանը:

Պարոն քաղաքապետ, դիմում ենք ձեզ, որ ձեր առաջիկա ծրագրերի մեջ ընդգրկեք մեր բակի այցը եւ տեղում ծանոթանաք իրավիճակին, ինչից հետո անտարակույս ինքներդ կհամոզվեք, որ այդ շենքերի կառուցումը անհապաղ պետք է դադարեցնել, որովհետեւ վերը նշվածից բացի կան մի շարք կարեւոր հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս այդտեղ շենք կառուցել: Թվենք մի քանիսը. 1) Քանի որ շրջապատի բոլոր շենքերը հինգհարկանի են եւ մուտքերով ուղղված են դեպի բակը ու գտնվում են կառուցվող շենքերից փոքր տարածության վրա, ուստի Աստված ոչ արասցե, բարձր մագնիտուդի երկրաշարժի դեպքում, եթե նույնիսկ շենքերը չվնասվեն, ապա ապահով ու անվտանգ տեղի բացակայության պատճառով առաջացած խուճապը կարող է հանգեցնել վատ հետեւանքների: 2) Խոչընդոտելու է արեւի լույսի թափանցումը հարեւան շենքերի բնակարաններ, 3) Առանց այն էլ վթարային վիճակում գտնվող կոյուղին ավելի է վտանգվելու, 4) Տեղի չափազանց նեղվածության պատճառով մեքենաների շարժը եւ կայանումը բակում դառնալու է պատահարների եւ վեճերի անսպառ առիթ, 5) Ոչ ոք չի փոխհատուցելու բնակարանների արժեքի անկումից առաջացած վնասը վաճառքի դեպքում, 6) Կառուցման ընթացքում, որը տեւելու է առնվազն 2 տարի ու ավելի, փոշու եւ աղմուկի պայմաններում ժողովրդի առողջական ու հոգեբանական վիճակը պատկերացնելը դժվար չէ, չհաշված հնարավոր դժբախտ պատահարները, որոնք կարող են լինել ամեն րոպե նեղվածության եւ մեծ բարձրությունների վրա շինմոնտաժային աշխատանքներ կատարելիս: Հարգարժան պարոն քաղաքապետ, դուք մեր քաղաքամայր Երեւանի ղեկավարն եք, ուստի մենք` բակի բնակիչներս, խնդրում եւ պարտավորեցնում ենք ձեզ անդրադառնալ բոլորիս համար չափազանց կարեւոր այս հարցի լուծմանը: Չէ որ բիզնեսի նպատակով եւ ոչ հարմար տեղում կառուցվող շենքերն ու շինությունները ծառին ու կանաչին չեն փոխարինի, այլ միայն կվտանգեն մարդկանց ու աճող սերնդի առողջ եւ նորմալ կյանքը»:

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

Հուլիս 14, 2011 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր