

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չի թույլատրել Արմավիր քաղաքի միակ հանրային այգում ծառահատումներ կատարել եւ շինություներ կառուցել: Այս մասին, ի պատասխան «ԷկոԼուր»-ի հարցման, 2011թ. օգոստոսի 30-ի թիվ 5/23.8.03/52523 նամակով տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը դիմել էր Բնապահպանության նախարարություն` խնդրելով տեղեկացնել, թե ինչ շինություններ են կառուցվում Արմավիրի հանրային զբոսայգում, նախարարությունը այդ նախագծերին դրական եզրակացություն տրամադրել է, երբ են անցկացվել այդ շինությունների կառուցման աշխատանքային նախագծերի հասարակական լսումները, ինչ ընկերություններ են իրականացնում շինարարությունը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` հանրային այգու տարածքում նախատեսվում է իրականացնել 1800մ2 կառուցապատում` խանութի, Զարգացման հայկական բանկի մասնաճյուղի գրասենյակի եւ եկեղեցու շինարարության նպատակով: 2011թ. այգում հատվել է 9 կիսաչոր` ոչ կենսունակ ծառ եւ թուփ, որոնց հատման հիմք է հանդիսացել Արմավիրի քաղաքապետի 20.05.2011թի թիվ 301-10 որոշումը: Այդ որոշումը, ինչպես նաեւ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսացել այգում շինարարական աշխատանքներ կատարելու համար: «Այդ շինությունների կառուցման աշխատանքային նախագծերի հասարակական լսումների եւ շինարարություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ Արմավիրի քաղաքապետարանից»,- նշված է նամակում:
Նշենք, որ այդ շինությունների աշխատանքային նախագծերի հասարակական լսումների մասին արմավիրցիները տեղյակ չեն:
Սեպտեմբեր 05, 2011 at 15:11
