Կոչ Բնապահպանության նախարարությանը` պաշտոնապես արգելեք Սուրենյանի կանաչ գոտու զավթումը

Կոչ Բնապահպանության նախարարությանը` պաշտոնապես արգելեք Սուրենյանի կանաչ գոտու զավթումը

ԷկոԼուր

Փետրվարի 14-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սուրենյան փողոցի պուրակում տեղի բնակիչները պայքարել են ծանր տեխնիկայի դեմ, որը փորձում էր շինարարական աշխատանքներ իրականացնել այգում: Բնակիչներին աջակցել են «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Լարիսա Ալավերդյանը: «Ծանր տեխնիկան կառուցապատողն ահաբեկված հանեց, երբ ես ու Լարիսա Ալավերդյանը միացանք ժողովրդին, իսկ մեր կանչով` քիչ անց նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչները, ոստիկանությունն ու լրատվամիջոցներ, մասնավորապես` Երկիր Մեդիան»,- Facebook սոցիալական ցանցում գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Ն.Սուրենյան փողոց հ.4/2 հասցեում գտնվող 705.6քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով պատկանում է «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին: 2012թ. հունվարի 30-ին Երեւանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել է ընկերությանը տարածքում հանրային նշանակության օբյեկտ (ռեստորան կամ սրճարան) կառուցել: Ընդ որում, կառուցապատման նախագծում շինարարության տարածքը ձեւակերպված է որպես անբարեկարգ հողատարածք, մինչդեռ տեղի բնակիչները մի քանի տարի առաջ այդ տեղանքում ծառատունկ են իրականացրել եւ վերածել այն այգու: Բնակիչների կողմից «ԷկոԼուր»-ին ուղարկված լուսանկարներում պարզ երեւում են, որ ցանկապատված տարածքում մեծ ու փոքր ծառեր կան:

Ստացվում է, որ պատգամավորները միջամտեցին` կանխարգելու հանրային կանաչ գոտու զավթումը` կատարելով Բնապահպանության նախարարության գործառույթը:  Մինչդեռ Բնապահպանության նախարարությունը ձեւացնում է, թե դա իրեն չի վերաբերվում: «Ինչ վերաբերում է այդ տարածքի ցանկապատմանը կամ այն վերացնելու բնակիչների բարձրացված հարցին, ապա դա ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում չէ», -գրված է «Էկոլուր»-ին ուղղված նախարարության պատասխամում: Այս դեպքում ինչի՞ համար է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը, եւ արդյո՞ք այս հասարակական նշանակության օբյեկտի նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ունի:

Լուսանկարը` Գայանե Գեւորգյանի

Փետրվար 15, 2012 at 16:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր