Պարենային անվտանգության համակարգը ՀՀ-ում և իրականացվող պետական քաղաքականությունը

Պարենային անվտանգության համակարգը ՀՀ-ում և իրականացվող պետական քաղաքականությունը

2021թ. ապրիլի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացվեց «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանը, որի ընթացքում քննարկվեց, թե ինչպես է անդրադառնում կլիմայի փոփոխությունը պարենային անվտանգության վրա, ինչպիսի պետական քաղաքականություն է տարվում այդ ուղղությամբ, խոսվեց հողերի դեգրադացիայի հետևանքով պատճառված վնասների մասին, գյուղատնտեսության ոլորտում աղետները նվազեցնելու գործոնների, Սևանա լճում առկա կենսառեսուրսների վիճակի ու կլիմայի փոփոխության պայմաններում ռացիոնալ հողօգտագործման և ջրօգտագործման խնդիրների մասին

Քննարկմանը որպես բանախոսներ ելույթ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետի տեղակալ Մագդա Հովհաննեսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի պետ Աշոտ Վարդևանյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղանտեսության կազմակերպության թիմի ղեկավար/գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վահան Ամիրխանյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոն տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, «Ազգային ջրային համագործակցություն» էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանն ու «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ կլիմայի փոփոխության ներքո խաչվում են պարենային անվտանգության, գյուղատնտեսության խոցելիության և առողջապահության խնդիրները: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք այն մարտահրավերները, որոնք այսօր կան և կարող են էլ ավելի խորանալ կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ճանաչել և ճիշտ մարտավարություն գտնել դրանց լուծման և ռիսկերի նվազեցման համար: Կլիմայի փոփոխության ներքո գյուղատնտեսությունն ամենախոցելի ոլորտն է, և այն, ինչ արվում է գյուղատնտեսության ոլորտում՝ կանաչ գյուղատնտեսություն, սուբվենցիոն ու  սուբսիդավորման ծրագրեր, ինչպես նաև ապահովագրության համակարգ, այս  ամենը հարմարվողականության լուրջ գործիքներ են: Մենք ունենք սննդի անվտանգության հարց, որի մեջ կան տարբեր ասպեկտներ՝ թունաքիմիկատներ, կլիմայի փոփոխության ազդեցության խնդիրը: Պետք է հասկանալ նաև այն մարտահրավերները, որոնք կան կենդանիների հիվանդությունների տարածման հետ կապված»,- ասաց Դիանա Հարությունյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետի տեղակալ Մագդա Հովհաննեսյանը նշեց, որ բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ «Մեր կառավարության ծրագրերում երեք առաջնահերթություններից առաջինը և կարևորագույնը գյուղատնտեսությունն է», - ընդգծեց նա։

Ըստ բանախոսի՝ Հայաստանի ազգաբնակչությանը պարենով ապահովող և երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերը հանդիսացող գյուղատնտեսությունն ու ագրովերամշակող արդյունաբերությունը երկրի համախառն ներքին արդյունքում վերջին հինգ տարիների ընթացքում միջինում կազմել են համապատասխանաբար՝ մոտ 13% և 11%:

Մագդա Հովհաննեսյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական կոմիտեի 2020թ. տվյալները՝ Հայաստանում գյուղատնտեսության և ագրովերամշակող արդյունաբերության համախառն արտադրանքի վերաբերյալ: Ըստ այդմ, հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020թ. կազմել է 819,3 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը կազմել է 47%, անասնաբուծությունը՝ 53%: Ագրովերամշակող արդյունաբերության համախառն արտադրանքը 2020թ. կազմել է 700 միլիարդ դրամ, ընդ որում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքում կազմել է 41.1%, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 61.4%: 

Անդրադարձ կատարելով արտահանման տվյալներին՝ բանախոսը նշեց, որ ագրոպարենային ապրանքների արտահանման և ներմուծման աճ է գրանցվել: «2019թ. ագրոպարենային ապրանքներին բաժին է ընկել երկրի ընդհանուր արտահանման շուրջ 30%-ը, ներմուծման՝ 15,7%-ը: Արտահանումը 2019թ. կազմել է 796,4 միլիոն ԱՄՆ դոլար, աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է շուրջ 12,5%: Աճի միտում կա նաև ներմուծման մեջ։ 2019թ. ներմուծումը կազմել է 866,6 միլիոն ԱՄՆ դոլար, աճը՝ նախորդ տարվա համեմատ կազմել է 7,1%»,- նշեց նա։

Մագդա Հովհաննեսյանն անդրադարձավ նաև 2019թ. ՀՀ ինքնաբավության մակարդակին։ Ըստ այդմ, գոյություն ունի ինքնաբավության երեք մակարդակ՝ բարձր, միջին և ցածր։ «Բարձր մակարդակ են ապահովում պտուղ-հատապտուղը՝ 104%, բանջարեղենը՝ 102%, կարտոֆիլը՝ 101,1%։ Միջին ինքնաբավության մակարդակ ունի տավարի միսը՝ 90,4%, գարին՝ 70,3%, խոզի միսը՝ 55,5%: Սակայն կան կարևորագույն ապրանքներ, որոնք ունեն ինքնաբավության ցածր մակարդակ։ Հատիկաընդեղեն մշակաբույսերը՝ 32,8%, ցորենը՝ 25,9%, բուսական յուղը՝ 1,5%, կարագը՝ 26,5%, թռչնի միսը՝ 21,7% է, որոնց պարենապահովումը հիմնականում տեղի է ունենում ներմուծման հաշվին»,- նշեց նա։

Ըստ Մագդա Հովհաննեսյանի՝ միջազգային պրակտիկայում ընդունված է երկրների պարենային անվտանգության մակարդակը բնորոշել ըստ պարենային անվտանգության գլոբալ ինդեքսի, որը հրապարակվում է «The economist» ամսագրում: Դիտարկվող և հրապարակվող 113 երկրների շարքում Հայաստանի համար պարենային անվտանգության գլոբալ ինդեքս հաշվարկված և ներառված չէ:  Ինդեքսի ցուցանիշը որոշվում է համաձայն երեք բաղադրիչի՝ պարենի հասանելիության, մատչելիության, որակի և անվտանգության: Նախարարությունը դիմել է կազմակերպիչներին մեթոդաբանությունը ստանալու և Հայաստանի համար նույնանման հաշվարկ իրականացնելու համար, սակայն արձագանք չէին ստացել: «Մեզ համար դա շատ կարևոր էր։ Օգտվեցինք կայքում հասանելի մեթոդաբանությունից և 2018-2019թթ. համար փորձեցինք հաշվել Հայաստանի ցուցանիշն՝ ըստ այդ երեք բաղադրիչների: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ մի քանի ցուցանիշներ փոփոխության էին ենթարկվել, և դա ի օգուտ մեզ էր, որովհետև մեր դիրքը բավական բարելավվեց: Եթե նախկինում գտնվում էինք 76-րդ տեղում (խմբ.՝ ընդհանուր 113 երկրի թվում), ապա հիմա 48-րդ տեղում ենք՝ 67,7 միավորով»,- նշեց նա

Մագդա Հովհաննեսյանը նշեց, որ թեև 2020թ. իր բացասական ազդեցությունն ունեցավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, սակայն գյուղատնտեսության ոլորտում 1,4% աճ է գրանցվել: «Եթե առանձին ապրանքատեսակների, հատկապես ալկոհոլային խմիչքների մասով 2020 թվականին արձանագրվել է իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալների նվազում, ապա թարմ պտուղբանջարեղենի և դրա վերամշակման արտադրանքի մասով արձանագրվել է արտահանման ծավալների զգալի աճ»,- ասաց նա:  

Ըստ բանախոսի՝ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանում ֆերմերային տնտեսությունները ունեն փոքր չափսեր և միջին հողատարածքի մշակումը կազմում է 1,4 հա: «Սա մեծ դժվարություններ է առաջացնում արտադրանքի իրացման, այդ թվում՝ արտահանման հարցում՝ լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակության առումով: Ինչպես նաև՝ արտահանման գործընկերներ գտնելու պատճառով մեր ֆերմերային տնտեսությունները բավական խնդիրներ ունեն»,- նշեց նա:

Անդրադառնալով պարենի անվտանգությանն ուղղված պետական քաղաքականությանը՝ Մագդա Հովհաննեսյանը նշեց, որ ագրոպարենային արտադրանքի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինումը, դրանց տեղական արտադրության խրախուսումն ու օժանդակումը ՀՀ կառավարության առաջնային ռազմավարական խնդիրներից են։ «Գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը ներկայումս առաջնորդվում է 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ և դրա կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրով և ժամանակացույցով, ինչպես նաև ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ռազմավարությունն ապահովող գործողությունների ծրագրով, որոնցից բխող միջոցառումների ծրագրերը նպատակաուղղված են գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը և բարելավմանը: Հաշվի առնելով, որ 2021 թվականին ավարտվում է հայեցակարգի ժամկետը՝ նախարարությունը ձեռնամուխ է եղել նոր ծրագրի մշակման աշխատանքներին,որի միջոցառումներն ուղղված կլինեն մեր պարենային անվտանգության ավելի լավ ապահովմանը, հնարավորություն կընձեռվի վեր հանել առկա բոլոր հիմնախնդիրները և լուծել դրանք, քաղաքականությունն այնպես տանել, որ այդ խնդիրներն ավելի քիչ լինեն: Բացի այս հիմնական ռազմավարություններից և դրանցից բխող միջոցառումներից, նախարարության կողմից իրականացվում են նաև անասնապահության ոլորտի, ջերմոցային տնտեսությունների զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսության ոլորտի և հումքի մթերումների նպատակով սուբսիդավորվող վարկերի, գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման, ապահովագրության և այլ պետական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված են պարենային անվտանգության ապահովմանը»,- նշեց նա: 

Ըստ Մագդա Հովհաննեսյանի՝ մեծ խնդիր է նաև այն, որ ներկայումս Հայաստանում մշակվում է հողատարածքների մոտ 49,8 %-ը, իսկ 50,2%-ը՝ անմշակ է մնում։ Խնդրի կարգավորման նպատակով և այդ վարելահողերը շրջանառության մեջ դնելու ու գյուղատնտեսական ցանքատարածությունների ծավալները ավելացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ընդունվել է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը: «Այն նաև ունի ենթաօրենսդրական այլ ակտեր, որոնք հիմա մշակման փուլում են գտնվում: Հնարավորություն կընձեռվի այդ վարելահողերը խոշորացնել, օգտագործել և պարենային անվտանգության խնդիրը հիմնովին լուծել: Պետք է հաշվի առնենք այն, որ շատ հողեր անմշակ են և տարիներ շարունակ չեն օգտագործվում: Այս պարագայում եթե երեք տարի չեն մշակվի, առաջարկվում է պետության կողմից վերցնել վարձակալության և մշակել»,- նշեց նա 

«ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հետաքրքվեց, թե արդոք քաղաքականություն մշակելիս հաշվի են առնվում կլիմայի փոփոխության ազդեցությունն ու հետևանքները: Ի պատասխան, Մագդա Հովհաննեսյանը նշեց, որ իրենց ընթացիկ գործունեության մեջ առկա է և ռազմավարական գործողությունների մեջ ներառվում է այդ գործոնը: «Մենք ուղղվածություն պետք է տանք: Եթե այսօր Արարատյան դաշտում մշակում ենք որևիցե առաջնային արտադրանքը, ապա հետագայում կլիմայի փոփոխության արդյունքում պետք է առաջարկվի ֆերմերիներին, որ իրենք այդ տեսակի մշակումից անցնեն մեկ այլ տեսակի մշակմանը»,- ասաց նա:

«ԷկոԼուրի» փորձագետ Ռոզա Ջուլհակյանն ասաց, որ երկրի բանակին մատակարարվող հացի ու ցորենի մի մասը մշակվում էր ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: «Հաշվարկվե՞լ է, թե որքան մասն էր դա կազմում, և ի՞նչ քայլեր են մշակվել կամ պետք է մշակեն խախտված հաշվեկշիռը պահպանելու համար»,- հարցրեց նա: Մագդա Հովհաննեսյանը նշեց, որ դա ներառված է եղել հաշվեկշռում, և ներկայումս քայլեր են ձեռնարկվում պաշարների վերականգնման ուղղությամբ: Մասնավորապես,  նախարարության ծրագրերն ուղղված են թե՛ աշնանացան, և թե՛ գարնանացան ցորենի արտադրության սուբսիդավորմանը: «Աշնանացան ցորենի ծրագիրը 2020թ. ենք սկսել, որը  նախատեսվում է, որ կիրականացվի 2021թ. աշնանը, իսկ հիմա ընթացքի մեջ է գարնանացան ցորենի ծրագիրը»,- ասաց նա

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն առաջարկեց քննարկման մասնակիցներին պարենային անվտանգության խնդրի կարգավորման կոնկրետ առաջնահերթություններ առաջարկել։ Մագդա Հովհաննեսյանը նշեց, որ նախարարությունը այս կամ այն խնդրի կանխարգելմանն ուղղված ծրագրեր է իրականացնում։ Եվ որպես առաջնահերթություն առաջարկեց հողերի խոշորացումը։ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ առաջնահերթությունը ոռոգման ջրի ապահովվածությանն լուծումն է։ «Առանց ոռոգման ջրի անհնար է պարենային ապահովվածության հասնելը»,- նշեց նա։ Դիանա Հարությունյանն ասաց, որ ամենամեծ առաջնահերթությունը պետք է լինի տնտեսական մեխանիզմների՝ հող օգտագործելու և չօգտագործելու հետ կապված հարկման տարատեսակեցմանը: «Որպեսզի հողը չօգտագործողը շահագրգռված չլինի այդ հողը պահել, որովհետև եթե գյուղատնտեսական հողը չի մշակվում,  այն դեգրադացվում է: Այդ մեխանիզմները կարող են նպաստել նաև հողերի խոշորացմանը։ Լինելով սուղ հողային ռեսուրսներով երկիր՝ 52% հողերը չօգտագործելը ոճրագործություն է: Խթանող և պատժիչ գործիքներ պետք է կիրառել»,- ասաց նա։



Ապրիլ 22, 2021 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր