Վերին Շենգավիթում հակահիգիենիկ վիճակ է (Լուսանկարներ)

Վերին Շենգավիթում հակահիգիենիկ վիճակ է (Լուսանկարներ)

ԷկոԼուր

20 օրից ավելի Վերին Շենգավիթի 11 փողոցն ամբողջությամբ ջրազրկված է: Բնակիչներն այլևս չեն դիմանում ստեղծված հակահիգիենիկ պայմաններին:

Սեպտեմբերի 1-ին մեզ հետ զրույցում բնակիչները պատմել էին, որ երբ Մանթաշյանում շինարարություն արեցին և անցկացրեցին նոր ջրագիծ, հինը շարքից հանեցին՝ պատճառաբանելով, որ հին է, իսկ այդ նոր ջրագծին չմիացրեցին իրենց խողովակները։ Այժմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն բնակիչներին պարտադրում է տեղադրել իրենց ջրաչափերը տներից 200 մետր հեռավորության վրա, ինչին բնակիչները դեմ են:

Խնդրի վերաբերյալ սեպտեմբերի 1-ին նրանք դիմել են Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի  Համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ  Զեյնալյանը բնակիչներին խոստացել էր՝ սեպտեմբերի 2-ին կազմակերպել խորհրդակցություն քաղաքապետարանում: Նշված ժամին բնակիչ Լյուդվիգ Ասլանյանը ներկայացավ քաղաքապետարան, սակայն նրան տեղեկացրեցին, որ Զեյնալյանը տեղում չէ: Ասլանյանը պնդեց, որ ինքը սպասելու է, մինչև իրեն ընդունեն, քանի որ խոստացել են: Բնակչին տեղեկացրեցին, որ ամենաուշը 10 րոպեից Զեյնալյանը կմոտենա իրեն: Անցավ 30 րոպե: Զեյնալյանի փոխարեն բնակչին մոտեցավ Շենգավիթի թաղապետարանի Կոմունալ բաժնի պետի տեղակալը: Վերջինս առաջարկեց սեպտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին, կազմակերպել բնակիչների հետ հանդիպում Շենգավիթի թաղապետի մոտ:

Պարզվեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը նոր է վերադարձել հանգստից, և բնակիչները վերջապես հնարվորություն կունենան քննարկել իրենց ջրի խնդիրը:

Իսկ մինչ կկայանա բնակիչների և թաղապետի երկար սպասված հանդիպումը՝ ԷկոԼուրը այցելեց Վերին Շենգավիթի 11 փողոց՝ ծանոթանալու այնտեղ ստեղծված իրավիճակին:

«20 օր է` ջուր չունենք, զուգարանը չի աշխատում, երեխաներին չենք կարողանում լողացնել, այս շոգին ջուրը կտրել են: Ես ինֆարկտ տարած, ստենդավորված կին եմ, ամուսինս 85 տարեկան է, այլևս ի վիճակի չեմ…որտեղից որտեղ գնում, ջուր եմ բերում, ամուսինս նմանապես…ի՞նչ է լինելու մեր վիճակը…միանգամից ասեին, մենք էլ թողնեինք այս Հայաստանը, ոնց որ թողնում են ու գնում, մենք էլ փախնեինք: Բայց ո՞ւր փախնեմ իմ երկրից, իմ հողից ու՞ր գնամ ես…էս ի՞նչ է անում մեր գլխին այս ղեկավարությունը…համբերություններս արդեն սպառվել է…Խոլերայի բուն է…երեխաներ կան, մենք` հիվանդ: Էս ի՞նչ դարում ենք ապրում, էս ի՞նչ տեղ ենք ապրում…Մենք բաժանորդ ենք, իրենք ի՞նչ իրավունք ունեն առանց մեզ տեղյակ պահելու մեր ջուրը մեր վրա կտրեն…էս ի՞նչ ա…էս պետություն կա՞, չկա՞, կառավարություն կա՞: Ի՞նչ են մտածում, իրանց գրպանի համար են միայն մտածում …Դուխի եմ փչում, որ էս շան հոտը չգա, կանալիզացիայի կռիսները վխտում են ՛՛, - ասում էին վրդովված բնակիչները:

Բնակիչները նշեցին, որ իրենք անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ՄԻՊ), սակայն` ապարդյուն: «Զանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, ասում են՝ ՄԻՊ-ը քաղաքացիների շահերը պաշտպանում է միայն պետական մարմինների ոտնձգություններից, ասում եմ, կներեք, իսկ ՍՊԸ-ները կարո՞ղ են հանգիստ խախտել մեր իրավունքները: Ասում են՝ մենք իրավասու չենք մասնավոր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ոտնձգություններից ձեզ պաշտպանել», - պատմեցին բնակիչները:

Նրանք նշեցին, որ անպայման գնալու են թաղապետի հետ հանդիպմանը և պահանջելու են, որ իրենց փողոցով ջրագիծ անցկացնեն, սակայն ծախսերը համաձայն չեն հոգալ: Կգնեն միայն խողովակները և վերջ:

Հարցին՝ եթե խնդիրը լուծում չստանա, ինչպես քաղաքապետարանում՝ ի՞նչ են անելու, բնակիչները միաձայն ասացին. «Դիմելու ենք դատարան, այլ ելք չկա»:

Նշենք, որ բնակիչների կարծիքով ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը «Երևան Ջուր» ՓԲԸ-ն է:



Սեպտեմբեր 03, 2014 at 11:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր