Կապանցիներն անհանգստացած են հիվանդությունների աճի համար, ինչը կապված է վատ էկոլոգիայի հետ

Կապանցիներն անհանգստացած են հիվանդությունների աճի համար, ինչը  կապված  է վատ էկոլոգիայի հետ

ԷկոԼուր

«Սյունյաց երկիր» թերթի 2012թ. նոյեմբերի  30-ի № 29 համարում հրապարակվել է թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Կապանում եւ Մեղրիում որոշ հիվանդությունների տարածվածությունն ու աճը սպառնալից չափերի են հասնում» հոդվածը: Հեղինակն այդ փաստը կապում է տարածաշրջանի վատ էկոլոգիայի հետ: Վերջին 3 տարում 3 անգամ ավելացել է սիրտ-անոթային անբավարարություն, օնկոլոգիական եւ էնդոկրին հիվանդությունները: Ուշադրություն ենք հրավիրում հետեւյալ հատվածին. «Կապանում, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում է աճել մի քանի հիվանդությունների տարածվածությունը՝ սիրտ-անոթային անբավարարություն (վերջին երեք տարում մոտ երեք անգամ ավելացել են առաջնային հիվանդները), օնկոլոգիական եւ էնդոկրին (ներզատական): Կապանում նկատելի է հաշմանդամների թվի արագ աճ (եթե, իհարկե, այդ երեւույթն արհեստականորեն ուռճացված չէ համապատասխան հանձնաժողովի կողմից). պաշտոնական տվյալներով մարզկենտրոնի բնակչության մոտ 10%-ը հաշմանդամ է (նման ցուցանիշ հանրապետության ոչ մի համայնքում չկա):

Ակնհայտ նահանջ կա ծնելիության հարցում՝ 2008թ.՝ 523 (9.2 պրոմիլե), 2009թ.՝ 522 (9.2 պրոմիլե), 2010թ.՝ 485 (8.3 պրոմիլե), 2011թ.՝ 441 (8.3 պրոմիլե ), 2012-ի առաջին կիսամյակում՝ 246: Նշված ցուցանիշները վկայում են, որ ծնելիության մակարդակը Կապանում զգալիորեն ցածր է մարզի միջինից (11.5 պրոմիլե)…»:

Նշենք, որ Կապանի համար վատ էկոլոգիան կապված է հանքարդյունաբերության արտադրական թափոններով հողի, ջրի, գյուղմթերքի բազմամյա աղտոտման հետ: Իսկ ինչ վերաբերում է Մեղրիին, ապա այստեղ հետազոտություններ չեն կատարվել, եւ տվյալներ չկան:

Դեկտեմբեր 06, 2012 at 12:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր