Մաշտոցի պուրակի հարցը քննարկվում է Հանրային խորհրդում

Մաշտոցի պուրակի հարցը քննարկվում է Հանրային խորհրդում

Yerkir.am

Այս պահին Հանրային խորհրդում անցկացվում է բաց քննարկումը Մաշտոցի պուրակում տեղադրված էլիտար կրպակների վերաբերյալ:

Բնապահպան ակտիվիստները հրաժարվել են մասնակցել քննարկմանը, քանի որ համարում են, որ այդ կառույցի ընդունած որոշումներն ընդամենը խորհրդատվական բնույթ են կրում: Ակտիվիստները նաեւ պահանջում են, որ Հանրային խորհրդի նախագահը եւ անդամները այցելեն պուրակ եւ այնտեղ բոլոր ակտիվիստների մասնակցությամբ հանրային քննարկում անցկացնեն:

 Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ակտիվիստների պայքարը բնական եւ արդարացի է համարում, որովհետեւ, ըստ նրա, այս պայքարով փորձում են գտնել նախորդ տարիներին կատարվածի պատասխանը. «Այդ ամենը կուտակվել է նրանց մեջ»:

 ՀԽ նիստում քաղաքապետարանի ներկայացուցիչը` Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իր բացատրություններով փորձեց արդարացնել կրպակների տեղադրումը Մաշտոցի պուրակում` նշելով, որ դրանք ժամանակավոր են, իսկ քաղաքապետարանը փորձում է կարգի բերել Աբովյան փողոցը: «Այս պահին մենք էլ չգիտենք` այդ կրպակների սեփականատերերն ովքեր են, եւ դեռ ոչ մեկի հետ մենք պայմանագիր չունենք»,- ասաց նա:

 Իսկ երբ նիստին մասնակցող լրագրողները հարց ուղղեցին, թե ինչո՞ւ հանրային քննարկում չի եղել մինչեւ այդ գործողություն կատարելը կամ այլընտրանքային տարածքներ ինչո՞ւ չեն առաջարկվում, Երեւանի գլխավոր ճարտարապետը պատասխան չուներ:

Նշվեց նաեւ, որ Նարեկ Սարգսյանի ասած ժամանակավոր կրպակները այնքան էլ ժամանակավոր չեն. դրանք տեղադրվել են մետաղաբետոնե հիմքերի վրա:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ բնապահպան-ակտիվիստների այլեւս չեն հավատում որեւէ խոստման. «Երեխաներին համոզում են` գնացեք տուն, ոչ մի շինարարություն չի կատարվելու, նրանք հեռանում են տարածքից, եւ ի՞նչ է կատարվում` կեսգիշերին շինարարները իրենց գործն են անում: Եվ հետաքրքիր է, թե ինչու հարեւանությամբ գտնվող հիվանդանոցի տնօրինությունը ոչ մի արձագանք չտվեց»:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ իրենք դեռ չգիտեն, թե այդ կրպակներում ինչ է վաճառվելու. «Կարծում եմ` Երեւանի ավագանին կորոշի, որ այդ կրպակները կծառայեն որպես գրախանութներ, քանի որ չպետք է մոռանանք, որ մենք շուտով նշելու ենք հայ գրատպության 500-ամյակը»:

Հիշեցնենք, որ Երեւանի գլխավոր ճարտարապետն արդեն որերորդ անգամ է փափուկ բարձի քաղաքականությամբ փորձում է խոստումներ տալ հասարակությանը, սակայն հետո պարզվում է, որ նրա ասածը ընդամենը օճառապղպջակ է:

Գագիկ Բեգլարյանը չի մեկնաբանում

Նելլի Գրիգորյան, Առավոտ

Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Մաշտոցի պուրակում հանգրվանելիք կրպակների եւ այդ առիթով պուրակում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական մեկնաբանությունների  շուրջ տեսակետ հայտնելու խնդրանքով Aravot.am-ը դիմեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցը «մաքրելը» հենց պարոն Բեգլարյանի նախընտրական ծրագրի դրույթ էր, որի իրականացումը բաժին հասավ արդեն Տարոն Մարգարյանին: Ի դեպ, կրպակատերերից մեկն էլ՝ «Գարդերոբ» խանութի սեփականատերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:

Մամուլի խոսնակի միջոցով Գագիկ Բեգլարյանը փոխանցեց, որ այդ թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն անել չի ցանկանում:

Aravot.am-ին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Գագիկ Բեգլարյանի՝ «Գարդերոբի» սեփականատեր եղբորից՝ Մուշեղ Բեգլարյանից: Վերջինս նույնպես չի մեկնաբանում:

Փետրվար 23, 2012 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր