

ԷկոԼուր
Մայիսի 7-10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց ծառերի և ծաղիկների, գյուղատնտեսության եւ այգեգործության առաջին միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցեցին ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Նիգերիայից: Ցուցահանդեսին ներկայացված էին 300 տեսակի 2000 բույսեր ու ծաղիկներ, բույսերի խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ: Ցուցահանդեսի նպատակն էր, որպեսզի ներկայացվող ընկերություններն իրենց սպառողին գտնեն հայաստանյան շուկայում: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Հայաստանը, այն է, որ մենք գիտենք` հայերը ծաղկի սիրահար են, բայց տեղեկությունները ծաղիկ արտադրելու, այդ ոլորտի մասին թույլ են,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ «Էբքոֆլորա» ընկերութան ներկայացուցիչ Ալի Իբրահիմին,- Ես մտածեցի, որ կարելի է սկիզբ դնել այս ցուցահանդեսով, այնուհետև մասնագիտական ամսագիր պետք է տպենք: Միգուցե հետագայում կարողանանք նաև հիմնել ինստիտուտ և կրթել երիտասարդներին, որ զբաղվեն այս գործով»:
Ցուցահանդեսին ներկայացված ծաղիկները ու բույսերը Երևան քաղաքում չկան, սակայն կարող են հարմարվել Երեւանի բնակլիմայական պայմաններին: «Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաև այդ ծառերն ու ծաղիկները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:
Հունիս 11, 2013 at 15:26


























