

ԷկոԼուր
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը մարտի 7-ին տարածել է հայտարարություն, որով պահանջում է դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը: Հայտարարության մեջ նշված է.
«Դալմայի այգիներն ունեն մոտ 3000 տարվա պատմություն և ատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում ո’չ միայն Երևանի, այլև Հայաստանի համար: Մինչև 2000թ. այս տարածքն ընգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում իր 790հա պահպանման տարածքով, որից 533հա բուն այգու տարածքն էր: Հուշարձանների ցուցակների «ճշտման» երկարատև պրոցեսի արդյունքում Դալմայի այգիները, որոնք իրենց աչքի լույսի նման պահպանում էին պարսից խաները` հասկանալով նրանց դերը Երևանի կլիմայական պայմաններում, անհետացան այդ ցուցակներից, և ոչ միայն անհետացան, այլ 2003թ. անհասկանալի պատճառներով փաստաթղթերում այգու տարածքից անհետացավ նաև 277 հա տարածք:
Խախտելով ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներ այդ թվում` Օրհուսի կոնվենցիան, ՀՀ բազմաթիվ օրենքներ և նորմատիվներ (ՇՄԱՓ, ՀՀ հողային, ՀՀ քաղաքաշինության մասին և այլն), ՀՀ կառավարությունը, սկսած 2003թ-ից (1941-Ա որոշում), անօրինական ոտնձգություններ է կատարել Դալմայի այգիների նկատմամբ: Փոխվել է ոչ միայն այգու հարող պահպանման գոտու, այլև բուն այգուն պատկանող հարյուրավոր հա տարածքի կարգավիճակ և դա տրվել կառուցապատման համար, տարբեր մեթոդներով դուրս մղելով հարյուրավոր ազնիվ հողագործների, որոնք իրենց քրտիքով մշակում և պահպանում էին այգին:
Այս խնդիրը տարիներ շարունակ բարձրացվել է տարբեր ՀԿ-ի, քաղաքացիների, ինչպես նաև մեր կողմից` չստանալով որևէ հիմնավոր, օրինական պատասխան:
Ներկայումս, հերթական անգամ խախտելով ՀՀ օրենքները, ՀՀ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները, ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են (ՀՀ կառավարության նիստի օրակարգ 7.03.2012թ. /կետ.29/) Դալմայի այգիների միջով անցնող ճանապարհային հանգույցի կառուցման մասին:
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը պահանջում է դադարեցնել Երևանի կանաչ տարածքների բնաջնջման քաղաքականությունը:
ՀՀ կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռք առնել` պատասխանատուներին` ՀՀ կառավարության անդամներ, Երևանի ներկա և նախկին քաղաքապետեր, Երևան քաղաքի ներկա և նախկին ճարտարապետեր և այլ պատասխանատուներ, պատասխանատվության կանչել ՀՀ օրենքների համապատասխան և դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը:
Միաժամանակ հիշեցնում ենք Նորքի սարալանջի անտառների հարցը. այստեղ ևս անհականալի որոշմամբ անտառային նշանակության հողերի կարգավիճակ է փոխվել` անտառայինից` քաղաքաշինության, և մոտ 600հա անտառից փաստաթղթով միայն 60հա անտառ է մնում: Պահանջում ենք վերականգնել ամբողջ անտառը` իր նախկին տարածքներով:
Երևանի համար, որն այսօր խեղդվում է, դա կլինի միակ փրկությունը, որը կունենա ոչ միայն բնապահպանական, ռազմավարական, այլ նաև` գենոֆոնդի պահպանման հսկայական նշանակություն:
Հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել Դալմայի այգիների, Նորքի սարալանջի անտառների վերականգման գործընթացի կազմակերպման աշխատանքները:
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության
նախագահ Արմենակ Դովլաթյան»:
Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի
Մարտ 07, 2012 at 13:57
