

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանի ահազանգին Դալմայի այգիներում վայրի կենդանիների մահանալու վերաբերյալ: Ռուզան Ղազարյանը, տեղադրելով սատկած աղվեսի նկարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պատին, խնդրել էր հանձնարարել քաղաքապետարանի բնապահպանական վարչությանը ձեռք առնել միջոցներ, աղվեսի դեռևս կենդանի մնացած ցեղակիցներին օգնելու համար: Ռուզան Ղազարյանին պատասխանել են եւ բանավոր, եւ գրավոր: Բանավոր պատասխանում ասված է. «Ճիշտ է, Դալմայի այգիները ՀՀ կառավարության 25.03.2003թ. 1941-Ա որոշմամբ հանձնվել են Երևանի քաղաքապետարանին, սակայն, այդ նույն որոշմամբ, այդ այգիներից 256 հեկտարը թողնվել է որպես անտառ: Իսկ անտառային հողերի տերը մենք չենք: Աղվեսն էլ անտառի կենդանի է: Ուրեմն ` աղվեսի հարցով դիմեք անտառների գծով պետական մարմնին»: Գրավոր պատասխանում նշված է. «Հարգելի քաղաքացիներ, եթե հայտնաբերեք Երևան քաղաքում նման դեպքեր, ապա խնդրում եմ ահազանգել սանէպիդկայան մահացած կենդանուն մեկուսացնելու համար, որպեսզի հետագայում կանխել վարակի տարածումը։
……….Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են:
Ձյան առատ տեղումները և սննդի սակավությունը ստիպում է կենդանիներին դուրս գալ իրենց ապաստաններից և կեր հայթհայթել այլ վայրերում։ Եթե վայրի կենդանիների մահվան պատճառը որսագողությունը կամ անտրոպոգեն այլ գործունեությունը չէ, այլ անբարենպաստ եղանակային պայմաններն են, ապա նշված դեպքերում ավելի է դժվարանում կենդանիների պահպանության միջոցառումների իրականացումը։ Այնուամենայնիվ, դիմել ենք համապատասխան կազմակերպություններին, հետագայում նշված դեպքերը կանխելու համար։
Սակայն եթե կենդանին մահացել է որսագողության հետևանքով, ապա խնդրում ենք ահազանգել ՀՀ ԲՆ Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժին /հեռ.։ 26-61-72, 26-61-54/։
Հարգանքով՝
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն»:
Փետրվար 23, 2012 at 11:59
