Հայաստանի 13 Օրհուս կենտրոնները կոչ են անում չեղյալ ճանաչել Մաշտոցի պուրակում առեւտրի սպասարկման օբյեկտների տեղադրման որոշումը

Հայաստանի 13 Օրհուս կենտրոնները  կոչ են անում  չեղյալ ճանաչել Մաշտոցի պուրակում առեւտրի սպասարկման օբյեկտների տեղադրման որոշումը

ԷկոԼուր

Հայաստանի 13 Օրհուս կենտրոնները փետրվարի 24-ին բաց նամակ են հղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար ՎարդանՎարդանյանին եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` կոչ անելով  չեղյալ ճանաչել Մաշտոցի պուրակում առեւտրի սպասարկման օբյեկտների տեղադրման որոշումը:

Նամակում նշված է.

«Հարգելի պարոնայք,

Հայաստանի Օրհուս կենտրոններն իրենց մտահոգությունն են հայտնում Երևանի Մաշտոցի այգում տաղավարներ տեղադրելու և հերթական անգամ քաղաքի կենտրոնական հատվածում կանաչ տարածքների հաշվին քաղաքաշինական խնդիրներ լուծելու անհաջող գործելակերպի կապակցությամբ: Շարունակելով քաղաքի կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանությունները ըստ էության արհամարում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները: Բացի վերոհիշյալը, այս դեպքում քաղաքաշինական գործունեությունը սկսվել է առանց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Երևանի հասարակությանը իրազեկելու, ինչով քաղաքապետարանը խախտել է քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հրապարակման ու հասարակական քննարկման կարգը (ՀՀ կառավարության 28.10.1998թ. թիվ 660 որոշում), Օրհուսի համաձայնագիրը և մի շարք այլ իրավական ակտերի պահանջներ:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների այդօրինակ անհեռատես տնօրինումը Երևանի քաղաքապետարանի կողմից հակասում է քաղաքի բնակչության օրինական շահերին, գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի պահանջներին եւ շարունակում է քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների ոչնչացման տարիներ ձգվող քաղաքականությունը: Այս արատավոր գործելակերպը վատ օրինակ է ծառայում և իր հետագա դրսևորումն է գտնում նաև Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում՝ մասնավորապես Գյումրիում և Վանաձորում, որտեղ նույնպես կենտրոնական հատվածներում շատ, այսպես կոչված «ժամանակավոր շինություններ» տեղադրվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:

Այն տպավորությունն ենք ստանում, որ Երևան քաղաքի կառուցապատումը իրականացվում է ոչ թե հասարակության համար հարմարավետ կենսամիջավայր ստեղծելու, այլ մի խումբ գործարար անձանց ու պաշտոնյաների նեղ անձնական շահերը բավարարելու սկզբունքով, մասնավոր շահը վեր դասելով հանրային շահերից: Մաշտոցի այգու պարագայում պարզ չէ նույնիսկ, թե կառուցապատումը ինչ միջոցների հաշվին է իրականացվում՝ մասնավոր, թե հանրային: Կանաչ տարածքների ոչնչացման հաշվին քաղաքային միջավայրերի տաղավարապատման քաղաքականությունը համարում ենք անթույլատրելի, իսկ հասարակության անհանդուրժողականությունը և արդարացի բողոքը շատ օրինաչափ երևույթ:

Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողներս միանում և զորակցում ենք Մաշոցի այգու

պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը և դիմում ենք Ձեզ կոչ անելով.

- դադարեցնել Երևանի Մաշտցի այգում իրականացվող շինարարությունը և չեղյալ հայտարարել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ տեղադրելու վերաբերյալ որոշումը

- սույն հարցի վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով, բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անցկացնել հանրային քննարկումներ

- ապամոնտաժելուց հետո Մաշտոցի այգում վերացնել շինարարական աշխատանքների հետեւանքները եւ տվյալ տարածքը բերել նախկին տեսքի

- բացառել մաշտոցի այգու եւ նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը կամ ժամանակավոր տաղավարների տեղադրումը՝ գազոնների եւ կանաչ տարածքների հաշվին

- այսուհետ կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրականացնել հանրության պատշաճ իրազեկում եւ անցկացնել հասարակական քննարկումներ` Օրհուսի համաձայնագրի և ՀՀ Կառավարության 28.10.1998թ. թիվ 660 որոշման պահանջներին համապատասխան:

Հայաստանի օրհուս կենտրոնների համակարգողներ

Ալավերդու Օրհուս կենտրոն Անուշ Էվոյան

Ապարանի Օրհուս կենտրոն Նատալի Մանուկյան

Արարատի Օրհուս կենտրոն Հռիփսիմե Սարգսյան

Գավառի Օրհուս կենտրոն Լիանա Ասոյան

Մարինե Մազմանյան

Գյումրիի Օրհուս կենտրոն Գևորգ Պետրոսյան

Գորիսի Օրհուս կենտրոն Նվեր Պողոսյան

Դիլիջանի Օրհուս կենտրոն Ալբերտ Հարոյան

Եղվարդի Օրհուս կենտրոն Մարի Չաքրյան

Ռուզաննա Մանյան

Երևանի Օրհուս կենտրոն Սիլվա Այվազյան

Իջևանի Օրհուս կենտրոն Գագիկ Աղբալյան

Կապանի Օրհուս կենտրոն Աշոտ Ավագյան

Հրազդանի Օրհուս կենտրոն Ժորա Առաքելյան

Անահիտ Մնացականյան

Վանաձորի Օրհուս կենտրոն Պերճ Բոջուկյան»:

Փետրվար 28, 2012 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր