

ԷկոԼուր
Youtube սոցիալական ցանցում օգտատեր Արշակ Զաքարյանը ներբեռնել է տեսանյութ, թե ինչպես են «Միկշին» շինարարական ընկերության բեռնատարները շինարարական աղբը լցնում Հրազդանի կիրճ: Տեսանյութի տակ Արշակ Զաքարյանը գրում է. «Mikshin» ընկերությունը հազարավոր տոննաներ աղբ է թափում Երևանում` Արաբկիրի շրջանում, Հրազդանի կիրճը` ճանապարհը դեպի կիրճ վերածելով անտանելի աղբանոցի: Շինարարական աղբը, որ իր մեջ պարունակում է ազբեստ, յուղեր եւ այլ արգելված նյութեր, թափվում է օրը ցերեկով, արդեն քանի տարի է: Բազմիցս այս հարցը բարձրացվել է և թաղապետարանի և քաղաքապետարանի մակարդակով, որոնք միշտ անհետևողական են գտնվել` ասելով, թե կպարզեն ու արդեն տարուց ավել է` «պարզում» են, թե այդ որ իրավունքով է Երեւանի մեջ շինարարական աղբ թափվում հանրային տարածքում: Ոստիկանությունը կարող է ընդունել այս հայտարարությունը եւ տեսանյութը որպես խոշոր մասշտաբների հասնող հանցագործության հաղորդում»:
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերին ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Զովունու ՀԷԿ-ից մոտ 200 մետր վերեւ ընկած հատվածում շինարարական աղբը լցնում են Հրազդան գետ եւ վնասում տեղի ծառերը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն, Երեւանի աղբավայրերն են Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, Աջափնյակ վարչական շրջանի «Ցիտա» գործարանին հարող, Ջրվեժի և Մասիսի աղբավայրերը: Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` շինարարության հետեւանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների տեղադրման համար մեկ տոննա թափոնի համար վճարը 60 դրամ է:
Նոյեմբեր 27, 2014 at 17:29
