«Այս զեկույցը մարդկային տառապանքի ատլաս է, և ամեն վայրկյանը հաշված է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ կլիմայի փոփոխության մասին

«Այս զեկույցը մարդկային տառապանքի ատլաս է, և ամեն վայրկյանը հաշված է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ կլիմայի փոփոխության մասին

«Այս զեկույցը մարդկային տառապանքի ատլաս է, և ամեն վայրկյանը հաշված է», - այսպես է որակել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի (IPCC) նոր զեկույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 

«Կլիմայի փոփոխությունը 2022 թ-ին. հետևանքներ, հարմարվողականություն և խոցելիություն» զեկույցը պատրաստվել է 67 երկրների 270 առաջատար գիտնականների կողմից։  Զեկույցի հեղինակները նշում են, որ մարդկային կործանարար գործունեության հետևանքով առաջացած կլիմայի փոփոխությունը հանգեցնում է բնության ոչնչացմանը և բարդացնում է միլիարդավոր մարդկանց կյանքը:

«Առաջիկա երկու տասնամյակի ընթացքում աշխարհն անխուսափելիորեն կբախվի կլիմայական բազմաթիվ ռիսկերի հետ: Գլոբալ ջերմաստիճանի նույնիսկ ժամանակավոր բարձրացումը 1,5°C-ով կունենա լուրջ հետևանքներ, որոնցից շատերն անդառնալի կլինեն։ Ծայրահեղ շոգը, երաշտը և ջրհեղեղներն արդեն սպառնում են բազմաթիվ բույսերի և կենդանատեսակների գոյատևմանը, ինչպես նաև առաջացնում են ծառերի և կորալների համատարած կորուստ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ բախվում են ջրի և սննդի խիստ դեֆիցիտի հետ: Մարդկային կյանքերի,  կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ են լայնածավալ արտակարգ գործողություններ, կլիմայի գլոբալ փոփոխությունը կարելի է կանխել միայն ածխաթթու գազի աղտոտման լայնածավալ կրճատմամբ», - նշված է զեկույցում:

IPCC-ի զեկույցում խոսվում է բնության ունակության մասին՝ ոչ միայն նվազեցնելու կլիմայական ռիսկերը, այլև բարելավելու մարդկանց կյանքը։ «Առողջ էկոհամակարգերն ավելի դիմացկուն են կլիմայի փոփոխության նկատմամբ, նրանք մեզ ապահովում են սնունդով և մաքուր ջրով: Վերականգնելով դեգրադացված էկոհամակարգերը՝ մենք կարող ենք օգտվել բնության կարողությունից՝ կլանելու և կուտակելու ածխածինը: Դեռևս հնարավոր է արագացնել առաջընթացը դեպի կայուն զարգացում, սակայն դա պահանջում է կայուն ֆինանսավորում և քաղաքական համերաշխություն», - ասել է IPCC աշխատանքային խմբի համանախագահ Հանս-Օտտո Պյորթները։

«Այսօրվա մեր գործողությունները կորոշեն՝ կկարողանան արդյոք մարդկությունն ու բնությունը հարմարվել այդ գործընթացներին», - նշել է IPCC-ի նախագահ Հոսոն Լին:

Մարտ 04, 2022 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր