2021թ. դեկտեմբերի 21-ին կայացած աշխատաժողովում շահագրգիռ կողմերի հետ քննարկվեց «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը: Այն մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանում էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ցածր արտանետումների ռազմավարության մշակմանը։ Աշխատաժողվին մասնակցում էր Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՄԱԶԾ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և այլ դոնոր կազմակերպությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Գազպրոմ Արմենիայի», էներգետիկ ոլորտի և քաղաքացիական հասարակության շուրջ 70 ներկայացուցիչ:
Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրությունը հիմք կծառայի 2022թ․ էներգետիկ ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ հարմարվողականության պլանի և գործողությունների ծրագրի մշակման համար: Ոլորտային հարմարվողականության պլանի մշակումը ներառված է 2021թ. մայիսին ընդունված ՀՀ կառավարության՝ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը» թիվ 749-Լ որոշման մեջ:
«Համաձայն «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված Հայաստանի թարմացված 2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների՝ մեղմման նոր նպատակ է սահմանվել մինչև 2030 թ․ հասնելու ջերմոցային գազերի արտանետումների 40%-ի կրճատման, որի իրականացման համար ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարելավելով կլիմայական քաղաքականությունները և ներդաշնակեցնելով տեղական օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին: Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները, որոնք նաև համապատասխանում են ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, աջակցում են Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման նպատակին»,- իր ելույթում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին։
Նշենք, որ Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների 68%-ը բաժին է ընկնում էներգետ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրացրեց արևային էներգետիկայի ոլորտում և «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագծում նորմատիվային բազայի բացը: «Ամեն մի ռազմավարություն, ծրագիր կամ պլան պետք է ունենա նորմատիվային բազա: Ոլորտի զարգացումը պետք է ներառի պահանջներ ու նորմեր: Եթե այդ նորմատիվային բազան կա, լավ կլինի, որ այն ներկայացված լինի ծրագրի մեջ»,- ընդգծեց նա:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ արևային կայաններ կառուցելու՝ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացին ներկայացված հայտերում թափոնների ռիսկերի կամ ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միայն գրված է, թե այդ ամենը կկարգավորվի, երբ կլինի համապատասխան օրենսդրական բազա: «Շատ շտապ պետք է ներկայացնել, գոնե ռազմավարության մեջ նշել ինչ-որ ժամկետ, երբ պետք է լինի նորմատիվային բազան: Մյուս կողմից տեսնում ենք, որ Կառավարությունը մեծ հզորության արևային կայաններին, օրինակ «Այգ-1»-ին՝ նվիրում է հողատարածք: Ուզում եմ դրա վրա ուշադրություն դարձնենք և լրացնենք այդ բացը», - ասաց նա:
Ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն արձագանքեց. «Շնորհակալություն, հաշվի կառնենք: Բայց նշեմ, որ «Այգ-1»-ն այն համայնքներում, որտեղ պետք է կառուցվի՝ միայն համայնքային զարգացման համար 320 միլիոն դրամ է տրամադրելու: Ձեր դիտողությունն ընդունելի է, մենք էլ ենք մտածում»:
Ինգա Զարաֆյանն էլ նշեց. «Բիզնեսը ստանձնում է ինչ-որ պարտավորություն համայնքի հանդեպ, ինչ-որ ծավալով, բայց այդ գումարը 2-3 անգամ փոքր է, քան այն գումարը, որ պետք է վճարեր ընկերությունը հողի համար՝ կադաստրային արժեքով վճարելու դեպքում»:
Հիշեցնենք, որ մինչև 2040թ. ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը թիրախավորել է վերականգնվող էներգիայի, մասնավորապես արևային էներգիայի հզորությունների շեշտակի ընդլայնում՝ դրա մասնաբաժինը հասցնելով 15%-ի:
Հաջորդիվ կներկայացնենք էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ազդեցության ռիսկերը և կանխատեսումները:
Դեկտեմբեր 28, 2021 at 15:57