

ԷկոԼուր
«Մեր կարծիքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը Կապան համայնքի ազգաբնակչության կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Մենք կոչ ենք անում Կապանի համայնքապետ Արթուր Աթայանին եւ Կապանի ազգաբնակչությանը` մեզ հետ միասին պայքարեն մաքուր խմելու ջուր ունենալու մեր իրավունքի համար»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայտարարության մեջ: (Կապան, Սյունիքի մարզ): Հայտարարությունը կազմվել է 18.03.2010թ.Կապանի Օրհուս կենտրոնում Կապան համայնքի խմելու ջրի որակի վերաբերյալ տեղի ունեցած հանրային քննարկումից հետո: Քննարկման անհրաժեշտությունը հասունացավ այն բանից հետո, երբ Կապան համայնքի ազգաբնակչությունը 6 օր մնաց առանց մաքուր խմելու ջրի:
Հիմնական պատճառը կազմակերպությունը կազմակերպությունը տեսնում է նրանում, որ «մինչ օրս «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տրամադրած 41 միլիոն դոլլարից մեկ դոլլար չի տրամադրվել վերոհիշյալ խնդիրների լուծմանը»:
Հասարակական կազմակերպությունը պահանջում է փոփոխություններ մտցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` Կապանի բնակչության հետ կնքած պայմանագրերում:
«…մատնանշված խնդիրները շտապ չլուծելու դեպքում մեր կազմակերպությումը կիրականացնի ստորագրահավաք, որպեսզի Կապան համայնքի ջրամատակարարումը վերադարձվի Կապան համայնքին»,- նշված է հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ հղում է արվում գոյություն ունեցող նախադեպի վրա, օրինակ` Քաջարան համայնքի ջրամատակարարումը չունի վերոհիշյալ խնդիրները, եւ սակագինը շատ ավելի ցածր է քան Կապանումորովհետև կառավարումը իրականացնում է հենց համայնքը:
Հայտարարությունն ուղղված է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին, Հարավային տարածքային տնօրեն Ջիվան Մարգարյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԻ
Մ. Սողոմոնյան, Առավոտ
«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ընդունում է իր մեղքը՝ եւ միայն, իսկ կապանցիները կասկածներ ունեն:
Մարտի 16-ին «Կապանում խմելու ջուր չկա» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մարտի 13-ից Կապանի բնակիչները զրկված են կենցաղի համար խիստ անհրաժեշտ խմելու ջրից՝ ծորակներից հոսող ջուրը պղտոր է, պիտանի չէ օգտագործման համար, բնակիչները ուտելիք պատրաստելու կամ խմելու համար ստիպված խանութներից են ջուր գնում: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը ասել էր, թե անորակ ջրի մատակարարման պատճառը առատ ձնհալքն է եւ անընդհատ տեղացող անձրեւները՝ ջրի քանակը կտրուկ ավելացել է, եւ ֆիլտրերը չեն հասցնում մեծ քանակությամբ ջուրը լիարժեք մաքրել:
Կապանի «Օրհուս» կենտրոնում այս թեմայով քննարկման ժամանակ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետ Ժաննա Հարությունյանը հայտարարել է, որ ծորակներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ապացուցել է, որ ջուրը խմելու համար պիտանի չէ՝ եւ ոչ միայն: «Ջրի որակը այն աստիճանի է վատթարացել, որ մենք չենք կարող այն օգտագործել նույնիսկ տնտեսական նպատակներով: Մեր տեսչությունը մշտական հսկողություն է սահմանում ջրի որակի նկատմամբ: Վերջին շաբաթվա ընթացքում կատարված մանրէաբանական հետազոտության արդյունքում նշումներում շեղումներ չեն արձանագրվել, բայց պղտորության առումով նորմայից շեղված է, խմելու համար պիտանի չէ եւ չեմ կարծում, թե եռացնելուց հետո մասնիկները կարող են նստել եւ հնարավոր լինի օգտագործել: Ջրում հիմնականում հող է, լեռնային ապարներ: Ծանր մետաղներ կան, թե ոչ՝ չեմ կարող ասել, լաբորատոր քիմիական հետազոտություն անելու հնարավորություն չունենք»,- ասում է բժշկուհի Հարությունյանը:
Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Ն. Գեւորգյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ իրականացնել, այլապես ոչ լիարժեք մանրէազերծումը կարող է հանգեցնել աղիքային վարակների բռնկման եւ տարածման: Ն. Գեւորգյանը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել եւ շշալցված ջուր օգտագործել:
Հավաքին մասնակցող կապանցիներին հետաքրքիր էր՝ ի՞նչ փոխհատուցում է նախատեսում ջուր մատակարարող կազմակերպությունը, արդյո՞ք բնակիչները վճարելու են անորակ ջրի դիմաց, թե՞ զիջումներ են լինելու, ի՞նչ քայլեր են արվելու նման իրավիճակները բացառելու համար: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը ասաց, որ փոխհատուցում չի լինի, իսկ վարձավճարները զիջելու մասին առաջարկը կփոխանցի վերադասին. «Նման երեւույթները ապրիլին են լինում եւ մենք պատրաստ ենք լինում, այս տարի շուտ եղավ եւ պատրաստ չէինք, հիմա խնդիրը կարգավորվել է, մարտի 19-ից բնակիչները մաքուր ջուր կստանան»: Ապա հավելեց, որ Կապանում այս օրերին տեղացող անձրեւները նման վիճակի չեն բերի՝ ընկերությունը պատրաստ է անցանկալի իրողության դեմն առնել:
Հ. Գ. Կապանցիները հիշում եւ նշում են, որ առաջին անգամ չէ, որ եղանակային պայմանների արդյունքում գետի ջրերը բարձրացել են, բայց ջրի որակի վատթարացում եւ նման դեպքեր չեն արձանագրվել: Ուստի կապանցիները կասկածանքով են վերաբերվում «Հայջրմուղկոյուղու» պարզաբանումներին:
Մարտ 25, 2010
