

Ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», որի հիմնական նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է:
2015թ-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ, INDC)» փաստաթուղթը, որը նույն թվականին ներկայացվեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն։ 2017թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի ԱՍՆԳ-ն դարձավ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) 2015-2050թթ. ժամանակահատվածի համար։ Հայաստանի ԱՍԳ-ի վերանայումը պայմանավորված է տեղեկատվության թարմացման Կլիմայի փոփոխության 4-րդ Ազգային հաղորդագրության և Երկամյա առաջընթացի հաշվետվության, ինչպես նաև ջերմոցային գազերի վերջին հասանելի ազգային գույքագրման արդյունքների արտացոլման անհրաժեշտությամբ:
ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. է:
Հաստատված ԱՍԳ-ում՝
1) Սահմանվել է, որ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ կնվազեցվեն 40 տոկոսով: Նշենք, որ ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. կազմել են 25,855 Գգ CO2 համ.:
2) ՀՀ առաջին ԱՍԳ 35-ամյա ժամանակաշրջանը կրճատել մինչև 10 տարի՝ 2015-2050թթ. փոխարեն դիտարկելով 2021-2030թթ., ներդաշնակեցնելով ժամկետները մեծամասնություն կազմող երկրների ԱՍԳ ժամկետների հետ:
3) Հայաստանը պահպանում է մինչև 2050թ. մեղմման իր նպատակը՝ ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները նվազեցնել առավելագույնը 2.07 տ CO2 համ. մեկ շնչի հաշվով, որը կարտահայտվի իր երկարաժամկետ, ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունում։
4) Մինչև 2030 թվականը Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի արտադրության մեջ ընթացիկ դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելու իր ճանապարհին:
5) Կարևորվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար:
ԱՍԳ-ի մեղմման գործողություններում ընդգրկված ոլորտներն են.
ա. Էներգետիկա (ներառյալ էներգիայի արտադրություն և սպառում)
բ. Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում (հանքային արդյունաբերություն և F-գազեր)
գ. Գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի և անուղղակի N2O արտանետումներ կառավարվող հողերից)
դ. Թափոններ (կոշտ թափոնների կառավարում, կեղտաջրեր)
ե. Անտառային տնտեսություն (անտառապատում, անտառների պահպանություն) և այլ հողօգտագործում: Ընդգկելու է ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը: Անտառի նոր ազգային ծրագրի ընդունմամբ նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030թ.:
Ապրիլ 22, 2021 at 17:55