

ԷկոԼուր
Բուսաբանական այգին բավարար միջոցներ չունի ոռոգման ջրի դիմաց վճարելու համար: «Եթե լինի բավականին ֆինանսավորում, որոգման հարցերն էլ կլուծվեն: Տարեկան կտրվածքով 6-7 ամիս ոռոգումը անհրաժեշտ է: Եթե միջինը հաշվարկում ենք, օրեկանը կազմում է 120.000-130.000 դրամ, այսինքն` 4 միլիոն դրամ մենակ ամսական գումար կկազմի: Եթե 6-7 ամիսն էլ ոռոգենք, կդառնա 24-28 միլիոն, իսկ պետբյուջեից տրամադրվող ֆինանսավորումն ընդամենը 5 միլիոն է»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը:
Գագիկ Մովսիսյանը նշեց, որ այս տարի` մարտին, Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մոտ 3 միլիոն դրամի վնաս է պատճառել այգուն: «Այն բուսականությունը, որը մենք վաճառքի էինք հանում, վառվեց»,- ասաց Գագիկ Մովսիսյանը:
Փոխտնօրենի խոսքով` 80 հեկտար տարածք զբաղեցնող այգու կարիքները հոգալու համար 5 միլիոնը չի բավարարում: Այգու ողջ աշխատանքը կատարում է ընդամենը 6 բանվոր, իսկ վերահսկում իրականացնում են հերթափոխով աշխատող 4 պահակային ծառայողներ, արդյունքում գողության դեպքեր են լինում:
Բուսաբանական այգում աճում է մոտ 1600 բուսատեսակ: Նախկինում 1200 արևադարձային և մերձարևադարձային կոլեկցիոն բույսերից ցրտահարությունների հետևանքով մնացել էր 300 բուսատեսակ: Այժմ դրանց մի մասը վերականգնվել է և հասել 500-ի:
Հունիս 11, 2013 at 12:03












