Նալբանդյան 106/1-ի ոդիսականը

Նալբանդյան 106/1-ի ոդիսականը

Lragir.am

Փետրվարի 1-ին Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներն ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի միջնորդությամբ հանդիպել են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և կառուցապատում իրականացնող ռուսաստանաբնակ գործարար Գեւորգ Մարդանյանի հետ: Սա հինգերորդ հանդիպումն է բնակիչների հետ:

Ինչպես նշել էինք, 2011-ի դեկտեմբերի 22-ին կառուցապատողի և բնակիչների միջև մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ դադարեցնել նախկին մանկապարտեզի տեղում շինարարական աշխատանքները՝ մինչև բնակիչների՝ կառուցվող շենքի վերջնական տարբերակը տեսնելը, կառուցվող շենքի հարկերին ծանոթանալը: Կառուցապատողն իր հերթին երկու պայման է դրել, որ եթե բնակիչները ցանկանում են ամբողջ բակը մաքրվի շինություններից և բոլորը նորակառույցում տեղավորվեն, ուրեմն շենքը պետք է լինի 9 հարկանի:

Սակայն երեկ բնակիչները քաղաքապետարանում հայտարարել են, որ իրենք քննարկումների արդյունքում որոշում են կայացրել ընդհանրապես արգելել ցանկացած տիպի շինարարությունը տարածքում, որ իրենք միանշանակ դեմ են, այդ մասին արդեն նամակ են ուղարկել վարչապետին, ավելին՝ բնակիչներն իրենք պատրաստ են իրենց միջոցներով բարեկարգել բակը, խաղահրապարակ կառուցել: Շենք չի կառուցվի, իսկ կառուցվելու դեպքում առավելագույնը 3-4 հարկանի շինություն պետք է լինի:

Անահիտ Բախշյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պատասխանը, որտեղ նշված է՝կառուցվող շենքի շինարարական աշխատանքները կարող են սկսվել միայն մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա, որտեղ պետք է հաշվի առնվեն բնակիչներին հուզող բոլոր հարցերը`հարակից շենքերի ամրությունը, լուսավորվածությունը, հակահրդեհային և սեյսմիկ բոլոր հարցերը:
Սակայն երեկ հարակից շենքի բնակիչները դիմել են վարչապետին, հայտնել իրենց վերջնական որոշման մասին: «Մեր վերջին խոսքն այն է, որ մենք կատեգորիկ դեմ ենք բակում շենք կառուցելուն», նշել է բնակիչներից Կարինեն՝ ցույց տալով բնակիչների ստորագրությունները:

Նարեկ Սարգսյանը հարցրել է, իսկ ինչ պետք է անել այն մարդկանց հետ, որոնց տներն արդեն քանդվել են: Փաստաբան Հերիքնազը նշել է, որ ի սկզբանե սա օրենքին հակասող որոշում է, երբ մանակապարտեզին հատկացվող գույքը օտարվել է, սխալը եկել է կառավարությունից, իսկ սխալի հետևանքով չպետք է բնակիչները հատուցեն, և թող հիմա կառավարությունը հատուցի:

Նարեկ Սարգսյանը նշել է, որ 9000 քմ իրացվում է, արդյունքում՝ 2000 քմ լինելու է նոր ճանապարհների կառուցում, որը կարևոր է ներքին սպասարկման համար, առնվազն 3000 քմ կանաչ գոտի, 1000 քմ ծերերի համար տարածքներ. «Արդյունքում այդ բակը, որը չի ունեցել բակ, շահելու է նոր տարածություն՝ ի հաշիվ նրա, որ այստեղ կառուցվելու է այս շենքը», ասել է Նարեկ Սարգսյանը, ավելացնելով, որ սա ժողովրդի շահերից է բխում, հին ֆոնդը քանդվելու է, և մարդիկ նորմալ բնակարաններ են ստանալու: Այսպիսով, նրա խոսքով, լուծվում է անվտանգության խնդիր, կանաչապատման խնդիր, էսթետիկական խնդիր:

Կառուցապատող Գևորգ Մարդանյանն անակնկալի է եկել բնակիչների որոշումից, բացի այդ, ճիշտ և ազնիվ չի համարում, որ նախ իրենց ավտոտնակները վաճառել են /7-10 մլն դրամ/, իսկ հիմա ընդդիմանում են ու մասնակցում ստորագրահավաքին: Նրա խոսքով, ըստ ծրագրի, երեխաների համար խաղահրապարակ կստեղծվի, կստեղծվի լրացուցիչ հանրային տարածք, որը մինչ այս պահը չկա: Նա ավելացրել է, որ այս բոլորը քաղաքաշինական նորմերի համաձայն է իրականացվում: Վերջում համաձայնվեց յոթ հարկանի շինությանը, սակայն սա էլ չի գոհացնում բնակիչներին:

Քննարկմանը ներկա էին նաև հարակից սեփական տների բնակիչները, որոնց մի մասի տները արդեն քանդել են, և հիմա նրանք վարձով են ապրում՝ ակնկալելով, որ երեք տարի հետո նորակառույցում են ապրելու, սակայն արդեն տևական ժամանակ է անցել, իսկ շինարարությունը չի սկսվում: Ի դեպ, տեղի տները 1925 թվականին կառուցված տներ են:

Այսպիսով, քննարկման արդյունքում կողմերը որևէ համաձայնության չեկան: Բնակիչներից տիկին Կարինեի խոսքով՝ սա միտումնավոր քաղաքականություն է, ուզում են Հայաստանն առանց հայերի ծրագիր իրականացնել, բայց մարտական է տրամադրված, ասում է՝ եթե հանկարծ փորձեն կառուցել, սեփական ձեռքերով կտրաքացնեմ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին  հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանը, ներդրող ընկերության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը և պատասխանատու այլ անձինք:

Նշենք, որ սա հարցի հետ կապված քաղաքապետարանի ներկայացուցիչների և տարածքի բնակիչների հետ արդեն հինգերորդ հանդիպումն է։ Նախկինում կայացած հանդիպումների ընթացքում, որոնց նույնպես մասնակցել են ԱԺ Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները, կողմերի միջև որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել։ Մասնավորապես, հստակեցվել էր կառուցվելիք շենքի հարկայնության հարցն ու քաղաքապետարանի կողմից բացառվել 16 հարկանի շենքի կառուցումը։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այս անգամ էլ, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, ի պատասխան բնակիչների անհանգստության, վստահեցրել է, որ չնայած արդեն առկա փորձագիտական դրական եզրակացություններին, բնակիչների ցանկությամբ կարելի է անցկացնել կրկնակի փորձաքննություն` իրենց իսկ ընտրած ընկերությունների կողմից։

Քաղաքապետարանի  կողմից  տրվել են համապատասխան հիմնավորումներ, հանգամանալից ներկայացվել է տարածքում կառուցապատման անհրաժեշտությունը` ինչպես քաղաքաշինական ու բնապահպանական, այնպես էլ հենց բնակիչների շահերի տեսանկյունից:

Նարեկ Սարգսյանը նշել է, որ տարածքում իրացվում է 9000 քմ, արդյունքում՝ 2000 քմ-ի հաշվին կկառուցվեն նոր ճանապարհներ, որոնք  կարևոր նշանակություն ունեն ներքին սպասարկման համար, առնվազն, 3000 քմ-ն   կլինի կանաչ գոտի, ևս  1000 քմ-ը՝ տարեցների համար տարածքներ. «Արդյունքում այդ հատվածը, որը  չի ունեցել բակ, նոր տարածություն կշահի՝ ի հաշիվ կառուցվելիք  շենքի»,- ասել է Նարեկ Սարգսյանն, ավելացնելով, որ սա տարածքի բնակիչների, նրանց երեխաների շահերից է բխում, հին ֆոնդը քանդվելու է, և մարդիկ նորմալ բնակարաններ, խաղահրապարակներ  են ստանալու:

Բնակիչների ներկայացուցիչների կարծիքները, սակայն, միանշանակ չեն եղել։ Եթե տարածքի զգալի մասը զբաղեցնող նախկին խարխուլ բնակֆոնդի սեփականատերերը, ովքեր նույն տարածքում բնակարան ստանալու մասին կառուցապատողի հետ արդեն պայմանագիր ունեն կնքած և այստեղ նախկինում հախուռն տեղակայված ավտոտնակների տերերի հետ համապատասխան փոխհատուցում են ստացել, կողմ են եղել օր առաջ շինարարությունն սկսելուն, ապա հարևան շենքերի բնակիչները շարունակել են դեմ արտահայտվել շինարարությանը։ «Նախորդ անգամ շատ բաներ որոշակիացվել էին, և այսօր կարծես պետք էր առաջ գնալ։ Սակայն դարձյալ սկզբին ենք վերադառնում։ Հաջորդ հանդիպմանն էլ կգա մեկ ուրիշն ու մի այլ բան էլ նա կասի։ Չի կարելի մոռանալ նաև այն խարխուլ տներում բնակվողների մասին, անտեսել նրանց շահերը»,- նշել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Հանդիպման ավարտին Նարեկ Սարգսյանը բնակիչների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման,  կառուցապատողն ունի ոչ միայն տեղում նոր մանկապարտեզ կառուցելու պարտավորություն, այլև իրացված տարածքի բնակիչների բնակարանների և ավտոտնակների փոխհատուցման խնդիր:

Երևանի քաղաքապետարանը պարտավոր է և առաջիկայում  որոշում կկայացնի  կառուցապատողին 7 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ ՃՀԱ տալու և հողային աշխատանքներն սկսելու վերաբերյալ:

Փետրվար 02, 2012 at 17:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր