

ԷկոԼուր
«Օգնեք կանխարգել այդ սպանդը»: Այս ահազանգը «ԷկոԼուր»-ը ստացավ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի 50 փողոցի բնակիչներից, որտեղ միակ մանկական այգին վերածում են վուլկանիզացիայի եւ մեքենաների լվացման կետի: «Էրեբունու համայնքի 50-րդ փողոցի վերջնամասում (նախկին «Բոլտի» գործարանի անմիջապես դիմացը) տարիներ շարունակ եղել է կանաչապատ մանկական այգի, որն ունեցել է բազմաթիվ ծառեր, եւ որտեղ գտնվել են մանակական կարուսելներ: Համայնքի բնակիչների համար այդ այգին եղել է հանգստի միակ վայրը, իսկ երեխաների համար՝ միակ խաղահրապարակը:
Սակայն վերջին երկու տարիների ընթացքում այգին սկսեցին զավթել: Նախ այգու մի հատված պարսպապատվեց, կտրվեցին բոլոր ծառերը ու հանվեցին ճոճանակները, տեղը կառուցեցին «վուլկանիզացիա»: Ապա այգու մյուս սկզբնահատվածը բռնազավթեցին ու այդ տեղում` իհարկե, կանաչ տարածքի հաշվին, կառուցեցին «մոյկա»:
Մի քանի օր առաջ «վուլկանիզացիայի» ու «մոյկայի» արանքում գտնվող տարածությունում սկսեցին ինտեսիվ շինարարական աշխատանքներ. կառուցում են հերթական օբյեկտը: Ճիշտ է, դեռ այս շինարարության ժամանակ ծառերը չեն հատվել, բայց երկու ծառ գտնվում է անմիջապես շինության ներսում, ինչից պարզ է դառնում, որ ծառերը հատվելու են:
Բացի այդ, բռնազավթվել է նաեւ այգու հետին հատվածը, եւ կրկին ինտենսիվ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Այգին գտնվում է «Էրեբունի» արգելոց թանգարանից մոտ հիսուն մետր հեռավորության վրա, եւ պարզապես ամոթ է Երեւան քաղաքի դեմքը հանդիսացող հուշարձանի տարածքում ունենալ «մոյկա», «վուլկանիզացիա» կամ «գազալցակայան»»,- ասված է բնակիչների նամակում:
Այս ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը խնդրում է ՀՀ բնապահպանության նախարարությանը տեսչական ստուգումներ իրականացնել Էրեբունի համայնքի 50-րդ փողոցում: Միաժամանակ, մենք խնդրում ենք Երեւանի քաղաքապետանին մեզ տրամադրել փաստաթղթեր, որոնց հիման վրա հանրային տարածքում` մանկական կանաչապատ այգում, իրականացվում է օբյեկտների շինարարություն:
Հուլիս 27, 2012 at 19:35


