

ԷկոԼուր
Արդեն 8 տարի է անցել, ինչ Դալմայի այգիների սեփականատերերը շարունակում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար: Շաբաթը մեկ նրանք հավաքվում են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց եւ իրենց պահանջներն են ներկայացնում: Հերթական անգամ նրանք հավաքվեցին օգոստոսի 23-ին: Դիմելով նախագահին` նրանք խնդրում են նպաստել, որպեսզի Երեւանի քաղաքապետարանն ուղղի թույլ տված սխալները, երբ 8 տարի առաջ Դալմայի այգիների հարցում ոտնահարվեց սեփականատերերի եւ հասարակության իրավունքը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը վաճառքի հանեց յուրահատուկ մի տարածք` Դալմայի այգին, որն իրենից պատմամշակութային եւ էկոլոգիական արժեք է ներկայացնում, Երեւանի կանաչ գոտի էր` ոտնահարելով եւ հասարակության իրավունքը, եւ մարդկանց կոնկրետ սեփականության իրավունքը: Դատարանները հասարակայնությանը մերժեցին` պաշտպանելու այն մարդկանց շահերը, ովքեր Դալմայի այգիները պահպանել էին նույնիսկ ցուրտ 90-ականներին: Այժմ այգիներից գրեթե ոչինչ չի մնացել: Տարածքները վաճառված են եւ կառուցապատված: Երեւանի այս հատվածում հարուստ առանձնատներ են, որոնք կառուցվել են պտղատու ծառերի տեղում: Զարմանալի է այն, որ նման բողոքի ակցիաները սովորական երեւույթ են դարձել մեր չինովնիկների համար, ովքեր արժանապտվության զգացում չունեն:Նրանց, ում համար այդ զգացումը հասանելի չէ, բացատրում ենք, որ եթե 8 տարի առաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր մեկը, ով խախտում է թույլ տվել, ապա արժանապտվության զգացումը պահանջում է, որ ներկայիս քաղաքապետը գոնե ընդունի այդ խախտումները:
Օգոստոս 24, 2011 at 13:20
