Պաշտպանեք ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային սեփականությունը` Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության երկխոսությունը

Պաշտպանեք ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային սեփականությունը` Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ  «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության երկխոսությունը

ԷկոԼուր

Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ հերթական երկխոսությունն է ծավալվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական  նախաձեռնության միջեւ: Փետրվարի 21-ին Երեւանի քաղաքապետը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Սիրելի՛ երևանցիներ,

Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:

Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:

Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.

Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի  հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:

Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:

Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:

Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում, որքան էլ այն հիմնավորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
- հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,
- կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,
- ոռոգման ցանցի վերականգնում,
- սալիկների վերականգնում,
- նստարանների և աղբամանների տեղադրում,
- արտաքին լուսավորության ապահովում:
Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի:

Երևանի քաղաքապետ`  Տարոն Մարգարյան»: Քաղաքապետի այս հայտարարությանը արձագանքել է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: «Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը` կապված Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքի հասարակական հնչեղություն ստացած կառուցապատման հարցի հետ՝ հայտարարում ենք հետևյալը.

  1. Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային այգում տեղի ունեցող շինարարությանն առնչվող բոլոր իրավախախտումների թվարկումը ս.թ. փետրվարի 15-ին բանավոր, իսկ ս.թ. փետրվարի 20-ին գրավոր փոխանցվել է Երևանի քաղաքապետին: Հարկ ենք համարում նշել, որ հանրային այս զբոսայգին պաշտպանող քաղաքացիներն իրենք են շահագրգռված այդ հարցը լուծել ոչ թե հուզական, այլ առարկայական և օրինական դաշտում:

  2. Համաձայնելով պարոն Մարգարյանի այն կարծիքին, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կարևորագույն խնդիր է մեր քաղաքի զարգացման համար՝ ցանկանում ենք շեշտել, որ այդ հարցադրումը վերաբերում է ոչ միայն մասնավոր, այլև հանրային սեփականությանը: Ընդ որում, ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը»:

  3. Չնայած քաղաքապետի պնդմանը, կրկնում և հիմնավորում ենք, որ խնդրո առարկա կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը չի համապատասխանում «սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին», խախտում է ՀՀ հողային, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված նորմերը և հասարակության կենսագործունեության միջավայրի փոփոխության վերաբերյալ իրազեկվելու և որոշումների մասնակցելու իրավունքը` արդյունքում ոտնահարելով Երևանի քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:

  4. Զբոսայգու «ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ» վիճակը հետևանք է  Երևանի քաղաքապետարանի և Երևան համայնքին պատկանող «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության: Հետաքրքրական է, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն զբաղվում է ոչ թե տարածքի կանաչապատման և խնամքի աշխատանքներով, այլ կառուցապատմամբ:

  5. Գնահատելով հանդերձ Երևանի քաղաքապետի կողմից «հանրության ներգրավվածության ու իրազեկվածության» կարևորումը` հիշեցնում ենք, որ այդ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ և պետք է տեղի ունենար մինչև համապատասխան որոշումների կայացումը:

  6. Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երևանի բնակիչների շահի նկատմամբ, առավել ևս որ տվյալ ձեռնարկատերերը տարիներ շարունակ շահույթ են ստացել հենց հանրային տարածքների հաշվին»,- ասված է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

Տարոն Մարգարյանը ոչ մի կապ չունի

Անի Մարկոսյան, Slaq.am

Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխված տաղավարների սեփականատերերի հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել դեռևս 4-5 տարի առաջ և այդ պայմանագրերի ժամկետը դեռևս ավարտված չէ:

Անդրադառնալով տաղավարների վայրի փոփոխությանը և վերջին օրերին ամենաշատ քննարկվող հարցին` Մաշտոցի պուրակ տեղափոխված տաղավարներին` Slaq.am-ի հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

 «Երբ մենք սկսեցինք կրպակների տեղահանումը, առաջին հարցը, որ մենք ուսումնասիրեցինք այն էր, որ պայմանագրի ժամկետը չավարտված տաղավարների սեփականատերերին պետք է համապատասխան տեղ հատկացնեինք և դրանք շարունակեին գործել: Մենք կարողացանք սեփականատերերի հետ համաձայնության գալ և նրանք էլ տարածքը ազատեցին:

 Ամենահարմար տեղը, որը մենք պետք է առաջարկեինք նրանց` Մաշտոցի պուրակն էր, հո այդ մարդկանց իրենց սեփականությունից չէ՞ինք զրկելու, մարդը ներդրումներ է արել, գումար է ծախսել, իր սեփականությունն ունի, ի՞նչ պետք է անեինք:

Օրենքի շրջանակներում լուծումը մեկն էր. քաղաքապետարանը պետք է փոխհատուցեր`այսինքն տվյալ տաղավարները գնեինք իրենցից և հարցը փակեինք, երկրորդ տարբերակն էլ համարժեք ժամանակավոր տեղ գտնելն էր  տաղավարների տեղադրման համար: Այսինքն` մինչև «Հին Երևան» ծրագիրը սկսի աշխատել, այդ տաղավարները պետք է մնան Մաշտոցի պուրակում:

 Ես էլ Երևանի էկոլոգիական վիճակից առանձնապես գոհ չեմ, իհարկե կանաչ տարածքները պետք է շատացնենք, դա բոլորիս ցանկությունն է, քանի որ մեր երեխաները մեծանում են այս քաղաքում: Բայց մենք չպետք է մոռանանք, որ մարդիկ ունեն սեփականություն և մենք պարտավոր ենք հարգել նրանց իրավունքները կամ օրենքի շրջանակում լուծումներ առաջարկենք:

 Այժմ քաղաքապետարանի առաջարկած լուծումը և այդ տաղավարների ժամանակավոր տեղափոխությունը մեզ համար համարվում է ամենաօպտիմալ տարբերակը, քանի որ Երևան քաղաքը այդպիսի բյուջե չունի, որպեսզի տաղավարների սեփականատերերին միանգամից փոխհատուցում տա և նրանք էլ իրենց տաղավարները վերացնեն:

 Ես ուղղակի խնդրում եմ, որ Մաշտոցի այգու «պաշտպանները»  հարգեն մարդու սեփականության իրավունքը և կարողանան մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, կամ «Հին Երևան» ծրագրի մեկնարկը համբերատար լինել: Ես այս ամենն ասում եմ որպես այս քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքացի:

Պետք է նշեմ, որ քաղաքի մյուս հատվածներում էլ գտնվող կրպակները հանվել են այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի հետ նրանց պայմանագրերի ժամկետները լրացել է, օրինակ այժմ Մոսկովյան փողոցի վրա կան կրպակներ, որոնց պայմանագրերի ժամկետը լրանալու է 2015թ., իսկ այժմ այդ կրպակներն իրենց տեղում են,  ոչ ոք չի կարող իրենց տեղերից հանել, քանի որ այն կլինի օրենքի շրջանակներից դուրս, վաղաժամկետ կարող են հանվել այն դեպքում, երբ դու կարող ես փոխհատուցել:

 Բնապահպանների մտահոգությունը ես իսկապես կիսում եմ, քանի որ այն ոչ միայն Երևան քաղաքին է վերաբերվում, այլ նաև կանաչ գոտիների պահպանմանը բոլոր քաղաքներում: Այս ծրագրերն էլ քաղաքապետարանի կողմից շարունակական բնույթ են կրելու:

Այս օրերի ընթացքում այդքան շատ, կարծում եմ նաև արհեստականորեն շահարկվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, ում հանիրավի կապում են այդ ամենի հետ, սակայն  այդ կրպակները տեղադրվել են 4-5 տարի առաջ: Կցանկանայի շեշտել, որ Աբովյան փողոցը վերադարձվեց երևանցիներին, ինչը այս պատմության մեջ դրական ձեռքբերումներից էր, որը չգիտես ինչու հետևողականորեն անտեսվում է:

Մաշտոցի այգու այդ հատվածը բարեկարգված չէր և անմխիթար վիճակում էր, այգու բարեկարգումն էլ քաղաքապետարանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում:

 Եթե բնապահպաններն իրոք մտահոգված են Մաշտոցի պուրակի խնդրով, ավելի լավ կլիներ այն գրանտները, որոնք նրանք ստանում են բղավելու համար, փորձեին ուղել կրպակատերերի փոխհատուցմամբ, այսինքն` խնդրի գլոբալ լուծման ուղղությամբ: Ամեն ինչ միայն գոռալով չէ, որ պետք է լուծել»:

Փետրվար 23, 2012 at 17:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր