«Միջազգային էներգետիկ կորպորացիան» Սևանա լճից բաց թողնված լրացուցիչ ջրով էլեկտրաէներգիայի արտադրման համար փոխհատուցում է ուզել

«Միջազգային էներգետիկ կորպորացիան» Սևանա լճից բաց թողնված լրացուցիչ ջրով էլեկտրաէներգիայի արտադրման համար փոխհատուցում է ուզել

Փետրվարի 17-ին գործադիրի որոշմամբ սահմանվեց Սևանա լճից 2021թ-ին իրականացված հավելյալ ջրառի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը:

Հիշեցնենք, որ 2021թ-ին Սևանա լճից իրականացվել է 227.651 միլիոն խմ-ի ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: 

Հավելյալ ջրառի արդյունքում առաջացող լրացուցիչ գումարները փոխանցվելու են ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում բացված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի անվամբ արտաբյուջետային հաշվին: Այդ գումարներով նախատեսվում է արդիականացնել ոռոգման համակարգերը: Գումարները տրամադրվելու են մինչև 2022 թվականի հաշվետու ֆինանսական տարվա ավարտը՝ ՀՀ կառավարության որոշումներով:

Սահմանված կարգի  նախագծի նկատմամբ իր դժգոհությունն է հայտնել Սևան-Հրազդան հիդրոհամալիրը շահագործող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն: Ընկերությունը նշել է. «Ըստ էության, ներկայացրած կարգով ոչ միայն չի նախատեսվում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության արդյունքում առաջացող հնարավոր լրացուցիչ ծախսերի (ընթացիկ նորոգումներ, նյութական ծախսեր և այլն) որևէ փոխհատուցում, ինչը շատ ավելի արդար մոտեցում կլիներ, այլ ընդհակառակը՝ լրացուցիչ գումարի շահութահարկի չափով ուղղակի նոր վնաս է գեներացնում ընկերությունում:

Ստացվում է, որ Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը Ընկերության համար կրկնակի վնասաբեր է՝ մի կողմից դրա արդյունքում առաջացող հնարավոր լրացուցիչ ծախսերի չփոխհատուցման, իսկ մյուս կողմից չստացված շահույթի համար շահութահարկի վճարման հետևանքով:

Միաժամանակ, տվյալ հարցի քննարկման շրջանակներում ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա, այսպես, Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խմ գերազանցող ծավալի ջրի բաց թողնման անհրաժեշտությունը սովորաբար առաջանում է սակավաջուր տարիներին, երբ Ընկերության կողմից կողային ջրերի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունները ևս կրճատվում են, և ռիսկային է դառնում սակագնով նախատեսված ծավալի չափով էլեկտրաէներգիայի արտադրությունը: Արդյունքում կարող է ստացվել, որ այդպիսի տարիներին Ընկերությունը Լրացուցիչ գումարի վերադարձից հետո չկարողանա ապահովել սակագնով նախատեսված հասույթը, ինչպես օրինակ եղել է 2017 և 2018 թվականներին: Այս առումով կարծում ենք, որ Կարգի մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այս հանգամանքը ևս:

Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ հարցի գինը Ընկերության համար 2022 թվականից սկսած կտրուկ՝ 4-5 անգամ բարձրանալու է՝ շուկայի ազատականացմամբ պայմանավորված միադրույք սակագնային կարգավորման անցնելու հանգամանքով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ առաջարկվող կարգավորումներով Կարգի ընդունման և կիրառման պարագայում Ընկերությունը ստիպված է լինելու չստացված շահույթի համար վճարված շահութահարկի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման նպատակով այն ներառել հաջորդ տարվա սակագնի վերանայման հայտում: Ընկերության հաշվարկներով 2021 թվականի համար այդ վնասը կարող է կազմել 46.7 մլն ՀՀ դրամ: Իսկ հետագայում, նման իրավիճակներից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, ոռոգման նպատակով Սևանա լճից 170 մլն խմ գերազանցող ծավալի ջրի բաց թողնման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ընկերությունը ստիպված է լինելու առաջարկել ՀՀ կառավարությանը քննարկել այդ լրացուցիչ ջուրը Ընկերության ենթակառուցվածքներով առանց էլեկտրաէներգիայի լրացուցիչ արտադրության անցկացնելու հնարավորությունը»: Որոշման նախագծի հեղինակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն շահութահարկի մասով ընկերության դիտարկումն ընդունել է, մնացած մասով՝ ոչ՝ հիմնավորելով. «Ընկերության կողմից բարձրացված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման հարցը կարող է քննարկման առարկա հանդիսանալ Ընկերության կողմից բացթողված լրացուցիչ ջրի հետ կապված ծախսերի առանձնացված հաշվառում իրականացնելու դեպքում»»:

Մարտ 02, 2022 at 11:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր